Թեհրանի «Ալիք» օրաթերթը գրում է, որ երեկ երեկոյան Թեհրանում և երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում համեմատաբար հանգիստ է եղել, սակայն մի քանի փոքր քաղաքներում բողոքի ակցիաները շարունակվել են:
Լենջան քաղաքում անկարգությունների սադրիչները կրակ են բացել կուսակցության շենքի ուղղությամբ: Միջադեպը, բարեբախտաբար, զոհեր չի ունեցել:
Բողոքի ակցիաներ են անցկացվել Քարաջում, Խոմեյնի Շահրում, Խուզեստանի Աբադան ու Մասջեդ Սոլեյման քաղաքներում:
Միևնույն ժամանակ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են մի անձնավորության, ով մեղադրվում է նախօրեին Դորուդ քաղաքում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 2 քաղաքացու մահվան համար:
Այսօր հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Իրանի խորհրդարանը քննարկելու է էլեկտրաէներգիայի և ջրի գների բարձրացումը չեղարկելու մասին հարցը, գրում է Vesti.ru-ն:
Պաշտոնական տվյալներով նախորդ 5 օրերի ընթացքում կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաների և անկարգությունների ընթացքում զոհվել է 21 մարդ, իսկ ձերբակալվածների ու բերման ենթարկվածների թիվը հասել է 450-ի:
Հիշեցնենք՝ բողոքի ակցիաներն սկսվեցին թանկացումների դեմ ցույցերով՝ ընթացքում ստանալով քաղաքական երանգ: