Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունն արձագանքում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը

ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել է Վալերի Օսիպյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը:


Նշանակումը քննարկումների լայն թեմա է դարձել հասարակական, քաղաքական շրջանակներում:

Այս թեման մեկնաբանել են`

ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Եթե Օսիպյանը խորհրդանշական նշանակում է, գոնե թողնեիք իր տեղում, պայմանով՝ կարճ ժամանակում վերափոխվեր և հայտնվեր իրական ոստիկանի կերպարում, բայց ոչ մի դեպքում ոստիկանապետի պաշտոնում: Նա ոչ մի կերպ չի կարող լինել այդպիսի առանցքային պաշտոնում ոչ միայն որպես թույլ անհատականություն ունեցող անձ: Ոչ ոք չի մոռացել սևազգեստ մայրերի նկատմամբ վերաբերմունքը փողոցներում: Կարող էր գոնե իր հսկողության տակ գտնվող ոստիկաններին ասել` մի թքեք նրանց վրա: Սա դժվար է մոռանալ:

Հայկ Տիգրանյան, օպերային երգիչ

Ընկերներ, իսկ դուք Օսիպյանից բացի այլ հարմար թեկնածու կարո՞ք եք առաջարկել։ Հաշվի առեք հետևյալ օրենքը՝


«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենք.


Հոդված 14. մաս 1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

Սյուզան Սիմոնյան, «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի քարտուղար

Սիրելի ընկերներ, գաղտնիք չէ, որ Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած ուժն է, որ ամենատանջալի ճանապարհն է անցել վերջին երկար ու ձիգ տարիներին ռեժիմի կողմից ենթարկվելով հետապնդումների, խոշտանգումների և այլ տարատեսակ հանցագործությունների։ Բայց այսօր, երբ մենք ձգտում ենք հանրային համերաշխության, ապա պարտավոր ենք գոնե մի փոքր ներողամիտ գտնվել այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե իրենց կամքով հանցագործ հրահանգներ են տվել, այլ կատարել են հանցագործ ռեժիմի հրահանգները։
Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ հավատացնել, որ անկախ ամեն ինչից, և Օսիպյանի գործած բոլոր սխալներից, շատ Սասնա Ծռեր ևʹ Օսիպյանի մասին, ևʹ Եղիազարյանի մասին լավ են արտահայտվել։ Նրանք, երբ դուրս գան, կարծում եմ, կխոսեն այդ մասին։ Օսիպյանը թալանչի հանցագործներից չի եղել։ Այո, ծառայել է նրանց։ Բայց․․․
Ծռերը ասում էին նաև, որ նա իր գործն իմացող մասնագետ է, ու եթե հանցագործ հրահանգներ չստանա, ապա լավ կաշխատի։ Օսիպյանը իրոք շատ բանիմաց ու պարտաճանաչ մարդ է՝ ըստ նրանց։ Ծռերը ինձ գրել էին, որ լավ կլիներ, որ նա հեռու լիներ փողոցում ցուցարաների վրա բռնություն իրականացնողի իր աշխատանքից, և աշխատեր որպես ոստիկանական ակադեմիայի պետ։ Ասում էին, որ նա համեստ ապրող ու բավական պարկեշտ մարդ է։
Կարծում եմ՝ մեր այսօրվա հաղթանակով բոլորից շատ նա է ուրախացել, որ չի գնալու ցույցերի և գործիք չի դառնալու հանցագործների ձեռքին։ Հավատացեք, այս ամենի մասին խորհելով, երեկ ընկերացել եմ նրա հետ «Ֆեյսբուք»-ում, առանց իմանալու, որ ոստիկանապետ է դառնալու։
Ծռերը նաև շատ լավ են արտահայտվել գեներալ Եղիազարյանի մասին։ Նա նույնպես գրագետ ու շատ համեստ մարդ է։ Ասում էին՝ նա անչափ մտահոգ էր ոստիկանության վիճակով ու համոզված էր, որ ինչպես երկիրն, այնպես էլ ոստիկանությունը խորը բարեփոխումների կարիք ունի։ Եղիազարյանը կողմնակից է եղել ոստիկանության իտալական մոդելին։
Այնպես որ, լավ մարդիկ կան նաև համակարգում։ Նրանց պարզապես պետք է հնարավորություն տալ մաքրագրելու իրենց անցյալը և նոր էջից ծառայելու Հայաստանի հանրապետությանը։
Մի հումոր էլ անեմ, մարդը պետք է գոնե մեկ անգամ Սասնա Ծռերի պատանդ լինի, որ իմանա ու հասկանա Ծռերի ցավն ու ոգեղենությունը, որ հետո ոստիկանապետ դառնա։
Շնորհավորում եմ Օսիպյան ջան։

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Օսիպյանը պետք է պատասխան տա քաղաքացիների դեմ ապօրինի գործողությունների համար։ Սա վենդետա չի, այլ անպատժելիության հաղթահարմանն ուղղված քայլ։


Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առնի հանրային կարծիքը և փոխի խիստ անհաջող որոշումը։

Առաքել Սեմիրջյան, գրող-հրապարակախոս

Օսիպյանին նշանակելով Նիկոլ Փաշինյանը մարդկանց ցանկանում է համոզել, որ ՀՀ ոստիկանությունում գեթ մեկ ազնիվ, բարոյական ու միաժամանակ արհեստավարժ ոստիկան չկա: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդպես չէ, պարզապես նրանց տեղը այս հեղափոխությունն էլ չի ցանկանում իմանալ, որի համար ես ոչ միայն ցավում եմ, այլ նաև մեր պետությանն եմ ափսոսում...

Դավիթ Գևորգյան, ակտիվիստ

Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակվելը միանշանակ չէր ընկալվելու և դա նորմալ է: Առաջին՝ զգացմունքային արձագանքները անցան, հիմա կարելի է արդեն ավելի հանգիստ հասկանալ այս որոշման դրական ու բացասական կողմերը: Բացասականի մասին երևի թե ամեն ինչ ասվեց տարբեր կողմերից:


Դրական երկու շատ կարևոր բան եմ առանձնացրել.


1. Օսիպյանին կարելի է մեղադրել տարբեր բաներում, բայց ոչ կոռուպցիայի՝ «ուտելու» մեջ:


Նա ապրել ու ապրում է համեստ, հասարակ կյանքով, բավարարվել է իր պետական աշխատավարձով: Ոստիկանական համակարգի առաջին խնդիրը կոռուպցիան է ու պետք է օր առաջ դրանից մաքրել համակարգը: Մաքուր ծառայած Օսիպյանը վստահ եմ շատ լավ գիտի, թե ո՞ր վտանգավորներին հանել, կգտնի բոլոր կաշառակերներին ու օրենքով հարցերը կլուծի, կմաքրի համակարգը. այլ ելք չկա՝ այդպիսին է վարչապետի հրահանգը:


2. Օսիպյանը, այսպես ասած, դաշտային ծառայության մեջ է եղել: Նրա ծառայությունը հիմնականում եղել է ՊՊԾ ծառայողների հետ: Ընտրություններին հիմնականում հենց այս ծառայողներն են պատասխանատու դրանց օրինական ընթացքի համար՝ թե՛ ընտրատեղամասերում, թե՛ դրանցից դուրս: Ոչ մեկ ընտրությունների ընթացքի վրա այդքան ազդեցություն չունի, որքան ոստիականպետն ու այդ համակարգը: Այս մասով էլ եմ դրական գնահատում. մինչ այս այլ հրամանները բավականին գրագետ ու ճիշտ կատարած Օսիպյանը, հիմա էլ գրագետ ու ճիշտ կկատարի ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու հրամանը. այս դեպքում էլ այլ ելք չկա՝ այդպիսին է լինելու վարչապետի հրահանգը:


