Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հուսամ՝ կգա այն օրը, երբ կկարողանամ ինձ լիովին նվիրել թատրոնին». Վահե Պետրոսյան

17:05, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Հուսամ՝ կգա այն օրը, երբ կկարողանամ ինձ լիովին նվիրել թատրոնին». Վահե Պետրոսյան

Դերասան Վահե Պետրոսյանն, ով ժամանակին աշխատում էր ռեժիսոր Արմեն Մազմանյանի հիմնադրած ու ղեկավարած «Գոյ» թատրոնում, այսօր հանդես է գալիս սիթքոմում: «Թատրոնը շատ ժամանակ է պահանջում, իսկ ես չեմ ցանկանում աշխատանքին մոտենալ ոչ պատշաճ: Հուսամ՝ կգա այն օրը, երբ կկարողանամ ինձ լիովին նվիրել թատրոնին»,- ասում է դերասանը: Վահե Պետրոսյանը հեռուստադիտողին ավելի շատ հայտնի է «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից, որտեղ մարմնավորում էր Քաջիկի կերպարը:

MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում խոսելով հեռուստասերիալներից, որտեղ նկարահանվում են ինչպես մասնագիտությամբ դերասաններն, այնպես էլ, ասենք՝ երգիչները կամ հաղորդավարները, Վահեն ասաց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ: Եթե չունենայի դերասանի մասնագիտություն, դժվար թե նկարահանվեի որևէ նախագծում: Բայց այսօր կան մասնագիտությամբ ոչ դերասաններ, ովքեր նվիրված են այս գործին և փորձում են իրենց հնարավորությունների չափով որակ ապահովել. ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ էլ… կլռեմ»,- ասաց Վահեն:

Վահե Պետրոսյանը
Վահե Պետրոսյանը

Հետաքրքրվեցինք՝ որպես ՀՀ քաղաքացի որքանո՞վ է հետևում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ քաղաքական, հասարակական զարգացումներին: Մեր զրուցակիցն ասաց, որ այս երկրում է ծնվել ու մեծացել, ուստի չի կարող անտարբեր լինել իրադարձությունների նկատմամբ: «Թատրոնում տիրող պայմաններից սկսած մինչև արդիական խնդիրներ, ինչպիսին, օրինակ, թանկացումներն են, մտահոգում են ինձ և անհանգստացնում: Հնարավորությունների չափով փորձում եմ բարձրաձայնել դրանց մասին իմ շրջապատում, բայց ես թատրոնի մարդ եմ, ո՛չ քաղաքական գործիչ, ուստի իմ արվեստով եմ փորձում օգտակար լինել իմ երկրին, իմ հայրենակիցներին»,- ասաց Վահեն: Այնուամենայնիվ, փորձեցինք պարզել՝ սպասո՞ւմ է արդյոք, որ քաղաքական առաջիկա գործընթացները դրական փոփոխություններ կբերեն հայ ժողովրդի կյանքում: «Ես իմ տեսակով լավատես եմ, դրա համար էլ բոլոր հարցերում սպասում եմ լավ արդյունքների»,- եզրափակեց դերասանը:

11106 | 2
Facebook