Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայտնում է Պուտինի մամուլի գրասենյակը:
«Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճն, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ու ընդգծել, որ առաջընթաց կա ռուս-հայկական համագործակցության բոլոր ոլորտներում: «Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնել էր Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Երևանի Ռուսական արվեստի թանգարանից 1995-ին գողացված նկարը հայտնաբերվել էր ՌԴ իրավապահների կողմից: