Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը պնդում է, թե Պուտինը պատրաստ է հրաժարվել Բաշար Ասադին աջակցելուց

11:35, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Էրդողանը պնդում է, թե Պուտինը պատրաստ է հրաժարվել Բաշար Ասադին աջակցելուց

Թուրքիայի նախագան Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել Reuters միջազգային լրատվական գործակալությանը` հայտարարելով, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ զրույցում ակնարկել է, որ պատրաստ է հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ակտիվորեն աջակցելուց: Էրդողանն, ով հայտնի է իբրև Ասադի մոլի հակառակորդ, հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի ապագան չի կարող կապ ունենալ ներկա նախագահի հետ:

Էրդողանի խոսքերով` Պուտինն ասել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում պաշտպանել Ասադի շահերը: «Էրդողան, ինձ ճիշտ հասկացեք: Ես չեմ արդարացնում Ասադին, ես նրա փաստաբանը չեմ»,- մեջբերելով Պուտինին` ասել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ Կրեմլը դեռևս չի մեկնաբանել Էրդողանի այս հայտարարութունը:

Էրդողանը հայտարարել է նաև, որ Սիրիայում կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնց մասին «Պուտինը չի կարող խոսել մեզ հետ»:

«Քանի դեռ Ասադը գտնվում է իշխանության ղեկին, Սիրիայի հարցում լուծում գտնելն անհնար է լինելու: Նա տանկերով, հրանոթներով, կասետային ռումբերով, քիմիական զենքով ու կործանիչներով հարձակվել է իր ժողովրդի վրա»,- հավելել է Էրդողանը:

Նա նկատել է, որ Ասադի պաշտոնանկությունը չի նշանակում, թե երկրում իշխանությունն անցնելու է ծայրահեղականներին: Սիրիայի ճգնաժամը կարող է լուծվել միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օգնության շնորհիվ, վստահ է Էրդողանը:

20837 | 0
Facebook