Իսրայելական տանկերն ու ինքնաթիռները հրթիռակոծել են Գազայի հատվածն՝ ի պատասխան «ՀԱՄԱՍ» շարժման հրթիռային արձակումների: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
«Իսրայելի ուղղությամբ հրթիռի արձակմանն ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերն ու տանկերը հրթիռակոծել են Գազայի հատվածի հյուսիսում տեղակայված «ՀԱՄԱՍ» շարժման ահաբեկչական դիրքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելցի զինվորականները Գազայի կողմից հրթիռակոծումը «թշնամական գործողություն» են անվանել, իսկ «ՀԱՄԱՍ»-ն՝ ահաբեկչական կազմակերպություն:
Նշենք, որ պաղեստինաիսրայելական կոնֆլիկտը սրվել է դեկտեմբերի 6-ին Վաշինգթոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո: Այդ օրվանից Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել: