Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Եվ, և»-ի հաղթանակը. ինչպես է Հայաստանին հաջողվում համատեղել եվրոպական և եվրասիական ինտեգրումը». Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

11:20, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
««Եվ, և»-ի հաղթանակը. ինչպես է Հայաստանին հաջողվում համատեղել եվրոպական և եվրասիական ինտեգրումը». Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Ժամանակին Եվրոմիության հետ Հայաստանի ասոցացման մասին համաձայնագրի տապալումը սպասվող ուկրաինական փոթորկի նախագուշացումը դարձավ: Այժմ նման փաստաթուղթ է ստորեգրվել (նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը), բայց միամիտ կլինի կարծել, որ դա հետխորհրդային տարածքում Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների կարգավորման նախանշան, սակայն, այնուամենայնիվ, այդ փաստը կարևոր է խորհրդանշական առումով: Տեղի է ունեցել «կամ, կամ» կորշտ սկզբունքից հրաժարում և քայլ է արվել այլ՝ «և,և» մոտեցման:
     Այդ մասին carnegie.ru կայքում ծավալուն անդրադաչձ է կատարել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով նրան, թե ինչու այս անգամ չկրկնվեց չորս տարվա վաղեմության սցենարը և որն է գաղտնիքը, որ Երևանին հաջողվեց խուսափել Ուկրաինայի կամ Վրաստանի խնդիրներից և բարեհաջող «ինտեգրումների ինտեգրման» անցնել:

Վերջին տարիներին, հատկապես ուկրաինական ճգնաժամի ազդեցության տակ, հետխորհրդային տարածքում ցանկացած արտաքին քաղաքական իրադարձություն դիտվում է որպես ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Անդրկովկասում, սակայն, արտաքին քաղաքականությունը չի կառուցվում նման մանիքեյան սկզբունքներով, այդտեղ դիտվում է տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի պակաս՝ երեք երկրների ունեցած չլուծված հակամարտությունների պատճառով: Միևնույն ժամանակ, այդ երկրները փորձում են հարմարեցնել արտաքին դերակատարների հետ իրենց կապերն իրենց ազգային շահերի պաշտպանությանը, այդ պատճառով արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան այստեղ բացառություն չէ, այլ՝ նորմա:

Չնայած Հայաստանն ունի Ռուսաստանի հետևողական դաշնակցի համբավ (այնտեղ գործում է 102-րդ ռուսական ռազմաբազան, ռուս զինվոականները հսկում են ՀՀ արտաքին սահմանը), այնուամենայնիվ Երևանը տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, բացի այդ, այն ձգտում է զարգացնել իր համագործակցությունն Իրանի և Վրաստանի հետ: Առաջին հայացքից «նատօյամետ» Վրաստանը Հայաստանին հակառակ արտաքին քաղաքական բևեռում է գտնվում, սակայն Թբիլիսին նույնպես փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին կապերը՝ մասնավորապես Չինաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի հետ, Վրաստանն անգամ որոշակի հետաքրքրվածություն է դրսևորում ռուսական ուղղությամբ՝ չնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ լուրջ տարաձայնություններին՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգության ոլորտներում:

Կովկասյան երկրների արտաքին գործընկերները նույնպես չեն սահմանափակվում միայն մեկ երկրով: Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է Հայաստանը զարգացնում հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլ և Արևմուտքի հետ, ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունն է: Այդ հարցին լրացուցիչ սրություն տվեց նաև այն, որ 2016-ի ապրիլին Բաքուն փորձեց խախտել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն, նկատում է քաղաքագետը:

2013 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրն ստորագրելուց Հայաստանի հրաժարումը որպես կանոն որակում են որպես Մոսկվայի կողմից ճնշման հետևանք, բայց այստեղ կան կարևոր նրբություններ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը կշռադատվել է տարբեր կողմերից: Մի կողմից ԵՄ-ն ընդհանուր առմամբ և նրա առանձին ներկայացուցիչները պնդում էին, որ Ասոցացման մասին համաձայնագիրը կփակի եվրասիական ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի ճանապարհը: Մյուս կողմից «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Երևանի պատրաստությունները զարգանում էին սպասվող ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ Մոսկվան դեռ հույս ուներ Կիևին ստանալ որպես Մաքսային միության պոտենցիալ մասնակից:

Որոշ առումով հայկական դեպքը դարձավ ուկրաինական ճգնաժամի նախերգանքը, նախազգուշացումը, որն անհրաժեշտ կերպով չուսումնասիրվեց և հաշվի չառնվեց: «Կամ, կամ» մաքսիմալիստական մոտեցումը հաշվի չէր առնում հետխորհրդային տարածքում իրավիճակի ամբողջ բարդությունը: Հայաստանի դեպքում Ռուսաստանից առանց համապատասխան փոխհատուցման հրաժարումը հնարավոր է՝ տնտեսական որոշ օգուտներ բերեր երկրին, բայց չէր երաշխավորի Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի հետ հարաբերություններում Երևանի դիրքերի պահպանումը: Հենց դա էլ դարձել է ԵԱՏՄ-ն ընտրելու պատճառ, կարծում է հեղինակը՝ նշելով. «Հայաստանում անգամ հայտնի հումոր կա՝ Եվրոմիության և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանն ընտրություն է կատարում հօգուտ ՀԱՊԿ-ի»:

Այդ դեպքում ինչու այժմ հնարավոր դարձավ Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այս փաստաթուղթը չի նախատեսում ազատ առևտրի գոտու ստեղծում, անգամ իրավական տեսանկյունից Հայաստանը, մտնելով ԵԱՏՄ, չի կարող ԵՄ-ի հետ նման գոտի ստեղծել՝ շրջանցելով եվրասիական համակարգող կենտրոններին:

Ներկայիս փաստաթուղթը պատրաստվում էր առնվազն 2015 թվականից և բազմիցս քննարկվել է և՛ Ռուսաստանի հետ, և՛ ԵԱՏՄ-ի ձևաչափով: Պաշտոնական կառույցների ներկայացուցիչները բազմիցս արտահայտվել են, որ նոր փաստաթուղթը չի հակասում Մոսկվայի հովանու ներքո գործող ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի մասնակցությանը:

Շրջանակային համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել «կամ, կամ» ընտրությունից հրաժարվելու շնորհիվ: Հենց այստեղ է հարկավոր փնտրել ներկայիս հաջողության պատճառը, վստահ է Մարկեդոնովը: Դա հաշվի է առնում այն, որ ներկայիս իրականությունում Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքն այլընտրանք չունի Երևանի համար, բայց միևնույն ժամանակ Երևանի համար կարևոր է տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը: Այլապես՝ երկրի մեկուսացման հետևանքները կընկնեն Մոսկվայի ուսերին, ինչը դժվար թե օգնի Կովկասում ռուսական դիրքերի ամրապնդմանը:

Իսկ այժմ, Բրյուսելի հետ շրջանակային համաձայնագրի շնորհիվ Երևանը կարող է դառնալ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության համար լրացուցիչ հարթակ: Նման դերում Հայաստանն արդեն հանդես է եկել Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերություններում 2009 թվականին:

Բայց լիարժեք գիտակցմանը, թե որքան վտանգավոր է խիստ պառակտված և միայն ձևավորվող հետխորհրդային հասարակություններով արտաքին քաղաքական մանիքեությունը, դեռ շատ կա, այդ պատճառով լավատեսական եզրակացությունները վաղաժամ են, նմատում է ռուս քաղաքագետը։

Աղբյուրը` carnegie.ru
5451 | 0
Facebook