«Եվրոպայի խորհուրդն առաջին անգամ փորձում է կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46.4 կետը հենց Ադրբեջանի դեմ: Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով Հայաստանը որևէ քննադատության չի ենթարկվում»: АПА-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց էր նախաձեռնել, քանի որ Ադրբեջանը երկար ժամանակ հրաժարվում է ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին: Մամեդովը 2013թ. 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ իրադարձությունների մասին իր բլոգում տեղեկություններ տրամադրելու համար: 2014թ. ՄԻԵԴ-ը գործը «քաղաքականապես մոտիվացված» էր ճանաչել:
Ադրբեջանի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ Եվրոդատարանի որոշումն իրականացնելու համար: Նրա խոսքով՝ երկրում շարունակվում են օրենսդրական ոլորտում
բարեփոխումները: Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է հարցի լուծման այլ ուղիների որոնման համար կառուցողական բանակցություններ վարել: