Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը՝ հետախուզման մեջ գտնվող հայ ֆուտբոլիստի վերաբերյալ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը Այս առումով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանում է ներկայացրել․ «Հովիկ Ներսեսյանը մինչեւ 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թվականին ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համաձայն ընդունված կարգի այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երեւանում: Ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Հովիկ Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից եւ 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից: Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է եւ ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառնների հետ»: |