Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Amazon-ն ընդլայնում է Google-ի հետ պատերազմը

19:00, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
Amazon-ն ընդլայնում է Google-ի հետ պատերազմը

Amazon-ը որոշել է այլևս չվաճառել Google-ի՝ «Nest խելացի տուն» նորագույն սարքերը: Այժմ կայքը վաճառում է Nest դասի սարքերի սահմանափակ քանակ, բայց պահեստում առկա բոլոր սարքերի վաճառքից հետո դրանք կայքից կանհետանան, գրում է Business Insider-ը:

Amazon-ի այս քայլը Google-ի հետ պատերազմի «կրակին յուղ է ավելացնում»՝ խելացի տների ապագայի հետ կապված: Այս երկուսը նաև կռվում են վիդեո սարքավորումների ու ծառայությունների ոլորտում: «Դա տհաճ հեռախոսազանգ էր, սակայն Nest-ի թիմը սպասում էր դրան: Անցած տարեվերջին, շաբաթների լռությունից հետո, Amazon-ի վաճառքի թիմը խմբակային զանգի միջոցով Nest-ի աշխատակիցներին տեղեկացրեց, որ կայքն այլևս չի վաճառի Nest-ի նոր թողարկված ապրանքները» - հայտնում է հեռախոսազանգի մասնակիցներից մեկը: Վերոնշյալ սարքավորումներն են՝ Nest-ի նորագույն թերմոսթաթը, Nest Secure տան անվտանգության համակարգը և այլն:

Աղբյուրը հայտնում է, որ զանգի ընթացքում Amazon-ը Nest-ին հայտնել է, որ հրամանը «վերևից» են ստացել, և որ այդ որոշումը բացարձակ կապ չունի Nest-ի սարքերի որակի հետ, որոնք կայքում գերազանց վարկանիշ են վայելում:

Nest-ի աշխատակիցներն այդ զանգից այնպիսի տպավորություն են ստացել, որ հրամանը տվել է անձամբ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը՝ չնայած ընկերության վաճառքի թիմն այդ մասին բացահայտորեն չի ասել: Amazon-ի որոշման արդյունքում Nest-ը որոշել է ընդհանրապես դադարեցնել իր ապրանքների վաճառքը կայքում՝ առկա ապրանքների սպառումից անմիջապես հետո, հայտնում է զանգին մասնակից աղբյուրը: Բաց թողնելով խելացի հեռաոսների շարքը և մեծ հաջողություն չգրանցելով Fire շարքի թաբլեթների հարցում՝ Amazon-ը մեծ հույսեր ունի Alexa շարքի հետ՝ որպես համակարգչային նոր պլատֆորմ:

Alexa-ն ոչ միայն Amazon-ի Արհեստական Բանականության օգնականն է, այլև խելացի տան սարքերի՝ ներառյալ լույսի, դռան փականների ու բարձրախոսների կառավարման հարթակը: Վերջերս կազմակերպությունն ավելի ագրեսիվ է հակառակորդների հետ, հատկապես՝ Nest-ի տիրոջ՝ Google-ի հետ:

Փետրվարին Amazon-ը հայտարարել էր նաև, որ պատրաստվում է գնել Ring՝ տեսախցիկով դռան զանգեր արտադրող ընկերությունը, ինչպես նաև տնային անվտանգության հետ կապված այլ սարքեր: Գործարքը կարժենա մոտ 1 միլիարդ դոլար:

Անգամ այդ բախտորոշ զանգից առաջ Nest-ը սպասում էր նմանատիպ քայլի:

Պարզվում է՝ Amazon-ը չի դադարեցնի այլ կազմակերպությունների խելացի տան սարքավորումների վաճառքը, այլ միայն Nest-ինը: Օրինակ Lighthouse՝ նույնանուն կազմակերպության կողմից ստեղծված, արհեստական բանականությամբ աշխատող տեսախցիկը հասանելի է կայքում:

Amazon-ի պատերազմը Google-ի հետ

Nest–ի դեմ Amazon-ի այս քայլի համար հիմք հանդիսացան տոների ընթացքում Alexa-ի և նրա սարքավորման մասի՝ Echo-ի գրանցած հաջողությունը, ինչն ուժեղացրեց ընկերության ձգտումները՝ կապված խելացի տան սարքերի հետ: Անցած ամիս Ring-ի ձեռքբերումը Amazon-ին հնարավորություն տվեց այն ընդգրկել Alexa-ի մեջ՝ մեծացնելով Google-ի հետ մրցելու ներուժը: Nest-ը գտնվում է Google-ի այլ տեխնիկական սարքերի ստորաբաժանման մեջ, ինչը ստեղծում է առավել արդյունավետ միջավայր Amazon-ի հետ մրցելու համար: Alexa դասի Echo սարքերի շնորհիվ Amazon-ն առաջ անցավ՝ ստեղծելով ձայնակառավարմամբ համակարգ: Բայց Google-ը հետ չի մնում: Google Assistant-ը՝ Amazon Alexa-ի հակառակորդը, մեծ տեմպով ձգում է սպառողին:

Խաղադրույքը մեծ է. թե՛ Amazon-ը, և թե՛ Google-ն ստեղծում են նոր՝ ձայնակառավարվող համակարգ, որը կարող է ձեր կյանքում ամեն բան կառավարել՝ տան լույսերից ու ավտոտնակի դռնից սկսած մինչ լսած երաժշտությունն ու դիտած հոլովակը:

Այդուհանդերձ, Amazon-ի ու Google-ի պայքարը չի ավարտվում միայն խելացի տան շրջանակներում:

7366 | 0
Facebook