Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում «Սկրիպալի գործով» ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան երկրից կարտաքսի 23 ռուս դիվանագետի, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով բրիտանական խորհրդարանի կայքին, որտեղ հեռարձակվում է Թերեզա Մեյի ելույթը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ռուս դիվանագետները պետք է լքեն երկիրը մեկ շաբաթվա ընթացքում: Նա ընդգծել է, որ Լոնդոնն անհապաղ միջոցներ կձեռնարկի լրտեսական ցանցի տարածումը կանխելու համար և կդադարեցնի Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումները:
«Ռուսաստանը պատասխանատու է այդ նողկալի քայլի համար: Մենք Ռուսաստանին ժամանակ տվեցինք բացատրություն ապահովելու համար, դրա փոխարեն նրանք արձագանքեցին ծաղրանքով և հերքեցին մեղադրանքները: Որևէ կասկած չկա, որ ռուսական կառավարությունը մեղավոր է պարոն Սկրիպալի և նրա դստեր վրա մահափորձի համար»,- իր ելույթի ժամանակ ասել է Թերեզա Մեյը:
«Նրանք, ովքեր ցանկանում են վնաս հասցնել մեզ, իմ ուղերձը պարզ է. «Ուրախ չենք ձեզ այստեղ տեսնել»: Բացի այդ, բրիտանացի որևէ նախարար կամ թագավորական ընտանիքի որևէ անդամ չի մասնակցի 2018թ. Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը»,- հավելել է նա:
Մեծ Բրիտանիան հայտնել էր նաև այդ գործով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու մասին: