Ոստիկանության աշխատակիցները Երևանի հյուրանոցներից մեկից հունվարի 9-ին, հայտնաբերել և բերման են ենթարկել «Ճվճվ Արոյի» մյուս որդուն` հետախուզվող Սերժ Վարդանյանին:
25-ամյա Սերժ Վարդանյանը հետախուզվում էր կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով: Վարդանյանի մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է գազային ատրճանակ փամփուշտներով, բեռնախցիկում էլ՝ տարբեր երկրների համարանիշեր:
Սերժ Վարդանյանը 2017 թվականի սեպտեմբերի լույս 12-ի գիշերը մի երիտասարդի պարանոցից պոկել է ոսկե շղթան` բացահայտ հափշտակելով այն: Ոստիկանները բերման էին ենթարկել Սերժ Վարդանյանին, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն ստորագրությամբ բաց էր թողնվել:
2017 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի ռեստորանային համալիրի աշխատողներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ 4 երիտասարդներ, այդ թվում՝ Սերժ Վարդանյանն, իրեն քաշքշել և հարվածել էին, քանի որ ինքը նրանց նկատողություն էր արել հայհոյելու համար: Այս անգամ ևս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել, և ստորագրությամբ բաց էին թողել:
Հունվարի 9-ին քննչական կոմիտեն որոշում է կայացրել նրան հետախուզելու մասին, ժամեր անց Սերժ Վարդանյանը հայտնաբերվել և բերման է եթարկվել: Նա կալանավորված է: