Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Այս ստորագրումից ամենաշատը քաշվեցին օլիգարխներն ու գործարարներն, այսուհետ` 50% փայը միայն եվրոյով». արձագանքներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրին

երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.

Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Փաստաթուղթն ազատ առևտրի մասին ոչինչ չի ներառում, սակայն, ըստ փորձագետների, Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվում: Համաձայնագրի մասին կարծիքները հակասական են. շատերի համոզմամբ` էական ոչինչ չի փոխվելու մեր երկրում ու մեր կյանքում, մինչդեռ, ոմանց գնահատմամբ` համաձայնագիրը հավակնոտ է և հնարավորություն է տալիս ինտենսիվ բարեփոխումների:

Այս թեման մեկնաբանել են`

Ստեփան Սաֆարյան, քաղաքագետ

Այս համաձայնագրի ամենալավ անունն իսկապես «հավակնոտ» անունն է։ 400 էջի շրջանակներում չկա կենսագործունեության մի բնագավառ, ոլորտ, որտեղ սահմանված չլինեն խնդիրները, որոնք կարևոր են և՛ եվրոպական կողմի համար, և՛ հայկական կողմի համար, որտեղ սահմանված չլինեն, կամ ակնարկված չլինեն հիմնական ստանդարտները, որ պետք է ձգտեն գործընկերության ընթացքում՝ որևէ բարեփոխում, կամ որևէ քաղաքականություն իրականացնելու առումով։ Չկա մի ոլորտ, որտեղ հղում չկատարվի շատ խոշորագույն մի կոնվենցիայի կամ իրավական բազայի, որը խաղի կանոն է դառնում երկու կողմերի համար, և այդ առումով ամրացնում է, վերահաստատում է կամ ամրապնդում է երկու կողմերի հանձնառությունը, պարտավորությունը՝ գործելու այդ շրջանակներում, մնալու այդ շրջանակներում, հավատարիմ լինելու այդ արժեքներին, ձգտելու այդ ստանդարտներին, ներդնելու այդ վկայակոչված լավագույն եվրոպական փորձը, և այս առումով ծրագիրն, անշուշտ, հավակնոտ է։ Բայց ես կուզենայի, որ հավակնոտ լիներ ինքը՝ Հայաստանը, արդյո՞ք այդ հավակնոտ ծրագիրը ինքն իրեն կդառնա այդ երկնքից թափվող մանանան, միանշանակ՝ ո՛չ, և այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանը հավակնություններ ցուցաբերի:

Արամ Կարապետյան, քաղաքագետ

Այս ստորագրումից ամենաշատը քաշվեցին օլիգարխներն ու գործարարներն, այսուհետ` 50% փայը միայն եվրոյով:

Գագիկ Մինասյան, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իր հետ բերում է նոր հնարավորություններ Հայաստանի ներքին զարգացումների համար, դա մարդու իրավունքներն են, իրավական դաշտի ներդաշնակեցումն է Արևմտյան չափանիշներին և այլն։ Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս այն բարեփոխումները, որոնք մենք պլանավորել էինք իրականացնել առաջիկայում, իրականացնել շատ ավելի ինտենսիվ և արագ տեմպերով՝ օգտվելով նաև մեր Արևմտյան գործընկերների օժանդակությունից:

Վարդան Բոստանջյան, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրով լայն հնարավորություններ են բացվում ընդհանրապես արդիականացման, քաղաքակրթվածության բարձրացման և զանազան հարաբերությունների կարգավորման առումով։
Համաձայնագիրն, ըստ էության, ներառում է գրեթե մարդկային հարաբերությունների կարգավորվածության բարձր մակարդակ, ինչպիսին Եվրոմիությունում է, և այդ համաձայնագիրը, կարծեք թե, Հայաստանի առաջ դնում է պարտավորությունների մի ամբողջ համակարգ, համաձայն որի, ես կարծում եմ, չասենք առաջընթացը կտրուկ կլինի, բայց մենք կսկսենք իսկական, իրական առաջընթացի տիրույթում գտնվել:

Համլետ Կիրակոսյան, Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր

Եթե նորմալ իշխանություն ունենանք, այս համաձայնագիրը միայն այդ դեպքում մեծ քայլ կլինի ու արդյունք կունենանք....

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Բնականաբար այս համաձայնագրով Եվրոմիության անդամ չենք դառնա, ոչ էլ կտրուկ ինչ որ փոփոխություններ կլինեն։ Բայց, համաձայնագիրը մեկ մեծ քայլ է դեպի զարգացած քաղաքակրթություն, դեպի մեր տեսակը։ Իսկ մեր տեսակն ավելի հոգեհարազատ է արևմտյան քաղաքակրթությանը և ոչ թե փտած ու հետամնաց ԵԱՏՄ «կլուբին», ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ համոզել։

Դավիթ Գևորգյան, օգտատեր

Ֆեյսբուքահայությունը Եվրոպա «մտավ» ... ոմանք ցնծում են, ոմանք տխրում: Վերաբերմունքս չեզոք է, քանի որ իմ կարծիքով էական ոչինչ չի փոխվելու մեր երկրում ու մեր կյանքում. մեր հիմնական խնդիրներն այլ տեղերում են, այլ լուծումներ են պահանջում ու դրանք գնալով մեծանում են:

Գևորգ Գորգիսյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Թե ինչպես կօգտվենք այդ հնարավորությունից, ամբողջությամբ կախված է իշխանություններից և նրանց քաղաքական կամքից: Կլինի այդ քաղաքական կամքը, մենք կկարողանանք զարգանալ շատ լուրջ տեմպերով, հակառակ դեպքում՝ կմնանք այս վիճակում:

Արշալույս Մղդեսյան, լրագրող

Ասեք, ինչպե՞ս իրեն զգաց երկվա ստորագրումից հետո Շիրակի գյուղացին, Սրևանի ձկնորսը, Սյունիքի հովիվը կամ Տավուշի առևտրականը: Գաղտինք բացեմ, ոչ մի կերպ, ավելին ասեմ, երևի խաբար էլ չէ, թե ինչ կատարվեց ու ինչի համար: Ի դեպ, ինչ վերաբերում է համաձայնագրով եվրոպացի դառնալուն` թլի հիասթափեցնեմ, տենց չեն դառնում: Աֆրիկայի շատ երկրները՝ եվրոպական պետությունների նախկին գաղութները, տենց որ լիներ շուտվանից Եվրոպա պիտի դառնային: Գրեթե ամբողջությամբ պահվում են ԵՄ-ից, իրենց էլիտան կրթություն է ստանում Եվրոպայում և այլն: Ու ի՞նչ, գրեթե ոչինչ՝ մեծ կլոր զրո:
Ասածս ինչ է՝ ուզում ես եվրոպացի լինել, եթե իհարկե դրա տակ հասկանում ես օրենքի երկիր ու իրավական պետություն, ապա եղիʹր: Միʹ խախտիր օրենքը, երբ տեսնում ես ոստիկան չկա, աղբն աղբամանում գցիʹր (թեպետ ԵՄ-ում էս հարցում լիքը խնդիրներ կան), հարկերը վճարիʹր, ընտրություններին թաղի գագուլիկների ու սաքուլիկների կամ հարգարժան Ավետիք Իսահակյանի համար միʹ քվեարկիր, պահանջիʹր իշխանությունից, վերահսկիʹր, պայքարիʹր իրավունքներիդ համար ու ամեն ինչում իշխանությանը միʹ մեղադրիր՝ սեփական պատասխանատվության աստիճանը զրոյացնելով:
Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին ոչ մեկ կոսմոսից չի գցել մեր գլխին: Էս հասարակության ծնունդն են: Նույն լֆիկը են փողոցը կարգը խախտելով անցնող քաղաքացին է, էն որ ամեն որ կողքովդ անցնում ա, ուղղակի ավելի մեծ հնարավորություններով:
Պետություն, հասարակություն կառուցելը, կառավարելը ամենօրյա բարդ հաճախ նաև զզվելի աշխատանք է, որը պետք է անել, հարգելի եվրոպացիներ:

Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր

Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Եվրոմիության անվտանգության համար: Կարևոր է, որպեսզի ԵՄ-ն ասոցացման մասին աշխատող համաձայնագրեր ունենա Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Նմանատիպ համաձայնագրեր են պլանավորված նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ, որոնք, այնուամենայնիվ, արմատական փոփոխությունների չեն հանգեցնի: Այդ երկրներում Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական դեր են խաղում:

24386 | 0