Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդերլանդները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

12:40, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Նիդերլանդները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների ստորին պալատը փետրվարի 15-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, որոշում է ընդունվել այն մասին, որ երկրի պետքարտուղարը պարտադիր պետք է ապրիլին Հայաստան այցելի, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է nltimes-ը:

Երկու նախագծերը ներկայացվել են «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վորդևինդի կողմից:

Պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին:

Մինչ այժմ Նիդերլանդները պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մշտապես խոսելով «Հայոց ցեղասպանության հարցի» մասին, սակայն պատգամավորներից շատերը կարծում են, որ եկել է իրավիճակը փոխելու ժամանակը:

Նշենք, որ Նիդերլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ էր առաջացել 2017թ. մարտին: Այդ ժամանակ Նիդերլանդներն արգելել էին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքը Նիդերլանդներ: Չավուշօղլուն հայտարարել էր, որ կմասնակցի Ռոտերդամի ցույցերին, որպեսզի Նիդերլանդներում ապրող երկակի քաղաքացիություն ունեցող թուրքերին կոչ անի քվեարկել թուրքական սահմանադրության փոփոխությունների օգտին:

14129 | 0
Facebook