Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Էլբֆիլհարմոնիայում

16:25, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Էլբֆիլհարմոնիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (նախկինում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ) անվանափոխությունից հետո մեծ լիցքերով մուտք է գործել 2018 թվական։ Նվագախումբը շարունակում է իր հաղթարշավը. նոր կարգավիճակում կոլեկտիվը հանդես է գալու նոր ծրագրերով, հյուրախաղերով և հետաքրքիր նախաձեռնություններով և այս ամենը՝ ուղղված հայկական երաժշտական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018թ. առաջին հյուրախաղը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կայանալու է մարտի 28-ին Գերմանիայում՝ դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Էլբֆիլհարմոնիայի (Elbphilharmonie) Մեծ դահլիճում։

Elbphilharmonie-ն գտնվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Համբուրգում, Էլբայի ափին։ Այսօր այն Եվրոպայի զբոսաշրջային և մշակութային ամենահայտնի օջախներից է։ Ջրի վրա լողացող նավ հիշեցնող Էլբֆիլհարմոնիան ինքնատիպ մի կառույց է՝ ճարտարապետության նորարարական լուծումներով։ Միլիոնավոր այցելուներ ունեցող բազմաֆունկցիոնալ այս շինությունն աչքի է ընկնում լավագույն չափանիշներով կառուցված և հիանալի ակուստիկա ունեցող համերգասրահներով։ Այստեղ հյուրընկալվում են աշխարհի լավագույն նվագախմբերը, դիրիժորներն ու արտիստները, այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Սեմյոն Բիչկովը, Քենթ Նագանոն, Քրիստոֆ Էշենբախը, Ալան Գիլբերթը, Վլադիմիր Յուրովսկին, Թոմաս Հենգելբրոքը, Ռիչարդ Գալիանոն, Ջոն Մալկովիչը, Վադիմ Ռեպինը, Ջորդոն Կրեմերը, Գոտիե Կապյուսոնը և այլն։ Էլբֆիլհարմոնիայում մատուցվում է տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն` սիմֆոնիկ համերգներից և օպերաներից մինչև ջազ, ժամանակակից իմպրովիզացիաներ և էլեկտրաերաժշտություն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Էլբֆիլհարմոնիայում ներկայացնելու է հայկական երաժշտություն. երեկոյի առաջին մասում երաժշտասերները կունկնդրեն համաշխարհային պրեմիերա՝ Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, երկրորդ հատվածում հնչելու է Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան։ Նշենք, որ համերգի տոմսերը դեռևս 2017թ. դեկտեմբերից վաճառված են։

16358 | 0
Facebook