Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Ինչպես կարող է ամրոցը դիմանալ, երբ ներսում լիքը բանալի հանձնող կա». ՌԴ նախագահական ընտրությունները Հայաստանում՝ քննարկման թեմա

երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.

Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում՝ ռուսական գլխավոր հյուպատոսարանում երեկ ընտրական մեկական տեղամասեր էին բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար: Բազմաթիվ մարդիկ, հիմնականում՝ հայեր, երկար հերթերի մեջ սպասել են, որ մասնակցեն ընտրություններին, ինչն էլ դարձել է քննարկման թեմա համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

«Առաջին լրատվական»

Հայաստանի իշխանությունը կատարել է իր ընտրությունը` չնայած հրապարակավ հնեցված գեղեցիկ ելույթների: Ռուսաստանի նախագահական այսօրվա ընտրությունները, ինչի առթիվ ընտրական տեղամասեր են բացվել նաև Երևանում` Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում գտնվող հյուպատոսարանում, ինդիկատորային եղան: Մեծ իմաստով` դրանք Հայաստանի իշխանության համար ոչ թե նախագահական ընտրություններ են, այլ ավելի պարզ, «մենթալիտետային» անվանում ունեն` Պուտինի ընտրություն:


Պուտինի համար Հայաստանի իշխանությունները չեն խնայել ոչ մի բան` խտրականություն չդնելով միջոցների միջև, գործի դնելով հայկական ընտրական «լավագույն ավանդույթները»: Դեռևս օրեր առաջ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Պուտինի ընտրությանը վերաբերվելու է նույնքան ջանասիրությամբ, որքան` սեփական վերարտադրությանը: Օրեր առաջ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղադրվեց ցուցանակ , որի վրա ռուսերեն և հայերեն տառերով գրված է «Ռուսասատնի համար կարևոր է նրա յուրաքանչյուր քաղաքացու ձայնը»: Իհարկե, ցուցանակի բովանդակությունը պետք էր «խմբագրել»` Հայաստանի իշխանությունը պայքարելու է Պուտինի յուրաքանչյուր ձայնի համար:


Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ ընտրողների հոծ բազմություն էր` Պուտինին ընտրողների արտառոց հերթ. Հայաստանի իշխանությունները «Գազելներով», գուցե նաև` համոզել-հարկադրանքով, փողով, մարդկանց բերել էին դեսպանատուն. չնայած հարսանյաց հանդեսին` քվեարկելու է եկել անգամ նորապսակների զույգը: Կասկած չկա, որ քվեարկության բերվածների մեծ մասը հայաստանցիներ են` գուցե կրկնակի քաղաքացիությամբ: Ընտրողների նման մասնակցություն, նման հերթեր չեն արձանագրվել անգամ հայաստանյան ընտրությունների ժամանակ:


Այսօրվա քստմնելի տեսարանը մտահոգության ավելի խորքային արմատ ունի: Քսանյոթ տարիների ընթացքում այնքան ֆունդամենտալ ենք տապալել սեփական պետության կայացման նախագիծը, որ մեր հազարավոր քաղաքացիներ` Հայաստանի փոխարեն, ընտրում են աշխարհի ամենաիզգոյ երկրներից մեկը` Ռուսաստանը, որը հաշված օրերի ընթացքում դառնում է միջազգային մասշտաբի ահաբեկչի համարում ունեցող երկիր:


Այնքան երկիր չենք դարձել, չենք զգում մեր պետությունը, որ հայաստանցիները նախընտրում են իրավունքներ ոտնահարող, մարդուն ոչնչացնող, պետական մակարդակով թրաֆիկինգի ենթարկող պետության քաղաքացի լինել:

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Այս ամեն մի ընտրողի քվեն, որ այպես կամավոր տրվում է այլ պետության ղեկավարին, և որոնք բոլորն էլ ՀՀ նախկին քաղաքացիներ են, հանդիսանում է թուք ու մուր Ձեր երեսին՝ Սերժ Սարգսյան ու նրան սպասարկող հպատակներ։


Սա սեփական և պետությունը, և իշխանությունը մերժելու հրապարակային ցուցադրություն է հենց մայրաքաղաքի կենտրոնում։


Ինձ հետաքրքիր է, թե ինչ զգացողություն եք զգում այդ տեսարանից՝ ինքներդ ձեզանից չեք զզվու՞մ...

Զինաիդա Սիմոնյան

Սրանք ազգություն ու արժանապատվություն չունեն, սրանք հայ չեն, հերթ կանգնել, որ քվիարկեն թշնամուն մինչև ատամները զինող և մեր անմեղ տղաների կյանքը խլող մարդո՞ւն: Ձեզ հերթ կանգնել պետք չէր, ուղղակի սողալով գնայիք ու կհայտնվեիք ռուսական բոլոր ալիքներում, ինչու ձեզ պետք է հարգի աշխարհը, փոխեք ձեր ազգանունները կամ թուրքական կամ ռուսական:

Գեղամ Նազարյան, քաղաքագետ

Ամոթի օր կամ կամ ազգային խայտառակություն


Սոցիալական ցանցերում ոմանք նեղսրտել են ռուսներից, հատկապես HTB հեռուստաալիքից, որ եթերում հայտարարել է, թե Հայաստանը «Ռուսաստանի հարավային ներկառուցվածք է, որը հոգեվարքի մեջ է»:


Անշուշտ, շատ լավ է, որ նման մարդիկ կան, որոնք վրդովվում են: Պարզից էլ պարզ է, որ ՀՀ ԱԳ նախարարությունը ռուսաստանյան կողմից պետք է ժամ առաջ բացատրություն պահանջի այս արտահայտության համար, բայց հիմա դիտեք այս լուսանկարը եւ փորձեք հասկանալ, թե ինչու է ռուսաստանցի մեկնաբանն իրեն թույլ տալիս նման հեգնական արտահայտություն Հայաստանի եւ հայերի վերաբերյալ:


Նրանք հայեր են՝ Հայաստանում ապրող, բայց շտապում են քվեարկել, ընտրել ՌԴ նախագահ: Պատրաստ են ժամերով հերթ կանգնել: Եթե ձեզ թվում է, թե նրանք այդքան ակտիվ են քաղաքականությունում, ապա սխալվում եք: Նրանք պարզապես փորձում են առիթն օգտագործել եւ քծնել ռուսներին, ռուսաց ցարին: Նրանցից ոմանք եկել են երեխաներով, որ քծնանքն ավելի ցցուն դարձնեն:


Ոմանք ասում են, թե մարդը ստիպված է հրաժարվել քաղաքացիությունից: Այս բացատրությունն անհասկանալի է. հարյուր հազարավորներ եւս ունեն հոգսեր, խնդիրներ, բայց չեն պատրաստվում երեսուն արծաթի համար քաղաքացիություն փոխել: Լավ, մի պահ ընդունենք, թե ստիպված են ՌԴ քաղաքացիություն ընդունել, բայց ո՞վ է նրանց ստիպել ստորացուցիչ հերթ կանգնել եւ քվեարկել:


Նույն այս մարդիկ, ապրելով Հայաստանում, անդադար հայհոյում են մեր երկրի ամեն ինչը, դժգոհում ընտրություններից, իշխանություններից, ընդդիմությունից, ամեն ինչից, բայց մասնակցում են Ռուսաստանի ընտրություններին եւ դա անում են՝ քծնելու առիթը բաց չթողնելու համար:


Դիտեք այս լուսանկարը: Հայտնի ֆիլմի հայտնի հերոսի բառերով ասած՝ երբ նայում եմ այս լուսանկարը, իմ աչքերում ամոթի արցունքներ են հայտնվում, որ ես հայ եմ: Ինչքան պետք է մարդը հատակում լինի, որ իր կնոջը հարսի շորերով բերի ՌԴ դեսպանատուն Պուտինին ընտրելու համար: Ստորաքարշության նման դրսեւորում աշխարհը գուցե չէր տեսել:


Այս մարդիկ ապրում են մեր կողքին: Այս մարդիկ ամեն օր ծաղրում են մեր երկիրը, բացասական մթնոլորտ ստեղծում, մարդկանց վարակում արտագաղթի վիրուսով:


Անշուշտ, խնդիրները շատ են, անարդարությունը շատ է, եւ իշխանությունները պետք է օր առաջ համապատասխան հետեւություններ եւ քայլեր անեն այս խայտառակությանը վերջ դնելու համար: Այն, ինչ մենք տեսանք այսօր, մեր երկրի ամոթն ու խայտառակությունն էր:


Տրտնջացող, հարյուր դոլար ավելի կենսաթոշակ ստանալու կամ որդուն զինվորական ծառայությունից ազատելու համար քաղաքացիություն փոխող հանրությամբ մենք չենք կարող զարգացած եւ ժամանակակից պետություն ունենալ: Մենք պետք է անցնենք մեզ բաժին հասած անապատով քառասուն տարի, որ պետություն ունենալու լիարժեք իրավունք ունենանք: Իսկապես, ի՞նչ սպասես մի մարդուց, որն ապրում է Հայաստանում, հայ է, բայց հպարտությամբ ասում, թե սա իմ երկիրը չէ, այլ Ռուսաստանն է իմ երկիրը եւ ժամեր շարունակ հերթ կանգնում, որ քվեարկի:


Համաձայնեք, որ այսքանից հետո ոչ ռուսաստանցիները, ոչ թուրքերը, ոչ էլ ամերիկացիները մեզ չեն կարող հարգել. նմաններին չեն հարգում:


Մենք արմատական քայլեր պետք է անենք, արմատական բարեփոխումներ՝ երկրում տնտեսական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար: Հակառակ դեպքում՝ օտար երկրի անձնագրեր ունեցողների միջոցով մեր երկիրը կուլ կգնա տարբեր ուղղություններից եկող մարտահրավերներին: Մենք չպետք է մոռանանք մարտի 18-ը:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական գործիչ

Այն որ Ռուսաստանի հայ /այդ թվում Հայաստանում ապրող/ քաղաքացիները պետք է ու սրբազան իրավունք ունեն քվեարկելու նախագահական ընտրություններում, կասկածից վեր է: Հարցը այլ դաշտում է՝ ինչ են ընտրում ու հանուն ինչի: Ես դժվար թե կարողանամ նրանցից որևէ մեկին մեղադրել, թե ինչու է նա իր քվեարկությունը կատարելիս մտածում թոշակի, Ռուսաստանում աշխատանքային պայմանների և այլ բաների մասին: Անգամ, եթե գտնում է, որ, օրինակ, Պուտինը ճիշտ է անում, որ աշխարհի վրա մատ է թափ տալիս: Եվ նախկինում, և այժմ էլ իմ խնդիրը այն մտածողության հետ է, որ դրա կրողները մտածում են, որ իրենց այդ նպատակների համար Հայաստանը, Արցախը ու նրանց ինքնիշխանությունը պատանդ են: 2013-14-ին ոմանք ճչում էին՝ թե մի մոռացեք, որ Ռուսաստանում 1.5-2 միլիոն հայ է ապրում: Չենք մոռանում, եղբայրներ և քույրեր: Այնտեղ ես/մենք էլ եղբայրներ ու քույրեր ունենք: Բայց դուք էլ մի մոռացեք, որ Հայաստանում ու արցախում 3 միլիոն հայ է ապրում, որոնք չեն ուզում հեռանալ այդ հողից ու նույնպես ապագա, անվտանգություն ու պաշտպանվածություն են ուզում: Ես անչափ կցանկանամ, որ մեր բոլորիս՝ Հայաստան-Արցախ-Սփյուռքի մոտ օրակարգը նույնը լինի, կամ եթե ոչ 100 տոկոսով, ապա օրակարգում լիքը նպատակ ընդհանուր լինի: Իսկ այդպիսիք հաստատ կան: Բայց չի կարող Սփուռքի մի հատված, որտեղ էլ լինի, Ռուսաստան թե այլուր, իր օրակարգը ու շահերը պարտադրի մյուս կողմին՝ առավել ևս հենց պետություն հանդիսացող կողմին, նրան պարտադրելով հանուն իր անձնական կամ խմբային նպատակների, ենթարկեցնել մյուսների նպատակներն ու իրավունքները: Ինչ վերաբերում է Պուտին ընտրողներին, ուղղակի ձեր քվեն քվեատուփ գցելուց հիշեք Պերմյակովին, Ավետիսյանների ընտանիքին, ապրիլյան պատերազմում զոհված մեր շուրջ 140 եղբայրներին, Ադրբեջանին տրվող սպառազինությանը, որը այդպես էլ չի դադարեցվում ու լիքը բաների մասին... Ընտրությունն իհարկե ձերն է, ու ձեր քվեն առաջին հերիթն ձեր խղճի ու ազնվության հետ պետք է համերաշխ լինի... Մի օրից պարզ կլինի, թե քանի գրոշ արժե այդ ամենը՝ մի թոշակ, մի խոպանչու աշխատատեղ թե անգին է զոհված ամեն մի հայորդու հիշատակի նման:

Արթուր Դավթյան, օգտատեր

Այս ավելի քան խոսուն իրավիճակը տարիներ շարունակ տարբեր կառույցներում տեղակայված հատուկ ծառայությունների ու հատուկ նշանակության ստորաբաժանումների հետևողական, նպատակամղված աշխատանքի/ռազմավարության/ արդյունքն է, որի նպատակն է խարխլելով սեփական երկրի/գուբերնիայի/ արդեն երկրորդական նշանակության պետականության հիմքերը՝ առաջ տանել մետրոպոլիայի շահերը... Թուք ու մուրը, ամոթն ու նսեմագույն վիճակի արժանի վարձքը ներկա խախուտ իշխանավարման վերարտադրության երաշխավորումն է: Թեպետ, այստեղ են ասել՝ «Քաչալը դեղ ունենա` իրա գլխին կքսի»

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ, հասարակական գործիչ

Ինչպես կանխատեսելի էր՝ ՌԴ նախագահի ընտրությանը մասնակցած Հայաստանում ապրող/գտնվող ՌԴ քաղաքացիների 90 տոկոսից ոչ պակասը քվեարկել է Պուտինի օգտին: Ընտրության պահին ՀՀ ՌԴ դեսպանատան առաջ հերթ կանգնած թոշակառուների զավակների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, ՌԴ -ում են ապրում: Հասկանալի է, որ նրանց զգալի մասի ընտրությունը փոքրիկ ՛՛երախտագիտություն՛՛ կամ ՛՛կաշառք" է ՌԴ գործող իշխանություններին՝ այնտեղ ապրող իրենց զավակների գոյության իրավունքի համար: Այս համարյա բացարձակ հավատարմությունը Պուտինին նշանակում է նաև, որ առաջիկայում ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու լրացուցիչ դյուրություններ կստանան: Մյուս կողմից նշանակում է նաև, որ երբ խոսում ենք ՀՀ բնակչության ժողովրդագրական վիճակի մասին, և թվեր ենք հրապարակում, սովորաբար խոսում ենք ՛՛ֆիզիկապես առկա բնակչության՛՛ մասին, շրջանցելով նրանց քաղաքացիությունը: Միաժամանակ չենք քննարկում, թե այլ քաղաքացիություն ունեցող ՛՛ֆիզիկապես առկա բնակչությունը՛՛ ինչպես է ազդում ՀՀ ներքաղաքական իրողություններին: Սա, ըստ էության, չուսումնասիրված դաշտ է: Հենց միայն այն փաստը, որ նրանք ՀՀ քաղաքացիներից կրկնակի բարձր թոշակ են ստանում, և զավակներից էլ, հավանաբար, ֆինանսական օգնություն են ստանում, առանց լրացուցիչ խոսքերի արտագաղթի ազդեցիկ քարոզչություն է: Հաճախ են հարցնում, թե եթե Ռուսաստանի ներքին անարդարությունը նույնն է, ինչ Հայաստանում, և եթե մարդիկ անարդարաությունից են փախչում, ինչու են ընտրում Ռուսաստանը, ոչ թե "իրավունքի" երկրները: Պարզից էլ պարզ է՝ մարդկանց մեծ մասը չի ընտրում, օգտագործում է հնարավորությունը: Ռուսաստանը ավելի մատչելի է, և անարդարության հավասարաության պայմաններում սոված անարդարությունը փոխարինում են համեմատաբար կուշտ անարդարությամբ: Դրան գումարած՝ պատերազմի մշտական վտանգը Հայաստանում և Ռուսաստանի անծայրածիր տարածքներում աննկատ դառնալու և աննկատ մնալու պատրանքը: Անիմաստ է այստեղ խոսել հայրենասիրության մասին: Հայաստանում մնալով՝ մշտապես վիրավորված նրանց հայրենասիրությունը չի աճում, Ռուսաստան գնալով՝ չի նվազում: Այդ մարդկանց վիրավորել պետք չի, նաև՝ չի կարելի: Խոսել հայրենասիրության մղումով Հայաստանում մնալու մասին՝ ամենից ավելի հաճախ նշանակում է այդ մարդկանց համոզել, որ հայրենասիրություն է սոված ապրելուն համաձայնելը, հանքահանության տարածքներում թունավորվելը, ոռոգման ջրի պակասի պատճառով հող մշակելու և արտադրանք ունենալու անհնարինությանը համաձայնելը, գյուղական դպրոցներում ուսուցչի բացակայությամբ իրենց զավակների կրթություն չստանալուն համաձայնելը, լուսանցքայնացումը թե ներկայում, թե տեսանելի ապագայում ևլն: Մյուս կողմից ՛՛թող պայքարեն՛՛ը չի աշխատում: Երկրի ողջ բնակչությունը չի կարող ներքաղաքական պայքարի մարտիկ դառնալ, չի լինում այդպիսի բան, բնակչության զանգվածային մոբիլիզացիա լինում է միայն ֆիզիկական բացարձակ, տեսանելի վտանգի դեպքում և քաղաքական ընդդիմության կողմից իրավիճակից դուրս գալու գործնական լուծման տեսանելի առաջարկների պարագայում: Հայաստանի 1988-1990թթ. զանգվածային մոբիլիզացիան ներհայսատանյան պայքարի ընթացք չէր: Ավելին, այս կամ այն չափով դրան համակրանքով էր վերաբերում նաև այդ շրջանի իշխանությունը: Ներկա փուլում բնակչության մոբիլիզացիա սպասող և դրա պակասից բողոքող ՀՀ քաղաքական ընդդիմությունը պետք է ոչ թե պայքարի ընթացքի ստրատեգիա և տակտիկական քայլեր մշակի և առաջարկի, այլ պայքարի գործնական նպատակ: "Իշխանափոխությունն" ինքնին չի կարող այդպիսի պայքարի նպատակ լինել: Հասարակությունն արդեն ՛՛իշխանափոխության՛՛ փորձ ունի և արդյունքների իմաստով նրա փորձը դրական չէ: Վատ կայունության և վատ անկայության միջև ընտրություն կայացնելիս մարդիկ ընտրում են վատ կայունությունը:

20310 | 1