Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայում կարգուկանոն հաստատելու համար կարող է ուժ կիրառել, եթե անջատականները դեմ հանդես գան տարածաշրջանում իրավիճակի կարգավորման քայլերին:
Այդ մասին բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի Կրթության, մշակույթի և սպորտի նախարար, Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինիգո Մենդես դե Վիգոն:
«Ոչ մի կառավարություն չի ցանկանում բռնություն կիրառել, բայց վարչակազմը պետք է ապահովի օրենքի իրացումը: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ենթարկվել օրենքին, ապա Մոսոս դ' Էսկվադրայի ուժերը (կատալոնական ոստիկանությունը) կարգուկանոն կհաստատեն»,- ասել է դե Վիգոն:
Նա նաև նշել է, որ իսպանիայի կառավարությունը չի դադարեցնում Կատալոնիայի ինքնավարությունը, ընդհակառակը, տեղի է ունենում «ինքնավարության վերականգնում»: