Խնդրում ենք սպասել...

Միջազգային

HRW-ն անդրադարձել է Սարի թաղի դեպքերին, որից տուժած բազմաթիվ ցուցարարներն սպասում են արդարության և հաշվետվողականության

12:20, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
HRW-ն անդրադարձել է Սարի թաղի դեպքերին, որից տուժած բազմաթիվ ցուցարարներն սպասում են արդարության և հաշվետվողականության

Human Rights Watch-ն (HRW) անդրադարձել է մեկ տարի առաջ Երևանում տեղի ունեցած հուլիսյան դեպքերին, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ոստիկանական բռնությունների և ճնշումների զոհ դարձան:

Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Գիորգի Գոգիան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել լիարժեք հաշվետվություն տրամադրել ոստիկանության կողմից հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության բնորոշմամբ՝ «մեծ մասամբ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ» անցած տարի հուլիսին իրականացված բռնությունների վերաբերյալ:

«Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց ոստիկանական բռնության զոհերը դեռևս սպասում են արդարության և հաշվետվողականության», - նշել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Գիորգի Գոգիան:

Նա հայտարարել է, որ «հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ խիստ խաթարված է, և արդյունավետ հաշվետվողականության գործընթացն անհրաժեշտ է այն վերադարձնելու համար»:

Հուլիսի 30-ի հաղորդագրությունում Human Rights Watch-ը նաև նշել է, որ անցյալ տարվա ընթացքում առնվազն 32 ցուցարարների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որոնցից 21-ը դատապարտվել են, 11-ը` ազատազրկվել:

Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած խաղաղ ցուցարարների երթը Սարի Թաղում և Խորենացի փողոցում բախվեց ոստիկանների ու նրանց թիկունքից գործող քաղաքացիական հագուստով անձանց հետ: Ի պաշտպանություն Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անցկացվող հերթական ցույցը ցրելու համար հատուկ միջոցներ գործադրվեցին, հարձակման ենթարկվեցին նաև այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Տուժեցին հարյուրավոր քաղաքացիներ և շուրջ երեք տասնյակ լրագրողներ, բերման ենթարկվեց մոտ 200 քաղաքացի։

5945 | 1
Facebook