Իսրայելը «պայթյունավտանգ» առաջարկ է արել ՄԱԿ-ին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել փակել պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի գործակալությունը՝ պնդելով, որ գործակալության նպատակն է վերջ դնել Իսրայելի գոյությանը որպես պետություն, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից վրդովված Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը անցած ամիս հայտարարել էր, որ այս քայլով ԱՄՆ-ը դուրս է մղվում խաղաղության բանակցություններից, որին ի պատասխան՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ սպառնացել էր դադարեցնել պաղեստինցիներին հատկացվող մոտ 300 միլիոն դոլարի օգնությունը։ Իսրայելի վարչապետը հանդես է եկել ավելի սուր հայտարարությամբ՝ կոչ անելով լուծարել 1949 թվականին ստեղծված ՄԱԿ-ի գործակալությունը, որը օժանդակություն է տրամադրում պաղեստինցի փախստականներին. «Ես լիովին կիսում եմ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների ՄԱԿ-ի օգնության գործակալության հասեցին նախագահ Թրամփի հնչեցրած քննադատությունը, քանի որ այդ կազմակերպությունը շարունակում է վեր հանել փախստականների հիմնախնդիրներն ու պաշտպանել նրանց վերադարձի ենթադրյալ իրավունքները՝ նպատակ ունենալով վերջ դնել Իսրայելի պետությանը: Հետևաբար, պետք է կասեցնել այդ կազմակերպության գործունեությունը»,- ասել է Նեթանյահուն: Նեթանյահուի պնդմամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության գործակալությունը ներկայումս աջակցում է հիմնականում ոչ թե պաղեստնցի փախստականներին, այլ նրանց թոռներին՝ նոր սերնդի պաղեստինցիներին, ովքեր, նրա կարծիքով, փաստացիորեն փախստականներ չեն: |