«Պարտավոր ենք կանխել իշխանության վերարտադրման գործընթացը, հակառակ դեպքում, կունենանք նույն խոստումները, ստի շարանները, թալանը, որ հիմա կա: Խնդիրների լուծման միակ ճանապարհն այն է, որ հրապարակը լեփ-լեցուն լինի: Ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու, դա վարչապետի թեկնածություն առաջադրելու ժամանակահատվածն է: Ժողովուրդը պետք է ապրիլի 9-ից դուրս գա հրապարակ ու պարտադրի իր կառավարությանն ու վարչապետին: 7 օր ազգովի կանգնում ենք ու ազատվում ենք այս ազգադավ համակարգից»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաիք ժամանակ հայտարարեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ավելի վաղ ելույթ էր ունեցել նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նա հայտարարել էր, որ շարժման նպատակն արմատական որոշումներ կայացնելն է ու որպես առաջնային խնդիր՝ սահմանադրական կարգի «բռնաբարության» կանխումը: