Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

««Օրինաց երկիրը» կուսակցության անունն էր փոխել, բայց ոչ՝ գործելաոճը». կարծիքներ՝ ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի մասին

երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Մամուլում ու համացանցում քննարկվում է շաբաթ երեկոյան Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի (ՀՀԿ) և իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական Վերածնունդ» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի թեման:
«ՕԵԿ-ը կարող է հարյուր անգամ փոխել կուսակցության անունը, բայց դրանից չի փոխվում բովանդակությունը»,- ասում են ընթերցողները՝ կցելով Հեղինե Բիշարյանի հայտնի արտահայտությունն՝ արված նախորդ տարվա ընտրություններից հետո. «Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայնությունից, քաղաքական անբարոյականներ են»:
Այս թեման մեկնաբանել են`

Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ

Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ

Զարմացած չենք… Նաև բացահայտվեց, թե ովքեր մեկ տարի առաջ վաճառեցին վանաձորցիների ապագան... «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմելու է կառավարություն, որպեսզի գործադիր իշխանությունն ի կատար ածի Սահմանադրական դատարանի որոշումը: Այսինքն՝ դադարեցնի Վանաձորի ավագանու լիազորությունները և նշանակի ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Հիմա գնդակը կառավարության դաշտում է: ՍԴ-ի որոշումից հետո ՀՀԿ-ն այլ քայլ չուներ, քան բացահայտման գնալ:

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

Հուշագրի ստորագրումն, ըստ էության, դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակն սկսեց կենդանանալ: Եթե Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդ»-ը կարող է իր համբույրներով փորձել վերակենդանացնել նրան, բայց տվյալ դեպքում մահացած դշխուհու հետ գործ ունենք, որին վերակենդանացնել հնարավոր չէ:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Վանաձորում այսօր կատարվեց այն, ինչի մասին դեռ 1909 թվականին գրել էր մեծն Ավետիք Իսահակյանը.
- Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ, բարեհույս, ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Մամիկոն Ասլանյանը վերածնվեց:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր Վանաձորին մեջ...

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան
Մի ժամանակ գոնե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար էին արժեզրկվում, հիմա արդեն ընդամենը Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետի տեղակալի պաշտոնի...

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Զարմանում եմ, որ զարմանում եք ՀՎԿ-ի որոշումից։ Նրանք պարզապես իրենց կուսակցության անունն էին փոխել, բայց գործելաոճը՝ ոչ։ 2008-ի մարտյան իրադարձությունները բավարար էին։

Կարեն Դավթյան, Վանաձորի ՀՎԿ խմբակցության ղեկավար

Վանաձորի ՀՎԿ խմբակցությունը վճռականորեն դատապարտում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունները ՀՎԿ-ՀՀԿ տեղական կառույցների միջև նոյեմբերի 19-ին ստորագրված հայտարարության առնչությամբ։
Ավելի քան 1 տարի շարունակ Մարուքյանն իր եղբոր սեփական շահերը սպասարկելու նպատակով, օգտագործելով իր ազդեցության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցների, սպառնալիքներով և շանտաժով անձնական- քաղաքական գործընթաց է նախաձեռնել ՝ նպատակ հետապնդելով բացառապես լուծել անձնական ու ազգակցական խնդիրներ։
Այսօր՝ ավելի քան մեկ տարի անց, հայտնի քվեարկությունից հետո,երբ ՀՎԿ խմբակցությունն իր պատգամավորներով սատարեց Քրիստ Մարուքյանին, ոչ միայն քաղաքական գործընկերություն, այլև տարրական մարդկային երախտագիտության դրսևորում չցուցաբերվեց վերջիններիս կողմից, այլ ընդհակառակը՝ իր ազդեցության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների կողմից, որտեղ տաքուկ տեղավորվել են իրենց ազգականները, պարբերաբար շահարկեցին, որ ձեռք բերված քաղաքական համաձայնության խախտողները հենց ՀՎԿ խմբակցության անդամներն են եղել՝ երկու եղբայրներով բարբերաբար «ինտերվյուներ տալով»։ Նման գործելավոճը դատապարտելի է և քաղաքական, և բարոյական առումով։ Այսօր էլ, մեկ տարի անց շարունակվում է նույն ցինիկ, շանտաժով լեցուն, կեղծ և լկտի գործելաոճը։ Իշխանության ջանքերով դեռևս նախորդ խորհրդարանում հայտնված, ապա նույն իշխանության ջանքերով այս գումարման խորհրդարանում մտած այդ կուսակցության ներկայացուցիչները գառան դիմակով «գայլուկներ» են դարձել՝ իրենց հայտարարելով Վանաձորի «ընդդիմադիրներ»՝ չմոռանալով իրենց ազգականներին տեղավորել ՀՀԿ ավագանու ցուցակներում։ ՀՎԿ ավագանու խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը և հայտարարում, որ խմբակցությունը միշտ գործել է բաց, շիտակ և հրապարակային։
Մեկ տարի առաջ խմբակցությունը քվեարկել է միաձայն ՝ համաձայն ստորագրված հուշագրի, մինչդեռ, իրենց իսկ խոսքով դավաճաններին, լավ կլինի իրենք փնտրեն իրենց շարքերում։ Վստահ ենք, որ առաջիկա քաղաքական գործընթացները կբացահայտեն դա։
Այսօր, մեկ տարի անց, երբ կազմալուծվել է Վանաձոր քաղաքի բնականոն գործունեությունը և անտեսվել են վանաձորի բնակիչների խնդիրները, քաղաքում ձևավորվել է անառողջ մթնոլորտ, մենք՝ վանաձորցիների ավելի քան 20 տոկոս քվեն ստացած ավագանիներս, չենք կարող պրիմիտիվ քաղաքական շանտաժի հետևանքով հրաժարվել մեր քաղաքացիներին տրված խոստումներից և շարունակել այս անորոշ և երերուն գործընթացը։ Մենք գնում ենք մեր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ու վանաձորցիներին տրված խոստումները կատարելու՝ ստանձնելով Վանաձորի կառավարման համատեղ պատասխանատվությունը՝ մշտապես լինելով բաց, թափանցիկ և հաշվետու հասարակության առջև։

23652 | 0