Տարկետումը վերացնելու ՊՆ նախաձեռնությունը խորացնելու է կուտակված խնդիրները և ստեղծելու է նոր կոռուպցիոն ռիսկեր. հայտարարություն
«Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ` աջակցություն հայտնելով տարկետման սահմանափակման դեմ ընդվզող ուսանողական շարժմանը: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը ոչ միայն չի լուծելու իշխանությունների բազմամյա ձախողումների, համակարգային ու արդարացի լուծումներ գտնելու անկարողության հետևանքով կուտակված խնդիրները, այլև խորացնելու ու բարդացնելու է դրանք, ստեղծելու է նոր կոռուպցիոն ռիսկեր առողջապահության և պաշտպանության ոլորտներում, ահագնացնելու է առանց այդ էլ սարսափելի ծավալների հասած արտագաղթը։ Ավելին՝ անդառնալի հարված հասցնելով գիտական մտքին և նորարարությանը, այն խիստ կասկածի տակ է դնելու ողջամիտ ապագայում արդիական տնտեսություն, կրթական, առողջապահական, պաշտպանական համակարգեր ունենալու հնարավորությունն ու հեռանկարը։ Հայաստանի զարգացման կարևորագույն արժեքն ու երաշխիքը ազատ, ստեղծագործ և ընտրության հնարավորություն ունեցող քաղաքացին է և այդ արժեքի ոչ ռացիոնալ, միակողմանի, անհեռատես և կարճաժամկետ արդյունքների ակնկալիքով վատնելը երկարաժամկետ առումով անխուսափելիորեն երկրի համար նոր ու անդառնալի կորուստների է բերելու։ 2004թ-ին կառավարության կողմից համանման փորձը կանխվել էր ուսանողների ու երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման և լայն հանրային բացասական արձագանքի շնորհիվ։ Ընդունելով շարժման մասնակիցների փաստարկների իրավացիությունը՝ օրվա իշխանություններն օրինագիծը հանել էին շրջանառությունից։ Այժմ գործող իշխանությունները կրկին փորձում են բարձրաձայնվող խնդիրները լուծել կրթության և գիտության հաշվին, ընդ որում այս անգամ փաթեթավորելով այդ փորձը «ազգ-բանակ» անվանմամբ վտանգավոր և մտահոգիչ միլիտարիստական հայեցակարգով։ Եվ այժմ, ինչպես և 2004-ին, այս փորձը ցասում է առաջացրել ուսանողների շրջանում, ինչի արդյունքում նրանք նախաձեռնել են մի նոր Հանուն գիտության զարգացման շարժում։ Ելնելով վերոգրյալից՝ 2004թ․ ուսանողական շարժման և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամներս - մեր աջակցությունն ենք հայտնում նույն անվանմամբ հանդես եկող նոր ուսանողական շարժմանը, - պահանջում ենք կասեցնել կրթության անընդհատությամբ պայմանավորված և ուսումնառության նպատակով հատկացվող տարկետման ինստիտուտի վերացումը, - կոչ ենք անում իշխանություններին լրջորեն զբաղվել համակարգային բարեփոխումներով, որոնք միտված կլինեն կրթության, գիտության, առողջապահության, պաշտպանության և մյուս ոլորտներում առկա իրական խնդիրների հաղթահարմանը և ռազմավարական զարգացմանը»։
Հանուն գիտության զարգացման 2004 Արսեն Խառատյան Արեն Մանուկյան Արարատ Միրզոյան Նարեկ Զեյնալյան Արտյոմ Ղազարյան Հովհաննես Հովհաննիսյան Ռուբեն Սիմոնյան Միքայել Հովհաննիսյան Ռուբեն Աղաբաբյան |