Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Այսօրվանից մեր «Արարատ-73»-ն «Արսենալ»-ն է»․ հանրությունը՝ Մխիթարյանի տրանսֆերի մասին

երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ։ Երկարատև տրանսֆերային շշուկներից հետո Հենրիխը, վերջապես, նոր ակումբ ունեցավ։

Այս թեման մեկնաբանել են`

Արսեն Վենգեր, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ

Մենք շատ լավ խաղացողին, փոխարինում ենք մեկ այլ շատ լավ խաղացողով, համաշխարհային մակարդակի խաղացողին՝ համաշխարհային մակարդակի խաղացողով:


Մխիթարյանը կարող է խաղալ թե՛ կիսապաշտպանության եզրում, թե՛ կենտրոնում։ Դա կարող է օգնել մեզ։ Նա որպես փլեյմեյքեր կարող է խաղալ Մեսութ Օզիլի հետ, այնպես որ, սա լավ տեղափոխություն է: Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում է։ Շատ ոգևորված եմ, որ ձեռք ենք բերել նման նվիրված ու կենտրոնացած ֆուտբոլիստ: Կենսական կարևորություն ունի ունենալ փորձ ունեցող խաղացողի։

Ժոզե Մոուրինյո, «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ

Ցանկանում եմ հաջողություն և երջանկություն մաղթել Հենրիխին։ Վստահ եմ՝ նա կհասնի դրան։ Նա ֆուտբոլիստ է, ում մենք երբևէ չենք մոռանա, հատկապես Եվրոպայի լիգայի հաղթանակի մասնակցության համար։

Զոհրապ Եգանյան, Գեղարքունիքի մարզպետի օգնական

Հիմա մենք երկու տեղ խոշոր Արսենալ ունենք, մեկը Արցախում, մեկը՝ Լոնդոնում… Այսօրվանից մեր «Արարատ-73»-ը «Արսենալ»-ն է...

Թաթուլ Հակոբյան, լրագրող, փորձագետ

Այո՛, «Արսենալ»։ Մենք զենքի ժողովուրդ ենք` ինչ գործ ունենք սատանաների հետ, այն էլ` կարմիր գույնի… Հայ ժողովուրդը փրկվեց Կարմիր սատանաներից և թիվ մեկ սատանա Ժոզե Մոուրինյոյից: Հուսանք, որ «Արսենալ»-ում Հենոն կփայլի, և Արսեն Վենգերը չի արժանանա նզովքի....

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Պատկերացնում եք` Հենոն իրա էտ մեծ աշխատավարձը Հայաստանում ստանար, ինչքան կուրախանար պետությունը՝ լիքը պահումներ անելով` մատաղի փող, բոշայի փողը, սաշիկի փայը, կենսաթոշակային, եկամտային հարկ, եկեղեցու տասնորդ, գլխագին, օդի փող, գույքահարկ, «ժեկ»-ի պետի կպցրած տան վարձ․․․

Տարոն Գևորգյան, լրագրող

Տարիներ առաջ «Արսենալ» տեղափոխվելուն շատ մոտ էր մեկ այլ լեգենդար հայ ֆուտբոլիստ: Խոսքը Գյումրիի «Շիրակ»-ի և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ներկայումս հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին է: Վերջին պահին հայկական ագահության պատճառով գործարքը չեղյալ համարվեց: Էդ հիմա է, որ Հենոյի, Յուրայի ու մեկ երկու այլ ֆուտբոլիստների փայլուն ելույթների շնորհիվ աշխարհի ֆուտբոլային քարտեզում տեղ գտավ նաև Հայաստանը: Իսկ այն ժամանակ հայ ֆուտբոլիստների մասին շաատ քչերն էին լսել, ու այդ պատճառով մեզ համար հեքիաթ էր թվում հայ ֆուտբոլիստի հայտնվելն անգլիական թոփ ակումբում: Բայց, ցավոք, այդ հանգամանքը հաշվի չառան 90-ականների ֆուտբոլային հայ չինովնիկները, ու Արթուր Պետրոսյանի տեղափոխության համար աստղաբաշխական /այն ժամանակվա չափանիշներով/ գումար պահանջեցին: Բնականաբար հեքիաթը չկայացավ, քանի որ որքան էլ Արթուրը տաղանդավոր էր, հայաստանցի ֆուտբոլիստի համար այդքան գումար ոչ ոք չէր վճարի:

Վաղինակ Շուշանյան, ակտիվիստ

Ֆուտբոլ մինչև 2006 թիվը չեմ սիրել։ 2006֊ի աշխարհի առաջնությունից սկսած սկսել եմ նայել ու սիրել որպես սպորտի մի ձև։ Չեմ ապրել ֆուտբոլով ու իմ համար կուռքեր չեմ ստեղծել։ Առանձնահատուկ վերաբերմունք չեմ ունեցել ոչ մի ակումբի նկատմամբ։ Իմ համար տարբերություն չի եղել թե որ թիմը կհաղթի, այլ թե ով գեղեցիկ տեխնիկա ու խաղ կցուցաբերի։
Եկավ մի ժամանակ, երբ ֆուտբոլի նորագույն պատմության մեջ սկսեցին հնչել հայկական ազգանուններ` Մովսիսյան, Մանուչարյան, Մխիթարյան, Ղազարյան և այլն։
Հիմա կասեք, որ սա պաթոս է կամ սուտ հայրենասիրություն։ Բայց սա իրականությունն է։ Ես իրոք հպարտանում եմ, երբ օտար երկրներում` բարձր ու տարբեր հարթակներից հնչում է հայկական ազգանուն։
Հենոյին ճանաչում էի դեռևս «Փյունիկ»-ից, անգամ միասին մարզումներ ենք ունեցել։ Բավականին նպատակասլաց ֆուտբոլիստ էր։ Հետո նրա անունը սկսեց ողողել ամբողջ ուկրաինական մամուլը։ Հենոն դարձավ ուկրաինական ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկում և նրա պատվին հայտնի երգչուհին կատարեց հայկական հայտնի «Ով սիրուն, սիրուն» երգը։
Հետո Հենոն տեղափոխվեց Գերմանիայի Դորտմունդի «Բորուսիա» ակումբ և սկսեց ծաղկել նաև այնտեղ։
2016 թվականին ֆուտբոլային գերակումբները կարծես պատերազմում էին միմյանց դեմ՝ Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Բախտը ժպտաց Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ին։ Այնտեղ սկզբնական շրջանում ամեն ինչ հարթ էր ընթանում մեր ֆուտբոլիստի համար, անգամ հայտնի «կարիճ» գոլից հետո, որը խաղից դուրս վիճակից էր եղել մրցավարները գրանցեցին, որովհետև այն այնքան գեղեցիկ էր։
Բայց քանի որ բոլորիս հայտնի ֆուտբոլիստի կարիերա «փչացնող» մարզիչ Մոուրինյոն էր «Մանչեսթր Յունայթեդ»-ում` Հենոյի աստղը սկսեց խամրել։ Նա անընդհատ սկսեց հայտնվել պահեստայինների նստարանին և ստանում էր քիչ խաղաժամանակ։ Վերջին երկու ամսվա մեջ անգամ չէր հայտավորվում և խաղում։
Հիմա նրան ձեռք բերեց անգլիական մեկ այլ հեղինակավոր ակումբ` Լոնդոնի «Արսենալ»-ը։ Հուսով եմ, որ Մխիթարյանն այստեղ իրեն կհասցնի իր կարիերայի գագաթնակետի և շատ ու շատ անգամներ կուրախացնի մեզ՝ հայերիս։
Ու կապ չունի թե ուր կտեղափոխվեր նա` միևնույն է՝ ես ուրախանալու էի նրա ցանկացած հաջողությամբ։

24639 | 0