Այսօր Թեյի միջազգային օրն է. ինչպիսի օգտակար հատկանիշներ ունի այն
Դեկտեբերի 15-ը Թեյի միջազգային օրն է, որը նշվում է Կրթական և հասարակական միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ: «Թեյի միջազգային օր» նշելու նպատակը հասարակության և քաղաքական գործիչների ուշադրության հրավիրումն էր թեյի առևտրի խնդիրներին, թեյի արտադրությամբ զբաղվող աշխատողների դիրքին, դժվարություններին, որոնք ծագում են մանր արտադրողների և մեծ ընկերությունների պայքարում, ինչպես նաև այս ըմպելիքի տարածումն աշխարհում: «Թեյի միջազգային օրը» լայնորեն նշվում է Հնդկաստանում, Շրի Լանկայում, սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Նեպալն, Ինդոնեզիան, Մալայզիան, Ուգանդան և Տանզանիան, լինելով թեյի միջազգային արդյունաբերողներ, անմասն չեն մնում այդ տոնից: «Թեյի միջազգային օրը» սկսել են նշել նաև Ռուսաստանում, որտեղ թեյը հանդիսանում է ամենապահանջված ըմպելիքներից մեկը: Դե իսկ թեյի բուժիչ հատկությունների մասին գիտեն շատերը: Չինացիներն ապացուցել են, որ թեյի մեջ առկա հակաօքսիդանտները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման պրոցեսներն, ամրացնում են իմունային համակարգը և կանխում ինֆեկցիաները: Թեյը մեծ հակադեպրեսանտ է, թեթևացնում է սթրեսը, ինչպես նաև հանգստացնում նյարդային համակարգը: Թեյն ունի հակամիկրոբային, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ: Եվʹ սև, ևʹ կանաչ թեյն ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ազատում են շլակներից: Կանաչ թեյն օգնում է վերականգնել հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը: Սև թեյն առանձնանում է փոքր ինչ դառը համով: Թեյերի մեջ այն ունի կոֆեինի ամենամեծ պարունակությունը` 40 միլիգրամ կոֆեին մեկ բաժակ թեյի մեջ: Այն մարդիկ, ովքեր օրական խմում են երեք և ավելի բաժակ սև թեյ, 21 տոկոսով կրճատում են կաթվածի առաջացման հավանականությունը: Պետք է հիշել, որ թեյի չարաշահումը կարող է օրգանիզմի համար կախվածություն ստեղծել: Այն մարդիկ, ովքեր սովորության համաձայն` օրական խմում են 4-5 բաժակ թեյ, դրա բացակայության դեպքում զգում են թուլություն և էներգիայի պակաս: |