ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest ամերիկյան պարբերականում «Կարհամարհի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով հոդված է հրապարակել:
Էվանսը կարծիք է հայտնել, որ այս անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգթոն համապատասաախան ուշադրության չի արժանանա ամերիկյան իշխանությունների կողմից:
«Վաշինգթոնը չի ճանաչում Արցախը, փաստացի որևէ երկիր դա չի անում: Սակայն ԼՂՀ նախկին նախագահը, ով ԱՄՆ այցելեց 1999 և 2002թթ., հանդիպեց Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ: Վաշիգնթոնում ևս կա Լեռնային Ղարաբաղի բնակիչների պաշտոնական ներկայացուցիչ: Այցի շրջանակներում Սահակյանին կընդունեն միայն Կապիտոլիումում»,- գրում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է բարելավեն հարաբերություններն Արցախի հետ, որը ձգտում է ժողովրդավարության:
«Ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ներառվի համաշխարհային հանրության մեջ»,- նշում է Էվանսը՝ հաստատելով միջազգային մակարդակով երկրորդ հայկական հանրապետության ճանաչման կարևորությունը:
Իր հոդվածում ամերիկացի դիվանագետը նաև գրում է, որ Արցախը պայքար է մղում իր անկախության համար՝ ռազմական ուժի սպառնալիքի ներքո:
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը 2016թ. Արցախ կատարած այցի համար ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: