Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Երիտասարդները հանուն ուսման պարտավոր են պայքարել նաև կաշառակերության, ընտրություն կեղծողների և իշխանական ուսխորհուրդների դեմ». արձագանքներ՝ դասադուլավորների պայքարին

«Երիտասարդները հանուն ուսման պարտավոր են պայքարել նաև կաշառակերության, ընտրություն կեղծողների և իշխանական ուսխորհուրդների դեմ». արձագանքներ՝ դասադուլավորների պայքարին
Նոյեմբերի 7-ին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ էին կազմակերպել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տարկետման իրավունքի սահմանափակման օրինագծի դեմ, որն Աժ-ն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները հադիպում էին պահանջում Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարների հետ:
Համացանցում տարբեր գնահատականների է արժանացել ուսանողների դասադուլը: Մի մասն այն որակել է դասերից փախնելու միջոց, մյուս մասն՝ արդարացրել:
Այս թեման մեկնաբանել են`

Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

Տարիների ընթացքում գիտության «հերն» անիծվել է այնպես, որ այսօր միանշանակ հանգիստ կարելի է վերացնել տարեկետումն, այլ հարց է, որ զուգահեռ պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց ունենալ այնպիսի գիտություն, որ վերանայվի օրենքն ու որոշակի բացառություններ սահմանվեն։
Հարգում եմ պայքարը, բայց պայքարողները պետք է առարկայական փաստերով ներկայացնեն այն գիտական լուրջ ձեռքբերումները, որոնք կարող են վտանգվել, եթե նրանք մեկ րոպե կտրվեն գիտությունից և, որ բանակը խլելու է այդ մեկ րոպեն` վտանգելով գիտության զարգացումը:

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ
Այսպիսի մի կարծիք է շրջանառվում, իբրև թե այսքան տարիների ընթացքում ուսանողությունը երբեք ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ իրենք իրավազուրկ են և ձայնազուրկ՝ լուսանցքից այն կողմ թողնված ինչ-որ անտարբեր քաղքենի զանգված:
Իհարկե սա չափազանց ճիշտ բնութագրում է, իսկապես ուսանողության ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ ամփոփված է եղել կոմֆորմիզմի և անտարբերության թմբիրի մեջ: Նրա քաղաքացիական գոյությունը հավասարազոր է եղել չգոյության:
Բայց մի՞թե այս հանգամանքը կարող է մեզ թույլ տալ հեգնանքով վերաբերվել ներկայումս ձևավորված պայքարին: Իմ համոզմամբ ո՛չ: Այն ժամանակ անտարբեր էին, իսկ հիմա անտարբեր չեն, այն ժամանակ թքած ունեին պայքարի վրա, իսկ հիմա իրենք են պայքարում: Եվ սա բնականոն պրակտիկա է, քաղքենի կոմֆորմիզմը ձյան պես հալվում է, իսկ ըմբոստության ոգին՝ դառնում առաջնային:
Համոզված եմ, ժամանակի ընթացքում կարծրատիպերն այնքան են կոտրվելու, մինչև որ Երևանի փողոցներում ուսանողների կողմից ծեծված ոստիկաններ ու այրված մեքենաներ հայտնվեն: Տրամաբանական ընթացք: Այսինքն մի ճնշեք ջահելներին, անկախ նրանից՝ ճիշտ են, թե սխալ, միևնույնն է, նրանց ըմբոստությունն այս պետության ապագան է:

Հայկ Մամիջանյան, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար

Հայկ Մամիջանյան, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար

«Դասադուլ գիտության համար» գաղափարն իմ համար նույնքան հետաքրքիր է հնչում, որքան «սեքս հանուն կուսության» /գաղափարը փոխառել եմ Վիկտոր Ենգիբարյան -ից/։
Հա, մեկ էլ Վիգեն Սարգսյանի հրավերը մերժելը չեմ հասկանում...
Իսկ եթե լուրջ, ապա ես շատ լավ հասկանում եմ, որ կազմակերպիչների համար ավելի հեշտ է կազմակերպել դասադուլ, քան ասենք նստացույց դասերից հետո կամ որևէ այլ ակցիա։ Դասադուլ առհասարակ բավական հեշտ է կազմակերպել։
Իսկ գիտեք խնդիրը ինչում է՝ երիտասարդներին էներգիան պարպելու տեղ է պետք՝ գոռալու, նոր ընկերներ ձեռք բերելու, ուս ուսի որևէ խնդրի համար պայքարելու։ Խորապես վստահ եմ, որ եթե ՀՀ-ում համաշխարհային աստղերի համերգներ ավելի շատ լինեին՝ այդ էներգիայի մի մասը կսպառվեր այդտեղ /ուշադրություն՝ աստղերի, ոչ թե ԱՍՏՂԻ ՉՐԵՐԻ՝ Յաննի, Руки вверх և այլն/
Հ. Գ. Խոստանում եմ բացակա չնշանակել իմ բոլոր այն ուսանողներին, ովքեր կկարողանան հստակ ձևակերպել, թե ինչին են դեմ ու ինձ ապացուցել իրենց տեսակետը։
Հ. Գ. 2. հա ու ես գիտեմ, որ իմ «ձայնը տաք տեղից է գալիս», քանի որ օգտվել եմ տարկետումից կրթական ԲՈԼՈՐ փուլերում։ Ինչ կլիներ իմ հետ, եթե այդ տարկետումները չստանայի՝ մի երկու սխալ քիչ կգործեի կյանքումս ու հիմա ավելի հեշտ կապրեի։ Վստահեցնում եմ Ձեզ...

