Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երեկ Վերին Արտաշատի տներից մեկի բակից, անտանելի պայմաններում պահվող արջ էինք ազատում». Վահագն Թևոսյան

11:15, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
«Երեկ Վերին Արտաշատի տներից մեկի բակից, անտանելի պայմաններում պահվող արջ էինք ազատում». Վահագն Թևոսյան

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վերին Արտաշատ համայնքում երեկ ազատել են գերության մեջ գտնվող արջի:

«Երեկ Վերին Արտաշատի տներից մեկի բակից, անտանելի պայմաններում պահվող արջ էինք ազատում: Տերերը ոչ մի կերպ չէին կարողանում հիմնավորել, թե ինչներին ա պետք էդ խեղճ կենդանին, բայց մեկ ա՝ դիմադրում էին:

Ամենուր ա տենց, էդ անհասկանալի ընկերությունը ստրկատիրոջ ու ստրուկի միջև ներկայացվում ա որպես կենդանասիրություն, ու վայրի բնության հետ հաղորդակցման որակի բուն էությունն ու նշանակությունը շատ քչերին ա հասկանալի, առավել ևս հետաքրքիր: Պատմությունը երկար ա, շատ տարօրինակ, մի օր առիթ կլինի՝ կպատմեմ:

Ամեն դեպքում արջին մեծ դժվարությամբ ազատեցինք, տեղափոխեցինք Ուրցաձոր: Վերջին վայրկյաններին, երբ արջը քնած էր, տան տիրուհին իբր կատակով ասաց՝ ախ երանի էդ արջը հիմա զարթներ ու էդ ազատողներին հոշոտեր: Ես չեմ միանում էդ անեծքին, թե՝ ախ երանի բոլոր էդ վիճակում պահող արջերը մի օր հրաշքով գազազեին ու իրենց տանջողներին հոշոտեին: Բայց փաստ ա, որ մի օր բնությունը իրոք մարդկությանը հոշոտելու ա, քանի որ մենք օր օրի ավելի ու ավելի ենք դադարում լինել էդ բնության մասը` բացառիկ բարբարոս թշնամական վերաբերմունք ցուցաբերելով նրա հանդեպ: Ու աստիճանաբար «դու մարդ չես» արտահայտությունը դառնում ա ավելի ու ավելի նվազ վիրավորական:

Ասածս ինչ ա: Էսօր Վայրի կենդանիների համաշխարհային օրն ա, կարելի ա էսօր մի քիչ ավելի քիչ մարդ լինել՝ իր ամենաբացասական իմաստներով»,- մասնավորապես գրել է նա:

Վահան Թևոսյանի գրառմանն արձագանքելով՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ շուտով կենդանական աշխարհի մասին օրենքն է ԱԺ-ում քննարկվելու ու կենդանու հանդեպ նման վերաբերմունքը պետք է համապատասխան պատիժ ունենա. «Վայրի կենդանուն պահում են անազատության մեջ, սարքում դեկորատիվ ապրանք, խոշտանգում սոված ու ծարավ պահելով, հետո ասում են կենդանասեր են: Կենդանուն վայրի բնությունից գողանալու ու անազատության մեջ պահելու տուգանքը պետք է հավասարազոր լինի սպանելու տուգանքի չափին»,- ընդգծել է պատգամավորը:

17242 | 2
Facebook