Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

''Կարմիր խնձոր''-ի հեղինակությունը սասանված է

չորեքշաբթի, 06 մարտի, 2013 թ.
''Կարմիր խնձոր''-ի հեղինակությունը սասանված է
Հայտնի չէ, թե ''կարմիր խնձորի'' ավանդույթը երբ է մտել մեր հասարակության մտածելակերպի մեջ: Հավանաբար ներմուծվել է հետքրիստոնեական շրջանում և ամրապնդվել մահմեդականների գերիշխանության ժամանակ: Համենայն դեպս, մեր հեթանոս նախնիներն ամենացանկալին համարում էին այն աղջիկներին, ովքեր իրենց կուսությունը նվիրում էին Աստղիկ աստվածուհուն՝ տրվելով տաճարի մոտով անցնող պատահական տղամարդկանց: Մեր ներկա հասարակությունում օրեցօր ավելանում են դեպքերը, երբ երիտասարդները մերժում են այս դարավոր ավանդույթը:
Այս թեման մեկնաբանել են`

Վրեժ Շահրամանյան, բժիշկ-սեքսոպաթոլոգ

Վրեժ Շահրամանյան, բժիշկ-սեքսոպաթոլոգ
Հայ հասարակության մեջ ''կուսություն'' ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում ''կուսություն'' բարոյական հասկացությունը և ''կուսաթաղանթ'' անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Ի վերջո' հնարավոր է, չէ՞, որ հարսի՝ կույս չլինելու պատճառը հենց ամուսինը լինի և ոչ թե այլ մեկը:
Ի դեպ, ''կարմիր խնձորի'' ավանդույթը սրբորեն պահող Հայաստանը, ըստ Google Trends-ի, առաջին տեղն է զբաղեցնում որոնողական համակարգում ''պոռնո'' բառը փնտրելու հաճախականությամբ:

Սարգիս Սերոբյան, մարզիկ

Ես կողմ եմ, որ այդ ամենը տեղի ունենա ամուսնությունից հետո, քանի որ մեր մտածելակերպը թույլ չի տալիս այն, ինչն ամբողջ աշխարհում նորմալ ու բնական է համարվում: Հասարակության կարծիքն ինձ համար այդ հարցում շատ կարևոր է, ու եթե աղջիկն ինձ տրվի մինչև ամուսնություն, ես ինչ-որ տեղ կկորցնեմ վստահությունս նրա հանդեպ:

Միսաք Սիմոնյան, ատամնաբույժ

Իմ կինն ինձ պետք է տրվի ամուսնության առաջին գիշերը: Կանխավայելման մեջ մեծ բավականություն կա, և փաստ է այն, որ տղամարդն էությամբ որսորդ է, ինչին ուշ ու դժվար է հասնում, ավելի է գնահատում: Իմ կարծիքով` եթե մինչև ամուսնությունն արդեն ճաշակում ես սեռական վայելքները, հարսանիքի արարողությունը կորցնում է իր խորհուրդը:

Գոռ Մանուկյան, նկարիչ

Մեր առաջին սեքսը տեղի ունեցավ ավանդական ձևով` ամուսնության առաջին գիշերը: Բայց հակառակ իմ սպասելիքների, մենք ամենևին էլ համատեղելի չէինք: Ու խնդիրը հենց մեր մարմնական, ֆիզիոլոգիական անհամատեղելիության ու կենսառիթմերի տարբերության մեջ էր. նա նախընտրում էր միայն պասիվ վիճակը սեքսի մեջ, և, ինչքան էլ զարմանալի էր, բոլորովին զուրկ էր երևակայությունից: Որոշ ժամանակ հետո միապաղաղություն էր տիրում անկողնում: Մեր համատեղ կյանքը երկար չտևեց, 2 տարի: Հիմա ապրում եմ մեկ անգամ ամուսնացած, բաժանված կնոջ հետ, ում հետ մենք լիովին ներդաշնակ սեռական կյանք ենք ապրում: Հիմա համոզված եմ, որ վատ չէ, երբ կինը որոշակի սեռական փորձ է ունենում: Վաղ թե ուշ հայերս կհասկանանք, որ տառապում ենք ավելորդ և բնականոն կյանքին խանգարող բարդույթներով:

Սյուզի Մելիքյան, երգչուհի

Սյուզի Մելիքյան, երգչուհի
Ես անձամբ ընդունում եմ թե' ''կարմիր խնձոր''-ի, թե' մինչև ամուսնանալը սեռական կապի բացակայության ավանդույթը: Չեմ ուզում քննադատ դուրս գալ, բայց այն, ինչ կոչվում է հայկական ավանդույթ, ես պահում եմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պիտի իր կյանքը կառուցի: Ես չեմ ցանկանում քննադատել մյուսներին, միայն իմ ապրած կյանքին կարող եմ գնահատական տալ: Եթե մարդ նման քայլի է գնում, ուրեմն գիտակցված է անում:

Տեր Կարապետ քահանա Կարապետյան

Տեր Կարապետ քահանա Կարապետյան
Գեղեցիկ է կարմիր խնձորի ավանդույթը: Եթե մեկը դեմ է խոսում կարմիր խնձորին, պետք է վերցնի իր վրա, ինքն ինչպե՞ս կուզեր իր թոռն, իր աղջիկն ապրեր: Սակայն չպետք դա ֆետիշացնել և սարքել հանրային հնչողության հարց: Մարդը պետք է հասկանա դրա արժեքը, հասկանա՝ դուրս մղի՞, թե՝ ոչ:
47136 | 99