«2016թ. սեպտեմբերին սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի լիազորությունները 5-ից երկարաձգվեցին 7 տարով: Եվ քանի որ դա նոր պատմական փուլի սկիզբ դարձավ, պետության ղեկավարն արտահերթ ընտրությունների ճանապարհով ընտրողների վստահության քվեին դիմեց», այս մասին «АзерТАдж»-ին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների նշանակման պատճառ են նաև 2018թ. Ադրբեջանում նախատեսված մի շարք միջազգային միջոցառումները:
Բացի այդ, ըստ Մամեդովի, կա հավանականություն, որ «Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կսրվեն և կազդեն Ադրբեջանի վրա»: Եվ հենց այդ բացասական ազդեցությունը վերացնելու նպատակով, ըստ Ալիևի օգնականի, նախագահական ընտրությունների ամսաթիվը տեղափոխվեց:
Ավելի վաղ Ադրբեջանի ընդդիմությունը հայտնել էր նախագահական ընտրություններին չմասնակցելու մտադրության մասին: