Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ուրիշ երկրներում առանձնատներ են տալիս...». Ռաիսա Մկրտչյանի արձագանքը՝ «Երկիր ծիրանի»-ի բողոքին

15:05, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
«Ուրիշ երկրներում առանձնատներ են տալիս...». Ռաիսա Մկրտչյանի արձագանքը՝ «Երկիր ծիրանի»-ի բողոքին

Ինչպես հայտնել էինք, Երևանի ավագանին հաստատել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանին բնակարան հատկացնելու նախագիծը: Մինչ հաստատումն, ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կարծիք էին հայտնել, թե Ռուբեն Մաթևոսյանին բնակարան նվիրելու ժամանակ նույնպես ներկայացվել էր մի սրտաճմլիկ պատմություն, թե նա բազմամարդ տանիքի տակ չի կարողանում ստեղծագործել: «Նույն պատկերն է նաև Ռաիսա Մկրտչյանի պարագայում, ով բնակվում է Երևանի Արաբկիր-Գյուլբենկյան փողոց 39 շենք, բն. 24 հասցեում, որտեղ գրանցված է 4 անձ»,- նշել էին խմբակցության անդամները:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Ռաիսա Մկրտչյանը հայտնեց, որ բնակարանի կարիքն իրոք շատ մեծ էր. «Տղաս, իր երկու երեխաներով, տղա և աղջիկ` 14 և 16 տարեկան, ամուսինս, ով առողջական խնդիրներ ունի և տանից ընդհանրապես դուրս չի գալիս, ու ես ապրում ենք նույն հարկի տակ: Ընդ որում` երեխաներից մեկը դաշնամուր է նվագում, Սպենդիարյանի անվան դպրոցի սան է, օրը երեք ու կես ժամ այդ ծանրաբեռնվածությունը 3 սենյականոց բնակարանում դժվար է: Երբ երեխաները փոքր էին, այդ ամենը տանելի էր, բայց մեծացան, մեկը մյուսին խանգարում են թեկուզ ուսման հարցում»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին ու հավելեց. «Անհրաժեշտությունն իրոք շատ մեծ էր, և շատ շնորհակալ եմ, որ նկատեցին խնդիրն ու նման պարգև եղավ»:
     Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչեցված դժգոհությանն՝ արտիստուհին նկատեց, որ ընդդիմությունը միշտ էլ բուռն է արձագանքում. «Ռուբենի կապակցությամբ էլ նույն բանը եղավ, ինչպե՞ս կարելի է... մենք մեր արժեքները գնահատել չգիտենք, Հայաստանում ընդամենը մի Ռուբեն ունենք, ով ամբողջ աշխարհին հայտնի է իր արվեստով, չկա մի հայ, որ նրան չճանաչի, եթե նա դրա կարիքն ունի, ինչպե՞ս կարելի է չանել: Ուրիշ հանրապետություններն իրենց արժեքավոր մարդկանց առանձնատներ են նվիրում, հիմա այս տարիքում, երբ արդեն մեծացել ենք, մենք մեր հանգիստը չե՞նք կարող հանգիստ ունենալ, ինչպե՞ս կարելի է այդպիսի մոտեցումներ ունենալ»,- եզրափակեց Ռաիսա Մկրտչյանը:

14292 | 3
Facebook