Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային լրատվամիջոցները՝ Վատիկանում Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի բացման մասին

10:45, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Միջազգային լրատվամիջոցները՝ Վատիկանում Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի բացման մասին

Միջազգային հայտնի լրատվամիջոցներն անդրադարձել են Վատիկանում «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, Վատիկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին, ինչպես նաև Վատիկանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին:

Մասնավորապես, Heraldmalaysia-ն գրում է Վատիկանի և Հայաստանի միջև լավ հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ Վատիկանի պարտեզներում բացվեց 2015թ. «Եկեղեցու վարդապետ» հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Պարբերականը գրում է նաև արձանի նշանակության մասին. այն Արևելքի և Արևմուտքի, էկումենիզմի խորհրդանիշ է:

National Catholic Reporter-ը` վկայակոչելով Vatican News-ը, հայտնում է Սրբի արձանի բացման մասին՝ նշելով, որ արարողությունից առաջ ՀՀ նախագահը Հռոմի պապ Ֆրանցիկոսին է փոխանցել 7-րդ դարում կառուցված Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սարգսյանին հանձնել է խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակը:

Կաթոլիկ եկեղեցու մասին նորություններ հաղորդող Cruxnow կայքը ևս անդրադարձել է. «Վատիկանի պարտեզներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օծեց Եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը»,- ասվում է կայքում տեղակայված հոդվածում: Բացի այդ, կայքը նշում է, որ ավելի վաղ Սարգսյանն ու Հռոմի պապը մոտ 25 րոպե զրուցել են՝ քննարկելով տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, «տեղական» հակամարտություններն ու «պատերազմական թատերաբեմում» քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների վիճակը:

Zenit News լրատվական գործակալությունը հիշեցնում է 2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի մասին: «Մայրաքաղաք Երևան վայրէջք կատարելուց ժամեր անց նա նախագահական պալատում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի կոտորածը «Ցեղասպանություն» կոչեց՝ նշելով, որ դա «անցյալ դարի անմարդկային աղետ» էր»,- գրում է գործակալությունը:

6955 | 0
Facebook