Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո առաջին զոհը կամ Ալիևի «արյունոտ» պատասխանը. քննարկում

ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Հոկտեմբերի 19-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Դեպքը հաջորդեց ՀՀ նախագահի՝ ընդամենը 3 օր առաջ Ժնևում արած հայտարարությանը՝ վերաբերող Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքներին: «...Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու...»,- մասնավորապես ասել էր Սարգսյանը:
Այս թեման մեկնաբանել են`

Արամ Կարապետյան, քաղաքագետ

Սա՞ էր Ալիևի խորը մտահոգությունը, որի մասին երկու օր առաջ ասում էր Սերժ Սարգսյանը... Մարդ էլ այսքան քաղաքականությունից տգետ լինի:

Արման Մելիքյան, Արցախի ԱԳ նախկին նախարար

Ժնևի հանդիպման առաջին առարկայական արդյունքն այսօր առաջնագծում հակառակորդի կրակոցից զոհված մեր զինվորի մահը պիտի լինե՞ր: Արդյոք ՀՀԿ-ում որևէ մեկը հաշվե՞լ է, թե Ալիև-Սարգսյան յուրաքանչյուր հանդիպում քանի մարդու կյանքի գնով է տեղի ունեցել:

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ

Երեկ սահմանին հնչած կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր իսկ կողմից ընդունված միջազգային պարտավորությունները:
Լարվածության թուլացնելու մասին ընդունվել է Ժնևում համատեղ հայտարարություն։ Վերջին տարիների ընթացքում սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և նախարարությունների կողմից։ Դժբախտաբար, այս կրակոցով Ադրբեջանի Հանրապետությունը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը, սրանով իսկ նա ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնևում և որի մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահ կողմերի և երկու բանակցող կողմերի անունից:

Աշոտ Ասատրյան, ակտիվիստ

Սարգսյան-Ալիև առանձնազրույցից հետո առաջին զոհը՝ Տիգրան Արմենի Խաչատրյան:
1998թ. ծնված Տիգրան Խաչատրյանը պաշտպանելով հայրենիքի սահմանները հոկտեմբերի 19-ին, ժամը 15:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել:
Եվս մեկ զինվոր, ով իր կյանքի գնով ապացուցեց, որ ադրբեջանական իշխանության հետ մեկ սեղանի շուրջ նստել, բանակցել, առանձնազրույց ունենալ ու առավել ևս ասել-խոսել-ծիծաղել չի կարելի: Ցանկացած հանդիպումից առաջ ու դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերն ավելի ագրեսիվ են իրենց պահում սահմանին: Ճիշտ է՝ միշտ ստանում են համաչափ պատասխան, սակայն ամեն զոհված զինվոր մեզ համար ցավ է:
Այժմ հասել ենք մի կետի, որտեղից ելք գտնելը բավականին բարդ է: Պատերազմ չենք ցանկանում, սակայն կլոր սեղանների շուրջ նստելու ընթացքում էլ զինվորներ ենք կորցնում սահմանին կանգնած:
Փառք ընկածներին և վրիժառուներին:

Արմեն Գրիգորյան, քաղաքագետ

Եթե Սերժն ասում է, որ Իրան-Հայաստան երկաթգիծ կկառուցվի, ապա նման բան տեղի չի ունենա, եթե ասում է՝ Թուրքիա կգնա, երբ սահմանը բացելուն մոտ կլինենք ու գնում ա Թուրքիա, ապա սահմանը հաստատ չի բացվի, եթե ասում է՝ գազը չի թանկանա, ապա հաստատ թանկանում է, եթե ասում է՝ 200-300 մետր տարածք ենք կորցրել, ապա հեչից մի 800 հեկտար կորցրել ենք, եթե ասում է՝ ես և Ալիևը «շահագրգռված ենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր», ապա հաստատ լրիվ հակառակն է տեղի ունենալու:
Եթե ասում ա, որ նենց պետք ա անենք, որ 2040 թվին Հայաստանում 4 միլիոն մարդ ապրի, ապա դա շատ վախենալու ա, որովհետև դա նշանակում ա, որ 2040-ին ստեղ մարդ չի մնալու։

Գևորգ Մկրտչյան, օգտատեր

Ես մտածում եմ, իսկ ի՞նչ կլինի, եթե հավաքվեն, մեկտեղվեն նրա ստախոսության բոլոր փաստերն, այնուհետև փորձեր արվեն նրան պատասխանատվության ենթարկելու կամ հոգեբանական փորձաքննություն անց կացնելու: Մարդը կարող է հիվանդ է, բուժել է պետք:
33220 | 0