«Երկրի հերոսները ձեր հոր սեփականությունը չեն, որ ձեր դաչայի ճաշակով զարդարեք». Արամ Մանուկյանի արձանի շուրջ քննարկումները չեն դադարում
Մամուլում ու համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել հայ նշանավոր պետական, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը: Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ է արտահայտվել նախագծին։ Փետրվարի 13-ին ավագանու նիստի ընթացքում որոշումը քվեարկության կդրվի։ Նշենք, որ արձանը նախատեսված է տեղադրել Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: |
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար
Կարծում եմ՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շուրջ ձևավորվող հակազդեցությունը պետք է հիմք հանդիսանա մրցույթի արդյունքները չեղարկելու և նոր մրցույթ հայտարարելու համար։ Ավագանու Ելք խմբակցությունում կքննարկենք այս հարցը և կտեսնենք, թե ինչ և ինչպես է հնարավոր փոխել։ Հ.Գ. Ինքս հավանել եմ մի քանի մրցութային նախագծեր, որոնք Արամ Մանուկյանին ներկայացնում են որպես պետական-քաղաքական գործիչ և ոչ թե այսպիսի ինքնամփոփ կերպար։ |
Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ
Արամ Մանուկյանին ամեն ձև ձեռ են առնում. տունը՝ քանդած, արձանը՝ բաղնիքի խալաթով: |
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Հրապարակեք այն քաղքենի մտավոռականների անուններն, ովքեր լկտիություն ունեն թամանյանական հանճարն իրենց բանջարով կեղտոտելու։ |
Կարեն Հովհաննիսյան, փորձագետ
Թող ինձ ների Արամ Մանուկյանը... Վերջում մեկ բառով բնութագրեմ՝ թրքություն... |
Հաղթանակ Շահումյան, նկարիչ, Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի անդամ
Այս տարբերակը, որ ներկայացված է, կոնկուրսի ժամանակ չի եղել, բայց համացանցից տեղեկացա, որ անգամ ավագանիում քննարկման է դրվել ու, իբր, հավանության է արժանացել: Թող իզուր ոչ մի բան հանձնաժողովի վրա չբարդեն: |
Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ
Քաղաքացին մանդատ է տվել մեզ՝ նաև իր անունից ձևավորելու Երևանի գեղագիտական ճաշակն, ու մեր որոշմամբ պետք է ասենք՝ ուզո՞ւմ ենք այդ արձանը տեսնել տվյալ վայրում, թե՞ ոչ: Բայց ՀՀԿ մեծամասնությունն այնպես է անում, որ արձանը տեղադրվի... Ես ինքս հետամուտ կլինեմ պարզելու՝ ինչպե՞ս է այդ տարբերակը եկել, երբ մրցութային հանձնաժողովի անդամն ասում է՝ մենք նման ընտրություն չենք կատարել: |