Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանի նկուղում «Սասնա ծռեր»-ի 5 անդամներին ծեծելու դեպքերն՝ Amnesty International-ի զեկույցում

20:35, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
Դատարանի նկուղում «Սասնա ծռեր»-ի 5 անդամներին ծեծելու դեպքերն՝ Amnesty International-ի զեկույցում

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանի հոդվածը Amnesty International-ի զեկույցի վերաբերյալ.

Փետրվարի 22-ին «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
     Զեկույցը, որը կրում է «Ամնեսթի միջազգային զեկույց 2017/18․ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը» վերնագիրն, անդրադառնում է նաև Հայաստանին։
     Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը նախ անդրադառնում է 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ հղում տալով ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ առաքելությանը հաղորդված վստահելի տվյալներին, որոնք վերաբերում են հօգուտ իշխող կուսակցության կատարված ընտրակեղծիքներին (ընտրակաշառքներ, մասնավոր և պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ)։ Այնուհետև զեկույցը անդրադառնում է նաև ՀՀ-ում մարդու իրավունքների շուրջ գոյություն ունեցող մի քանի հիմնական խնդիրների։

Անպատժելիություն

Զեկույցը մատնանշում է 2016թ․ հուլիսին հիմնականում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից լայնածավալ բռնությունների կիրառման դեպքերի անպատժելիությունը։ Թեև բազմաթիվ ցուցարարների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ իբրև թե հասարակական կարգը խախտելու և այլ հանցագործությունների մեղադրանքով, սակայն ոստիկանության պաշտոնյաները մնացել են անպատիժ։

Ոչ արդարացի դատավարություններ

Ըստ զեկույցի՝ 2016թ․ հուլիսին ՊՊԾ գնդի գրավման համար ձերբակալված անհատների դատավարությունների ընթացքում իրավապահների կողմից անհարկի բռնություն է կիրառվել ոչ միայն մեղադրյալների նկատմամբ, այլ նաև նրանց իրավապաշտպանների հանդեպ։ Մասնավորապես, Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը և այլ դատապաշտպաններ զեկուցել են, որ ազատազրկման վայրի վարչակազմն արգելել է նրանց այցելել մեղադրյալներին և գաղտնի խորհրդակցություններ անցկացնել, ինչպես նաև անօրինական կերպով ոչնչացրել են դատական գործերին կից որոշ ապացույցներ։
     Զեկույցը նաև հիշատակել է 2017թ. հունիսի 28-ին «Սասնա ծռեր» խմբավորման հինգ անդամներին դատարանի նկուղում ծեծի ենթարկելու դեպքը (որից հետո նրանց վրա մնացել են կապտուկներ և բռնության այլ հետքեր)։ Ըստ զեկույցի՝ տարվա վերջում դատապաշտպանների դեմ ոտնձգությունների և բռնությունների վերաբերյալ հետաքննությունները դեռ շարունակվում էին։

Իրավապաշտպաններ

2017թ․ հունվարին սկսվեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարինա Պողոսյանի դեմ դատավարությունը։ Մարինա Պողոսյանը կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության և վաշխառության դեմ պայքարող իրավապաշտպան է։ Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ։

Խոսքի ազատություն

Զեկույցն անդրադառնում է նաև ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների և մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ կիրառված բռնության առանձին դեպքերին։ Այսպես, օրինակ, հիշատակվում է ապրիլի 2-ին Կոնդ թաղամասում Հանրապետական կուսակցության շտաբում ընտրակաշառքի փաստը հետաքննող երկու լրագրողներին ծեծելու դեպքը։
     Զեկույցը նաև մատնանշում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների տնտեսական, սոցիալական և մշակութային վիճակի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։

8269 | 2
Facebook