Աշոտ Ասատրյան, օգտատեր

Աշոտ Ասատրյան, օգտատեր

Իհարկե շատ հրաշալի է, որ երիտասարդները փորձում են պայքարել և կարծես թե միասնական կերպով դասադուլ են հայտարարել ու իրենց բողոքն են ներկայացնում, սակայն պետք է հասկանան, որ սա առաջին քայլն է, որին հաջորդող քայլերը ավելի դժվար են լինելու:
Ուսանողներն այս ամենից հետո ուղղակի պարտավոր են պայքարել որակյալ ուսման, կաշառակերության, ընտրություն կեղծողների ու իշխանական ուսխորհուրդների դեմ, եթե իրոք պայքարում եք հանուն ուսման, այլ ոչ թե բանակից փախնելու համար: Այլ դեպքում նման բողոքի ակցիան ուղղակի անիմաստ քայլ կլինի:
Ու մի կարևոր խորհուրդ ևս, ձեր շարքերից դուրս հանեք տարբեր կուսակցությունների մեջ թաթախված և ընտրությունների ժամանակ ձայն հավաքողներին, քանի որ ամենաորոշիչ պահին նմանները ձախողելու են ձեր ակցիան:
Հարգելիներս, խնդրում եմ մենակ էտ ցույցի ժամանակ մի հայտարարեք, որ նախագիծը մեծ հարված է հասցնում մեր կրթությանը և գիտությանը: Ախր մեր կրթությանը և գիտությանը հարված տվողները ձեր շենքերի ներսում նստած են ու իրենց մոտ դասի եք գնում դուք:

Վահագն Սարոյան, լրագրող

Վահագն Սարոյան, լրագրող

Երկու օր է՝ հետևում եմ դասադուլավոր ուսանողներին: Որևէ մեկը թող չհամոզի, որ նրանց խնդիրը գիտություն զարգացնելն է, կամ գիտնական դառնալը: Բանակ չգնալով գիտնական չեն դառնում, բուհի տված վկայականներով էլ գիտություն չեն զարգացնում: Փոխարենը գիտենք, որ կրթական տարկետումն ընդամենը բանակից խուսափելու միջոց է: Իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ դասալքություն: Ինչքան էլ կոպիտ հնչի՝ դասադուլավորների մեծ մասն իրականում դասալիքներ են: Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա խնդիրը մեկն է. դասալքություն երևույթը չպետք է դառնա քաղաքական կարիերայի արդյունավետ ռեսուրս: Ճիշտ 100 տարի առաջ դասալիքների, բանակից խուսափողների ու կռվից վախեցողների պատճառով Կարսն առանց մարտի հանձնվեց: Այսօր ևս երկընտրանքը մեկն է. կամ խուսափում ենք բանակից, կամ խուսափում ենք դասալքության պատճառով նոր Կարսեր հանձնելուց:

Հարություն Հարությունյան, լրագրող

Հարություն Հարությունյան, լրագրող

Դասադուլ պետք է անել, բայց լրիվ այլ պահանջով...
Ուսանողությունը դասադուլ է անում: Նորմալ է, ուսանողությունը պետք է ակտիվ լինի: Հեղափոխական տարիք է. պինդ, ջղաձիգ, տեսլականներով լեցուն տարիք: Բայց եկեք տեսնենք, թե ինչի համար է այս դասադուլը և փորձենք հասկանալ, թե ում ականջներն են այստեղ թաքնված:
Ուզում են գիտնական դառնալ, ասում են: Դարձեք, Ձեզ ո՞վ է խանգարում: Իսկ անցած 25-26 տարիներին քանի տղա է գիտությամբ լուրջ զբաղվել: Համենայնդեպս, եթե զբաղվել են, ապա այնպես, ինչպես սովորում և ավարտում են ԲՈՒՀ-ը: Իմ փորձից ասեմ, երբ առաջին անգամ մտա լսարան, չորրորդ կուրսում տղա կար ազգանվան մեջ սխալ էր անում: Ավարտեց: Կարևոր չէ, ոնց ավարտեց, կարևոր է, որ արդեն կարող է դառնալ, պատգամավոր, նախարար և ինչպես ինքն էր ասում՝ «կարողա ուզենա գյուղապետ դառնա»: Չգիտեմ, ինչ դարձավ և արդյո՞ք մի օր կդառնա, բայց, որ իր մասնագիտությամբ նա չի աշխատելու, առաջին կուրսից էր պարզ:
Իսկ դասադուլ պետք է անել, հաստատ, բայց ոչ թե տարկետման համար, այլ նրա, որ QS- 2016-ի տարածաշրջանային ցուցակում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի լավագույն 200 համալսարանների ցանկում տեղ չի գտել ոչ մի հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն: Ադրբեջանական՝ կա, բելոռուսական՝ կա, էստոնական, ղազախական՝ կա, բայց արի ու տես Հայաստանը իզով-թոզթվ չքված է, ցուցակում չկա:
Սիրելի ուսանողներ, պահանջեք նորմալ կրթություն, եթե այդքան սկզբունքային և վճռական եք: Ձեր ծնողները մեղք են, նրանք վճարում են մի բանի համար, որ դուք չեք ստանում: Իսկ դիպլոմը, լինի այն կարմիր, թե կապույտ, էական չէ: Եթե գիտելիք չունես, դիպլոմդ լավագույն դեպքում օժիտի մաս է կազմելու, իսկ տղաների դեպքում՝ լրիվ անիմաստ մի բան:

Արմեն Դուլյան, հեռուստամեկնաբան

Արմեն Դուլյան, հեռուստամեկնաբան

Էնքան էլ չեմ հասկանում էս բողոքի պատճառը...
Ուսանողների ճնշող մեծամասնությունն առանց այն էլ զրկված է տարկետման իրավունքից։ Ճի՞շտ է։ Մնում է շատ փոքր մասը։ Ճի՞շտ է։ Էդ փոքր մասը բուհ ավարտելուց հետո անպայման ուզում է գիտությամբ զբաղվե՞լ։ Ես էլ եմ ավարտել՝ կյանքում մտքովս էլ չէր անցել գիտությամբ զբաղվել, որովհետև իրավաբանականն ավարտածն ուզում է կոնկրետ աշխատել՝ փաստաբան, դատավոր, դատախազ, նոտար... Լավ, բանասիրականը վերցնենք՝ բոլորն ուզում են բանասիրական գիտությունների դոկտոր դառնա՞լ... Մեր ժամանակ 99 տոկոսը կամ դասատու էր դառնում, կամ լրագրող ու դժվար թե հիմա իրավիճակը կտրուկ փոխված լինի... Իսկ էդ դեպքում ինչ նշանակություն ունի, թե երբ ես բանակ գնում՝ դիպլոմը ստանալուց առա՞ջ, թե՞ հետո... Ինձ թվում է՝ կամ ես ինչ-որ բան չեմ հասկանում, կամ բողոքողներն են չափազանցնում...

Զոհրապ Եգանյան, Գեղարքունիքի մարզպետի օգնական

Զոհրապ Եգանյան, Գեղարքունիքի մարզպետի օգնական

Տղեք, պաշտպանության նախարարն ասում է գնացեք բանակում երեք տարի սպա աշխատեք ու ձեր գիտելիքները ներդրեք Հայրենիքի պաշտպանության գործին։ Ուսանողներ ջան, մենք այլընտրանք չունենք, մենք պետք է ծառայենք բանակում, հասկանում եմ, ասում եք բա ինչու են չծառայածները շատ իշխանության ներսում, ես այս հարցը բարձրացրել եմ դեռ 2008-ից, երբ զորացրվեցի, հա խնդիր է, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Չենք կարող մեզ թույլ տալ ուղղակիորեն մի քանի տարի ՊՆ-ի ենթակայության տակ չգտնվել, մեր պայմաններն են այդպիսին, մեր վիճակն է պահանջում, մեր սահմանների մոտ հակառակորդի զորքն է կանգնած ու չգիտենք թե ինչ կլինի օրինակ՝ վաղը։ Իրականում բոլորս էլ գիտենք, որ գիտության զբաղվելու քողի տակ շատերն ուղղակի բանակ չգնալու հարց են լուծում, իրենց «գիտությամբ» ոչ մի օգուտ չտալով երկրին, սրա դեմն առնելը հնարավոր է միայն այսպես, թող բոլորը գնան ու ամեն մեկն իր գիտելիքն օգտագործի երկրի համար։ Եթե այսօր մենք չանենք այս քայլը, ապա վստահ եմ, որ շատ շատերն իրենց երեխաներին տանելու են երկրից, հիշեք, որ յուրաքանչյուր արտագաղթող իր փայ պետական պարտքն է թողնում մեզ, յուրաքանչյուր բանակից խուսափող խրամատի իր փայ հատվածն է թողնում մյուսի ուսին։ Սա է ամբողջ հարցը, գնացեք, ծառայեք, փող ստացեք, տան հիպոթեք փակեք, հետ եկեք ու գիտությամբ զբաղվեք։ Սաղ լավ է լինելու:

13506 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am