Yandex և Uber տաքսի ծառայությունները հայտարարել են Ռուսաստանում և ԱՊՀ մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, բիզնեսի միավորման գործարքներն ավարտին հասցնելու մասին, հաղորդում է Rbc-ն:
Նախկինում հայտարարված ծրագրերի համեմատ՝ նոր ընկերության գնահատականն աճել է ավելի քան 75 միլիոն դոլարով:
Գործարքներն ավարտվել են, մասնավորապես, Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում:
Միավորված ընկերությունում Yandex-ը ստացել է բաժնեմասերի 59,3%-ը, Uber-ը՝ 36,9%-ը, նոր կառույցի աշխատակիցները՝ 3,8%-ը:
Նշվում է, որ Uber-ը ներդրել է 225 միլիոն դոլար, իսկ Yandex-ը՝ 100 միլիոն դոլար:
Նշենք, որ նոր ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Տիգրան Խուդավերդյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Yandex տաքսի ծառայության ղեկավար պաշտոնը: Տնօրենների խորհրդում Yandex տաքսիի 4 և Uber-ի 3 ներկայացուցիչ կա:
Rbc-ն նշում է, որ ընկերությունները համաձայնել էին միավորել բիզնեսն ԱՊՀ երկրներում 2017թ. հուլիսին: Ենթադրվում էր, որ գործարքի արդյունքում Yandex-ը կստանա Uber-ի բաժնետոմսերի ոչ մեծ փաթեթը:
Սկզբնապես միավորված ընկերությունների արժեքը գնահատվում էր 3,725 միլիարդ դոլար, սակայն այժմ այդ ցուցանիշը հասնում է 3,8 միլիարդ դոլարի: