«Ապրիլյան պատերազմում 800 հա կորուստ ունեցանք, 100 զոհ, ոչ ոք չպատժվեց, իսկ Բաբայանի հրամանատարության օրոք ազատագրվեց Արցախն ամբողջությամբ». արձագանքներ՝ Բաբայանի ազատազրկմանը
Ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման գործով մեղադրվող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: |
Ավետիս Քալաշյան, փաստաբան
Նման դատավճիռ կայացնելու մեջ միտում կար: Հետագայում, եթե համաներում լինի, դա չի տարածվի Սամվել Բաբայանի վրա: |
Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար
Այսօր երևաց, որ Բաբայանը ՀՀ թիվ մեկ քաղբանտարկյալն է, քանի որ ամենաշատն իրենից էին վախենում: Նախընտրական շրջանում նա ցանկանում էր, որ ընդդիմադիր ուժերը միասնական հանդես գան ու այդ նպատակով հանդիպել էր բոլորի հետ: Ես գիտեմ՝ ինչ են խոսել: Իշխանությունները վտանգ էին զգում, քանի որ Արցախում ևս նրան ակնածանքով էին վերաբերվում: Իշխանությունները զգացին, որ հնարավոր են ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական զարգացումներ ու դրա համար մեկուսացրին: |
Անդրանիկ Թևանյան, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ
Մենք գործ ունենք ենթադրության վրա հիմնված նախաքննության եզրակացության հետ: Չներկայացվեց ենթադրյալ հանցագործության, այսպես կոչված, մոտիվը: Այսինքն` ամբողջ շղթան պետք է բացահայտվեր մեղադրողի կողմից, բայց հասկանալի չդարձավ, որ եթե, ենթադրենք ինչ-որ գործողություն արել են, ապա ինչի համար են արել: Իսկ դա պարտադիր պայման է դատական գործընթացի համար: |
Նորայր Նորիկյան, փաստաբան
Հաճախ չէ, որ մեր երկրում հերոս է դատվում: |
Ոսկան Սարգսյան, լրագրող
Անկախ այն բանից, թե Սամվել Բաբայանը մեղավո՞ր էր իրեն առաջադրված մեղադրանքում, թե՝ ոչ, Արցախում ինչ մեծ սխալներ է ժամանակին թույլ տվել, նրա նկատմամբ դատավճիռը ոչ արդար էր, ոչ` նպատակահարմար: Հայաստանում արդադատություն չկա, կա` նպատակահարմարություն, բայց ո՞ւմ համար էր նպատակահարմար Սամվել Բաբայանին ազատազրկելը: Ապրիլյան պատերազմում 800 հեկտարի կորուստ ունեցանք 100-ից ավելի զոհեր, ոչ մեկը դրա համար պատասխան չտվեց, «չնստեց», Արցախի բանակի հաղթական հրամանատարին, ով հաղթանակի խորհրդանիշն է դարձել, ազատազրկել են կիսատ զենքի, «տրուբայի», մեկ էլ`ներկոտված եվրոների համար: |
Թագուհի Մելքոնյան, լրագրող
Օրենքի առաջ ինչպես և մարտի դաշտում հավասար են բոլորը: Անկախ ամեն ինչից` Սամվել Բաբայանը եղել և մնում է Արցախի ազատագրական պայքարի հիմքում կանգնած զինվորականներից մեկը: Նրա կենսագրությանը կավելանա 6 տարվա դատավճիռը, բայց երբեք չի սրբագրվի այն փաստը, որ նրա հրամանատարության օրոք ազատագրվեց 11.458 կմ² տարածք, ներկայիս Արցախի տարածքն ամբողջությամբ: |