Բացի այդ ուզում եմ նշել, որ Օսիպյանը թե իմ, թե երկար տարիներ շատ ուրիշ «ակտիվ» քաղաքացիների հետ տարբեր ակցիաների ժամանակ շատ կիրթ ու նորմալ շփվել է: Իմ համար կարող եմ ասել, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան է եղել ում հետ կարողացել եմ քննարկել տարբեր հարցեր՝ ունենալով տարբեր գնահատականներ, մոտեցումներ: Բազմաթիվ անգամներ կարողացել ենք իրար հասկանալով լարված իրավիճակներից ելքեր գտնել ու ընդհանրապես իրար տեսնելուց բարևել ենք միշտ, իրար որպիսություն հարցրել՝ անկախ նրանից որ բարիկադների հակառակ կողմերում ենք եղել:


Օսիպյանը կամ նշանակված ցանկացած այլ պաշտոնյայի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ազատել իր պաշտոնից ցանկացած պահի: Վստահ եմ, որ եթե պաշտոնյաներից որևէ մեկը չարդարացնի ժողովրդի սպասումները, վարչապետը օր առաջ նրան ազատելու որոշում կկայացնի:

Վահագն Թևոսյան, FPWC հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու

Օսիպյանի նշանակումը նենց չի, որ իմ կյանքը լուսավորել ա: Հերթական քայլ ա, որոնք կիրառելու համար Նիկոլին վստահել եմ վարչապետությունը: Չի դզում, բայց վստահել եմ, սպասում եմ, չեմ թքում հեռանում:


Դա հանդուրժում ա նաև (պարզվեց՝ կան տենցները) Օսիպյանից ծեծ կերածը, նրա ձեռով բռնվածը, նրան դատել խոստացածը՝ էդ գիտակցելով:


Նշանակումից խորապես հիասթափված, նոր Հայաստանի հեռանկարը կորցրած (պարզվեց տենցներն էլ կան) հպարտ քաղաքացիների համար սա իսկական ազդակ ա՝ փողոց դուրս գալու #մերժիրՆիկոլինկարգախոսով: Տենց ճիշտ չի լինի՞:


Հակառակ դեպքում ինչ-որ թսիկական բան կա էս ամեն ինչում, կներեք, ոնց որ իմ մեջ վերջիկ տարիներին՝ վռոձե բի տենց օբշի դժգոհ ես, դաժե տեղ-տեղ ռադիկալ դժգոհ ես, բայց շտոտը դրանից ավելիի հավես չկա: Կներեք, եթե մի քիչ չափազանցնում եմ, բայց փաստորեն Պապին էլի սխալվում էր, որ ասում էր ՀՀԿ-ն ա Նիկոլի ակների արանքը փեդ մտցնելու: Հենա մենք սկսել ենք, ինչ վատ ենք անում, որ:)

Լևոն Բարսեղյան, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ

Ես էլ եմ կարծում, որ Օսիպյանից լավ թեկնածուներ պիտի, որ լինեին Ոստիկանապետի պաշտոնի համար։ Հետո մտածեցի, որ վատ հնարք չէ հենց ոստիկանության հաճկատար Օսիպյանով մաքրել տալ հանցագործ վերնախավին։ Կանի՝ կգնա տուն, չի անի, ավելի շուտ կգնա։


Մոտ օրերս նոր ոստիկանապետին կուղարկենք անցած 40 օրվա հանցագործ ոստիկանների անունները, ֆոտոները, համապատասխան նկարագրերով ու թող փորձի անգործության մատնվի։


Նիկոլի իրավունքն է հավաքել իր անմիջական ենթականերին իր և իր թիմի հայեցողությամբ, նկատելով, որ շատերը դժգոհ են այդ որոշումից և ապոկալիպսիսի մեկնարկն են հայտարարել, ասեմ, որ ոչ մի ողբերգական բան չի եղել, ինչպես նշանակել է, այնպես էլ կարող է հանել, թե հակառակ բաներ արեց ջրցան գնդապետս։)

23120 | 1