«Երիտասարդները հանուն ուսման պարտավոր են պայքարել նաև կաշառակերության, ընտրություն կեղծողների և իշխանական ուսխորհուրդների դեմ». արձագանքներ՝ դասադուլավորների պայքարին
Նոյեմբերի 7-ին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ էին կազմակերպել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տարկետման իրավունքի սահմանափակման օրինագծի դեմ, որն Աժ-ն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները հադիպում էին պահանջում Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարների հետ: Համացանցում տարբեր գնահատականների է արժանացել ուսանողների դասադուլը: Մի մասն այն որակել է դասերից փախնելու միջոց, մյուս մասն՝ արդարացրել: |
Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ
Տարիների ընթացքում գիտության «հերն» անիծվել է այնպես, որ այսօր միանշանակ հանգիստ կարելի է վերացնել տարեկետումն, այլ հարց է, որ զուգահեռ պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց ունենալ այնպիսի գիտություն, որ վերանայվի օրենքն ու որոշակի բացառություններ սահմանվեն։ |
Կարպիս Փաշոյան, ակտիվիստ
Այսպիսի մի կարծիք է շրջանառվում, իբրև թե այսքան տարիների ընթացքում ուսանողությունը երբեք ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ իրենք իրավազուրկ են և ձայնազուրկ՝ լուսանցքից այն կողմ թողնված ինչ-որ անտարբեր քաղքենի զանգված: Իհարկե սա չափազանց ճիշտ բնութագրում է, իսկապես ուսանողության ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ ամփոփված է եղել կոմֆորմիզմի և անտարբերության թմբիրի մեջ: Նրա քաղաքացիական գոյությունը հավասարազոր է եղել չգոյության: Բայց մի՞թե այս հանգամանքը կարող է մեզ թույլ տալ հեգնանքով վերաբերվել ներկայումս ձևավորված պայքարին: Իմ համոզմամբ ո՛չ: Այն ժամանակ անտարբեր էին, իսկ հիմա անտարբեր չեն, այն ժամանակ թքած ունեին պայքարի վրա, իսկ հիմա իրենք են պայքարում: Եվ սա բնականոն պրակտիկա է, քաղքենի կոմֆորմիզմը ձյան պես հալվում է, իսկ ըմբոստության ոգին՝ դառնում առաջնային: Համոզված եմ, ժամանակի ընթացքում կարծրատիպերն այնքան են կոտրվելու, մինչև որ Երևանի փողոցներում ուսանողների կողմից ծեծված ոստիկաններ ու այրված մեքենաներ հայտնվեն: Տրամաբանական ընթացք: Այսինքն մի ճնշեք ջահելներին, անկախ նրանից՝ ճիշտ են, թե սխալ, միևնույնն է, նրանց ըմբոստությունն այս պետության ապագան է: |
Հայկ Մամիջանյան, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար
«Դասադուլ գիտության համար» գաղափարն իմ համար նույնքան հետաքրքիր է հնչում, որքան «սեքս հանուն կուսության» /գաղափարը փոխառել եմ Վիկտոր Ենգիբարյան -ից/։ |
Աշոտ Ասատրյան, օգտատեր
Իհարկե շատ հրաշալի է, որ երիտասարդները փորձում են պայքարել և կարծես թե միասնական կերպով դասադուլ են հայտարարել ու իրենց բողոքն են ներկայացնում, սակայն պետք է հասկանան, որ սա առաջին քայլն է, որին հաջորդող քայլերը ավելի դժվար են լինելու: |
Վահագն Սարոյան, լրագրող
Երկու օր է՝ հետևում եմ դասադուլավոր ուսանողներին: Որևէ մեկը թող չհամոզի, որ նրանց խնդիրը գիտություն զարգացնելն է, կամ գիտնական դառնալը: Բանակ չգնալով գիտնական չեն դառնում, բուհի տված վկայականներով էլ գիտություն չեն զարգացնում: Փոխարենը գիտենք, որ կրթական տարկետումն ընդամենը բանակից խուսափելու միջոց է: Իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ դասալքություն: Ինչքան էլ կոպիտ հնչի՝ դասադուլավորների մեծ մասն իրականում դասալիքներ են: Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա խնդիրը մեկն է. դասալքություն երևույթը չպետք է դառնա քաղաքական կարիերայի արդյունավետ ռեսուրս: Ճիշտ 100 տարի առաջ դասալիքների, բանակից խուսափողների ու կռվից վախեցողների պատճառով Կարսն առանց մարտի հանձնվեց: Այսօր ևս երկընտրանքը մեկն է. կամ խուսափում ենք բանակից, կամ խուսափում ենք դասալքության պատճառով նոր Կարսեր հանձնելուց: |
Հարություն Հարությունյան, լրագրող
Դասադուլ պետք է անել, բայց լրիվ այլ պահանջով... |
Արմեն Դուլյան, հեռուստամեկնաբան
Էնքան էլ չեմ հասկանում էս բողոքի պատճառը... |
Զոհրապ Եգանյան, Գեղարքունիքի մարզպետի օգնական
Տղեք, պաշտպանության նախարարն ասում է գնացեք բանակում երեք տարի սպա աշխատեք ու ձեր գիտելիքները ներդրեք Հայրենիքի պաշտպանության գործին։ Ուսանողներ ջան, մենք այլընտրանք չունենք, մենք պետք է ծառայենք բանակում, հասկանում եմ, ասում եք բա ինչու են չծառայածները շատ իշխանության ներսում, ես այս հարցը բարձրացրել եմ դեռ 2008-ից, երբ զորացրվեցի, հա խնդիր է, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Չենք կարող մեզ թույլ տալ ուղղակիորեն մի քանի տարի ՊՆ-ի ենթակայության տակ չգտնվել, մեր պայմաններն են այդպիսին, մեր վիճակն է պահանջում, մեր սահմանների մոտ հակառակորդի զորքն է կանգնած ու չգիտենք թե ինչ կլինի օրինակ՝ վաղը։ Իրականում բոլորս էլ գիտենք, որ գիտության զբաղվելու քողի տակ շատերն ուղղակի բանակ չգնալու հարց են լուծում, իրենց «գիտությամբ» ոչ մի օգուտ չտալով երկրին, սրա դեմն առնելը հնարավոր է միայն այսպես, թող բոլորը գնան ու ամեն մեկն իր գիտելիքն օգտագործի երկրի համար։ Եթե այսօր մենք չանենք այս քայլը, ապա վստահ եմ, որ շատ շատերն իրենց երեխաներին տանելու են երկրից, հիշեք, որ յուրաքանչյուր արտագաղթող իր փայ պետական պարտքն է թողնում մեզ, յուրաքանչյուր բանակից խուսափող խրամատի իր փայ հատվածն է թողնում մյուսի ուսին։ Սա է ամբողջ հարցը, գնացեք, ծառայեք, փող ստացեք, տան հիպոթեք փակեք, հետ եկեք ու գիտությամբ զբաղվեք։ Սաղ լավ է լինելու: |