Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Փողոցում նկարվում ենք, աշխատանքի վայրում նկարվում ենք, ավտոմեքենայում նկարվում ենք, մնում էր նաև մեր բնակարանում նկարվեինք». քննարկվում է «Ոստիկանության մասին» վիճահարույց նախագիծը

չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ոստիկաններին կարող են իրավունք վերապահել նաև առանձին դեպքերում հանրային վայրերում տեղադրել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր:


Օրինագծի վերաբերյալ քննարկումները խորհրդարանում բավականին բուռն էին:


Այս թեման մեկնաբանել են`

Վարդան Եղիազարյան, ՀՀ փոխոստիկանապետ

Էսօր ունենք 3 կարգի միջոցներ՝ ստացիոնար արագաչափեր, քաղաքով մեկ սփռված տեսախցիկներ, երրորդը կլինեն դյուրագրգիռ միջոցները, որոնք կլինեն ոստիկանների ձեռքին, հագուստի վրա կամ մեքենայում՝ ծառայելով հանցագործությունները բացահայտելուն, կանխարգելելուն, հասարակական կարգն ապահովելուն:

Արտակ Զեյնալյան, Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր

Սա ամբողջությամբ միջամտություն է մարդու իրավունքներին: Բնութագրում եմ ոչ թե արտակարգ ռեժիմով բերված օրենք, այլ՝ գաղտագողի: Օրենքը պետք է քննարկվեր մարդու իրավունքների հանձնաժողովում, որը չունենք, իսկ միավորված հանձնաժողովը դա չի քննարկել: Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին ըմբոստանալ այս գաղտագողի օրենքին:

Սասուն Միքայելյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Տեսանկարահանող սարքերը տեղադրելով՝ մարդու իրավունքներն ենք պաշտպանելո՞ւ, թե՞ ավելի ենք վնաս տալու: Դառնալու ա ոստիկանական երկիր՝ մարդ չի կարողանալու ազատ արտահայտվել, խոսել:

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Ի՞նչն է խնդիրը, որ առաջին հայացքից պոզիտիվ թվացող նախաձեռնությունն առաջացնում է նման մտահոգություններ: Շատ պարզ է, որովհետև տասնյակ տարիներ մեր երկրում եղել են քաղաքական հաշվեհարդարներ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դատավճիռներ, որոշումներ ու լինելու են, քանի դեռ չունենք անկախ դատական համակարգ: Մենք բոլորս իրավունք ունենք ունենալու կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի չարս: Նույն բանն է՝ նախագիծ բերեք մարդկանց վրա ժուչոկներ դնելու մասին... Մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամի խնդիր, ուստի իրավունք ունենք կասկածելու, որ նախագիծը ենթատեքստում բացարձակապես այլ պատճառներ է պարունակում:

Գևորգ Պետրոսյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Մենք բոլորս, անկախ մեր առաջին մասնագիտությունից, կինոդերասաններ ենք՝ փողոցում նկարվում ենք, աշխատանքի վայրում նկարվում ենք, ավտոմեքենայում նկարվում ենք, մնում էր նաև մեր բնակարանում նկարվեինք: Այսքանից հետո մեզ ոչինչ չի խանգարում հայցել միջազգային կառույցների աջակցությունը՝ մեզ հայտնի դերասանների ցանկում ընդգրկելու համար:

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

Ի վերջո ոստիկանության երազանքը կիրականանա՝ նա հնարավորություն կունենա ՀՀ-ում ցանկացած տեղ տեսախցիկներ տեղադրելու: Ինչո՞ւ է կառավարության համար այս համատարած տեսացիկների հարցն անհետաձգելի. քանի որ դիմացն ապրիլն է ու իշխանությանը պետք են երաշխիքներ ոչ միայն իմանալու, թե էս հատվածի պատգամավորներն ինչ են անում, այլ՝ նաև մյուս հատվածինը: Մենակ մեր չէ՝ ձեր վրա էլ են կախելու տեսախցիկներ: Այնպես որ, ժպտացեք, անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով:

Էդուարդ Շարմազանով, Աժ փոխնախագահ (ՀՀԿ)

Բնական է, որ հարցի քննարկումը գնաց այլ ուղղությամբ, որովհետև մտահոգություններ կարող են ունենալ բոլորը: Չեմ կիսում մեր ընդդիմադիր գործընկերների որոշ մտահոգությունները: Օրենքի նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու կամ ընդդեմ քաղաքական գործիչների է, այլ հանուն քաղաքացու պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանմանը, հնարավոր հանցագործությունների կանխարգելմանը:

23076 | 0