Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարել է, որ Սեֆիլյանը զենքերը փոխանցել էր Հրայր Թոփչյանի միջոցով: Պետրոսյանի խոսքով՝ Սեֆիլյանի հետ այդ պայմանավորվածությունը եղել էր 2015-ի աշնանը: «Այդ զենքերն իշխանափոխության նպատակով էին ու եթե` ժողովրդի դեմ ուժ կիրառվեր: Հեռուստաաշտարակը ներառված էր հարձակման օբյեկտներում, բայց հետո դուրս եկավ ծրագրից, քանի որ իրատեսական չէր»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Հովհաննես Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց: Հովհաննես Պետրոսյանը հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: