Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Եթե բոլտ ու գայկան էժանացել են, իսկ միսն ու կաթնամթերքը թանկացել, դա հարցի լուծում չէ». կարծիքներ՝ համատարած թանկացումների մասին

հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.

2018-ն սկսվեց թանկացումներով՝ պայմանավորված Հարկային օրենսգրքի փոփոխություններով: Արդեն տեղի է ունեցել դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների թանկացում՝ էլ ավելի սրելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակը։ «Ելք» դաշինքը պատրաստվում է հունվարի 19-ին երթ անցկացնել ընդդեմ թանկացումների՝ ակնկալելով հանրության աջակցությունը՝ Հարկային օրենսգրքի փոփոխության հարցում: Հունվարի 10-ի երեկոյան գնաճի թեմայով խորհրդակցություն էր անցկացրել նաև ՀՀ նախագահը՝ պատկան մարմիններին հանձնարարելով ուսումնասիրել գնաճի պատճառները, հետևանքները մեղմելու տարբերակներ գտնել:

Այս թեման մեկնաբանել են`

«Հայկական ժամանակ», օրաթերթ

Սերժ Սարգսյանը վախենում է զանգվածային ցույցերից... Այս խորհրդակցությունը տարօրինակ է, որովհետև ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի կարծիքով երկրում գնաճը մտահոգիչ չափերի չէր և եղածն էլ փոխհատուցվում էր այլ ապրանքատեսակների մասով ավելի էժան գներով:

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

Թանկացումների դեմ պայքարելու արդյունավետ ճանապարհը Հարկային օրենսգիրքը փոփոխության ենթարկելն է և հարկային նախկին դրույքաչափերին վերադառնալը: Մենք Ազգային ժողովում 9 հոգանոց խմբակցություն ենք և խորհրդարանական աշխատանքի վերջին ամիսների մեր պատմությունը ցույց է տալիս, որ նման գլոբալ փոփոխություն իրականացնելու համար ուղղակի միայն խմբակցության գործունեությունը բավարար չէ: Մենք այս երթով, որը պետք է տեղի ունենա հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մոտից, ակնկալում ենք, որ հանրությունն իր դիրքորոշումը կարտահայտի, այսինքն՝ կարտահայտվի Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելու օգտին:

Միքայել Մելքումյան, ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինք

Իշխանությունը պետք է փորձի զսպել գնաճը կա՛մ թոշակ-աշխատավարձ բարձրացնելով, կա՛մ քաղաացիների հարկային բեռը թեթևացնելով: Պետք է հասկանալ՝ այդ գնաճը բնականո՞ն էր՝ հարկային բեռի՞ հաշվին էր, թե՞ դրան գումարում են նաև գործարարների եկամուտները: Ես և մեր քաղաքական ուժը հակված ենք նրան, որ պետք է գնալ այս սոցիալական լարվածությունը թուլացնելու ճանապարհով:

Լենա Նազարյան, Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր

Մեր պահանջն է չբարձրացնել եկամտահարկը և ակցիզային դրույքաչափերը նույնը թողնել, որովհետև մի երկրում որտեղ աղքատության մակարդակը 29,4 % է, որտեղ 10 բնակչից 3-ը աղքատ է, որտեղ 881 500 ՀՀ քաղաքացու ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է 41 698 դրամից, իսկ 59 960 քաղաքացու ամսական սպառումը՝ 24 109 դրամից, այս քանկացումները և հարկային բեռը է՛լ ավելի է վատթարացնելու մարդկանց կյանքի որակը:

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Ակցիզային հարկի թանկացումը վառելիքի շուկայում քաոս է ստեղծել, իսկ բնական գազ վաճառող գործարարներին՝ հնարավորություն տվել դիմելու խարդախությունների։ Եթե մեր երկրի ներսում անբարեխիղճ տնտեսվարողները, օգտվելով առիթից, ոչ միայն հավելյալ եկամուտ են կորզում սպառողից, այլ նաև խաբում լիցքավորման ծավալների մեջ, ապա կառավարությունը պարտավոր է հնարավորինս արագ բացահայտել ու պատժել այդ անձանց՝ բացառելու նման մեքենայությունների ռեցիդիվն ու շուկայում տիրող քաոսին վերջ դնելու համար:

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար

Ակնհայտ է, որ այդ խորհրդակցությունը որոշակի պատասխան է բողոքի այն ալիքին, որը բարձրանում է, բայց նաև իր մեջ պարունակում է մի մեծ իմիտացիայի կոմպոնենտ, խոսք է գնում թանկացումները մեղմելու մասին, մինչդեռ թանկացումներն առաջացրել է ՀՀԿ-ն իր ներքին տնտեսական քաղաքականությամբ, փոխանակ մտածեն՝ ինչպես է հնարավոր կանխել այդ թանկացումը, մտածում ու հանձնարարում են, թե ինչպես է հնարավոր այն մեղմել: Այն մեղմել պետք չէ, այն պետք է կասեցնել: Թանկացումները նախապես կարելի էր կանխել ու հենց դրա վերաբերյալ նախագահը պետք է հանձնարարականներ տար՝ այն է, եկամտահարկի, ակցիզային հարկի թանկացումների չեղարկում արվեր:

Դերենիկ Մալխասյան, լրագրող

Սերժ Սարգսյանի ի՞նչ գործն է գնաճ մեղմելը։
Գնաճը մեղմելու ամենաարդյունավետ տարբերակը աշխատավարձերի ու թշոկների ինդեքսացիան է և բարձրացումը։
Փորձը ցույց է տալիս, որ իշխանություններն ինչ սուբսիդավորում են հետագայում մեր քթից է գալիս։

Լևոն Սարդարյան, քաղաքական մեկնաբան

Նոր տարուց էս կողմ խանութ մտել եմ միմիայն հաց ու սիգարետ առնելու համար, էնպես որ էս քննարկմանը ավելացնելու գրեթե ոչինչ չունեմ: Սիգարետի գինը դեռ չի փոխվել, հացինը` նույնպես: Բայց հետաքրքիրն էն ա, որ հացը զգալիորեն թեթևացել ա, ինչը, բնականաբար, թանկացման թաքնված տարբերակ ա:

Կարեն Ավագյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Թանկացումները բոլորին են անհանգստացնում: Դա մտահոգություն է, որ կարող է հնչել և «Ելք»-ից, և մյուս կուսակցությունների կողմից: Կապել ՀՀ նախագահի խորհրդակցությունը «Ելք»-ի հանրահավաքի նախօրեի հետ, անհիմն է: Եթե օբյեկտիվ պատճառներ կան, պետք է գտնել ձևերը՝ մեղմելու սոցիալական խնդիրները:

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Երբ մենք գնաճի մասին էինք խոսում՝ մյուսները բերանները ջուր առած նստած էին: Երբ ասում էինք, որ Հարկային օրենսգիրքը չընդունվի և նշում, որ հետևանքները ծանր են լինելու, քաղաքական որևէ ուժ այդ մասին չէր խոսում: Մենք նաև կոնկրետ առաջարկներով էինք հանդես եկել: Հիմա էլ առաջարկում ենք եկամտահարկի մասով փոփոխություն կատարել, որը գնաճի հետևանքները կանխելու քայլերից մեկը կլինի: Ծիծաղելի է իշխանության որոշ ներկայացուցիչների պնդումը, թե որոշ ապրանքներ էժանացել են: Եթե բոլտ ու գայկան էժանացել են, իսկ կարագը, միսը, կաթնամթերքը թանկացել, դա որևէ մեկին ոչինչ չի տալիս:

20140 | 0