Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը մտադիր է զտել ռուսական քարոզչությունը

15:25, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Google-ը մտադիր է զտել ռուսական քարոզչությունը

Աշխարհում ամենախոշոր Google որոնողական համակարգը կզտի ռուսական քարոզչական նյութերը: Ընկերության ղեկավարությունը միջոց է փնտրում ռուսական RT և Sputnik կայքերի վարկանիշը նվազեցնելու համար: Այս մասին, ինչպես գրում է Deutsche Welle-ն, հայտարարել է Google-ի մայր ընկերություն համարվող Alphabet-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը:
     Պատասխանելով Քոնրադ Ադենաուերի անվան գերմանական հիմնադրամի ներկայացուցչի այն հարցին, որ ռուսական քարոզչական կայքերը հաճախ են հայտնվում Google-ում նորությունների որոնման ժամանակ, Շմիդտը նշել է, որ ընկերությունն այդ մասին քաջատեղյակ է:
     «Մենք տեխնիկական որոշում ենք փնտրում, որը թույլ կտա դա կանխել: Մենք չենք ցանկանում արգելափակել այդ կայքերը. դա աշխատանքի միջոց չէ»,- ասել է նա նոյեմբերի 18-ին Կանադայի Հալիֆաքս քաղաքում տեղի ունեցած անվտանգության հարցով միջազգային համաժողովի ժամանակ:
     Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզին ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով ռուսական պետական Russia Today (RT) հեռուստաալիքը դասակարգվել էր որպես «օտար գործակալ»:
     «Քրեական գործի և գրանցման միջև մենք ընտրեցինք վերջինը»,- ասել էր հեռուստաալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը:
     Դրան ի պատասխան՝ ՌԴ Պետդուման օրինագիծ էր ընդունել, որով թույլատրվում է ԶԼՄ-ներն «օտար գործակալ» ճանաչել:
     Ավելի ուշ ՌԴ արդարադատության նախարարությունը
     ծանուցում էր ուղարկել 5 մեդիա ընկերությունների՝ տեղեկացնելով գործակալների ցուցակում նրանց ներառման հնարավորության մասին: Ծանուցում էին ստացել ամերիկյան CNN, «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվականները:

8635 | 0
Facebook