Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է այնպիսի տիեզերանավ կառուցել, որը կկարողանա Մարս ուղևորվել, Լուսնի վրա բազա հիմնել, բացի այդ, ուղևուափոխադրումներ կատարել ողջ աշխարհով մեկ, հայտնում է The Washington Post-ը:
«2017 թվականն է: Ինչո՞վ էինք այսքան ժամանակ զբաղված. մենք պետք է մինչև հիմա արդեն բազա ունենայինք Լուսնի վրա»,- տիեզերագնացության միջազգային կոնգրեսի ժամանակ հայտարարել է Մասկը:
Մասկը հայտարարել է, որ իր SpaceX ընկերության Big Fucking Rocket նոր տիեզերանավը կկարողանա նաև ուղևորների տեղափոխել մոլորակի մի կետից մյուսը մեկ ժամից էլ պակաս ժամանակում: Նա նշել է, որ առավելագույնը 29 հազար կմ/ժ արագության դեպքում՝ Նյու Յորքից Շանհայ ուղևորությունն, օրինակ, կտևի 39 րոպե, իսկ Նյու Յորքից Լոնդոն՝ 29 րոպե:
Նման ուղևորության արժեքը չի գերազանցի ինքնաթիռներում էկոնոմ դասի գները:
BFR-ը, Մասկի խոսքով, կկարողանա ճանապարհորդել դեպի Մարս: Նախատեսվում է, որ դրա առաջին թռիչքը կկայանա 2022 թվականին, իսկ 2024 թվականից կսկսի գաղութացնել մոլորակը: