Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Ժիրայր Սեֆիլյանի կոչն «Արմավիր» ՔԿՀ-ից

15:50, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ժիրայր Սեֆիլյանի կոչն «Արմավիր» ՔԿՀ-ից

Կոչ հայ նոր քաղաքական դասին.

Երկու խնդիր, որոնց լուծումը լինել-չլինելու հարց է

Հայ հասարակությունն աննախադեպ հիվանդ է։

Կար ժամանակ, երբ հային բռնությամբ էին Սիբիր աքսորում։
     Հիմա հայ մարդը կամավոր է Սիբիր գնում։
     Պատճառն այն է, որ յուրային դավաճան տականքը, օգտագործելով յուրային լինելու հանգամանքը, կարողացել է հօգուտ օտարի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, զավթել պետությունը և յուրացնել Հայրենիքի կերպարի ու անվան իրավունքը։
     Նախկինում, երբ օտարն էր իր դեմքով և իր անունից ճնշում ու կեղեքում, հայ մարդը դիմադրում էր որպես «մենք»-ի մաս կազմող «ես», դիմադրում էր հանուն Հայրենիքի՝ որպես «մենք»-ի և «ես»-ի ներդաշնակ ամբողջություն։
     Մինչդեռ հիմա, երբ Հայրենիքի անունից հանդես եկող յուրային տականքն է ճնշում ու կեղեքում, հաճախ կորսվում է «մենք»-ի ու «ես»-ի կապը, խամրում է Հայրենիքի հանդեպ սերը, «ես»-ը օտարանում է «մենք»-ից, Հայրենիքից, կորցնում է ազգային առաքելության իմաստը և լքված մենակի հուսահատությամբ ձեռքը մեկնում է նույնիսկ Սիբիրի սառցե փեշին։
     Երբ Հայրենիքը օտարն է զավթել, ելքը նրան վռնդելն է։ Բայց երբ յուրայինն է զավթել ու վերածել համակենտրոնացման ճամբարի, հայրենակցին հայրենակցի վրա վերակացու կարգել, իսկ ճամբարը կառավարում է «ստրկացի՛ր կամ հեռացի՛ր» սկզբունքով, որպեսզի ճամբարականներին ներշնչի, թե գոնե անձնապես փրկվելու ճանապարհը Սիբիրն է, եթե բավարար միջոցներ չունեն ավելի բարենպաստ վայր ինքնաքսորվելու համար։
     Միջազգային իրավունքի լեզվով սա ցեղասպանության ձև է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ բնիկ ժողովուրդն ստիպված լինի լքել Հայրենիքը։
     Նման իրավիճակում, երբ պետությունը վերածվել է սպիտակ ցեղասպանության գործիքի, դարձել հայությանը ստրկացնող ու Հայրենիքից օտարող համակենտրոնացման ճամբար, մահացու վտանգավոր է, միևնույն ժամանակ, զարմանալիորեն զավեշտալի է, որ շատ լուրջ ու պատրաստված մարդիկ մասնակի լուծումներ են առաջարկում։ Օրինակ՝ առաջարկում են հանդուրժել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, անգամ երկխոսել ու գործակցել նրա հետ, փորձել ներդրումներ ապահովել, պայքարել կոռուպցիայի դեմ, մասնակցել այսպես կոչված ընտրություններին և, առհասարակ, լավատեսական ծրագրեր կազմել ու ի կատար ածել դրանք։
     Նման մոտեցումը, բացի առհասարակ գաղութային ճամբարային համակարգի կյանքը երկարաձգելուց և մեր արյունաքամությունն ուժեղացնելուց, ոչինչ չի տալու։
     Նույնն է, թե ձգտել լավ ծառեր տնկել մի այգում, որը ոչ միայն պատված է մոլախոտով ու մացառով, ցանկապատ չունի, այլև որի այգեպանը խնամելու փոխարեն տրորում, արածավերում, չորացնում, թունավորում ու փչացնում է այն։
     Վաղուց ժամանակն է հրաժարվելու այս անիմաստ ու կործանարար մոտեցումից։
     Հայ նոր քաղաքական դասը, որ կյանքի պահանջով պետք է ձևավորվի, երկու հիմնական խնդիր ունի լուծելու։
     1)վռնդել վատ այգեպանին ու նրա հովանավորին, սրտացավ այգեպան նշանակել և մաքրել ու ցանկապատել այգին, այսինքն՝ հեռացնել ու պատասխանատվության ենթարկել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, ազատվել ռուսական գաղութատիրությունից՝ վճռականորեն կտրելով մեզ նրա հետ կապող պորտալարը, ազգային կառավարություն ձևավորել և հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որի պատճառով ենք հայտնվել այս մահացու փակուղում,
     2)սրտացավ ու բանիմաց այգեպան նշանակել, այգու կորսված, վայրիացած տարածքին տեր կանգնել ու մշակել այգին, այսինքն՝ որդեգրել 1-ին հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավունքի վրա հիմնված, ազգային առաքելությանը հետամուտ Նոր՝ Կուր-Արաքսյան, Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգ և համապատասխան ռազմավարությամբ ու մարտավարությամբ կյանքի կոչել այն։
     Եվ միայն դրանից հետո, երբ կունենանք ազգային իղձերին ու մարդկային երջանկությանը ծառայելուն միտված ինքնիշխան ժողովրդավարական պետություն, անկախ դատարան, քաղաքական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, կարող են մտածել մասնակի լուծումների ու ծրագրերի, այդ թվում՝ ներդրումների, կոռուպցիան արմատախիլ անելու և այգում այլ մշակումներ կատարելու մասին։
     Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա այն այսօր իսկ անհրաժեշտ է սկսել նշված երկու խնդիրները լուծելու մղում ունեցող գործիչների շրջանում՝ հայ նոր քաղաքական դասը ժամ առաջ ձևավորելու նպատակով։ Դրա համար կարող է հարթակ ծառայել «Հանուն Հայաստան պետության» ճակատը։
     Ապագան, մեր լինել-չլինելը կախված է մեզանից, մեր որոշումներից ու գործողություններից։

Ժիրայր Սեֆիլյան
     «Արմավիր» ՔԿՀ
     19 փետրվարի 2018թ․

| | |
5196 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
shrenq vred......... serzh sargs-man
shrenq vred......... serzh sargs-man 16:09, 19.02.2018
Hamareq rusastan@ Arden elgtsum
Putin@ satkum e.....mexqern en durs gtsum

Isk nranits batsi rusatanum el voch voq chka
Inchpes hayastanum xerikits batsi
shrenq vred......... serzh sargs-man
shrenq vred......... serzh sargs-man 16:11, 19.02.2018
Hamareq rusastann arden el chka