ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտնել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից Հերբերթ Մքմասթերին ազատելու մասին, հաղորդում է time.com-ը:
Նոր խորհրդական է նշանակվել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը:
«Ես շնորհակալ եմ Հերբերթ Մքմասթերին իր ծառայության համար, նա բացառիկ աշխատանք կատարեց և ընդմիշտ կմնա իմ ընկերը»,- գրել է Թրամփը:
Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը խոսել է ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի նշանակման մասին.
«Ուրախ եմ հայտնել, որ Ջոն Բոլթոնը կդառնա ազգային անվտանգության հարցերով իմ նոր խորհրդականը»:
Նա նաև հայտնել է, որ Բոլթոնն այդ պաշտոնին պաշտոնապես կնշանակվի ապրիլի 9-ին: