Կիևի Սոլոմեսկի շրջանային դատարանն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝
Ալեքսանդրին, ազատ արձակելու մասին որոշում է կայացրել, հաղորդում է Страна.ua-ն:
Ավակով կրտսերին ազատ են արձակել անձնական պատասխանատվությամբ, որի համաձայն նա մինչև դեկտեմբերի 31-ը չի կարող երկրից դուրս գալ և պարտավոր է էլեկտրոնային թևնոց կրել:
Նա նաև չի կարող լքել գրանցման վայրը, պարտավոր է հանձնել արտասահմանյան անձնագիրն ու դատախազության կանչով քննչական գործողությունների մասնակցել: Ուկրաինական կայքը նշում է, որ դա ամենամեղմ միջոցն է:
Դատախազությունը պահանջել էր նրան կալանավորել՝ 5 միլիոն գրիվենի չափով գրավի հնարավորությամբ: Բացի այդ, հաղորդվում է, որ դատարանը Ավակովի ձերբակալությունն անօրինական է ճանաչել: