Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո առաջին զոհը կամ Ալիևի «արյունոտ» պատասխանը. քննարկում
Հոկտեմբերի 19-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Դեպքը հաջորդեց ՀՀ նախագահի՝ ընդամենը 3 օր առաջ Ժնևում արած հայտարարությանը՝ վերաբերող Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքներին: «...Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու...»,- մասնավորապես ասել էր Սարգսյանը: |
Արամ Կարապետյան, քաղաքագետ
Սա՞ էր Ալիևի խորը մտահոգությունը, որի մասին երկու օր առաջ ասում էր Սերժ Սարգսյանը... Մարդ էլ այսքան քաղաքականությունից տգետ լինի: |
Արման Մելիքյան, Արցախի ԱԳ նախկին նախարար
Ժնևի հանդիպման առաջին առարկայական արդյունքն այսօր առաջնագծում հակառակորդի կրակոցից զոհված մեր զինվորի մահը պիտի լինե՞ր: Արդյոք ՀՀԿ-ում որևէ մեկը հաշվե՞լ է, թե Ալիև-Սարգսյան յուրաքանչյուր հանդիպում քանի մարդու կյանքի գնով է տեղի ունեցել: |
Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ
Երեկ սահմանին հնչած կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր իսկ կողմից ընդունված միջազգային պարտավորությունները: Լարվածության թուլացնելու մասին ընդունվել է Ժնևում համատեղ հայտարարություն։ Վերջին տարիների ընթացքում սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և նախարարությունների կողմից։ Դժբախտաբար, այս կրակոցով Ադրբեջանի Հանրապետությունը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը, սրանով իսկ նա ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնևում և որի մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահ կողմերի և երկու բանակցող կողմերի անունից: |
Աշոտ Ասատրյան, ակտիվիստ
Սարգսյան-Ալիև առանձնազրույցից հետո առաջին զոհը՝ Տիգրան Արմենի Խաչատրյան: |
Արմեն Գրիգորյան, քաղաքագետ
Եթե Սերժն ասում է, որ Իրան-Հայաստան երկաթգիծ կկառուցվի, ապա նման բան տեղի չի ունենա, եթե ասում է՝ Թուրքիա կգնա, երբ սահմանը բացելուն մոտ կլինենք ու գնում ա Թուրքիա, ապա սահմանը հաստատ չի բացվի, եթե ասում է՝ գազը չի թանկանա, ապա հաստատ թանկանում է, եթե ասում է՝ 200-300 մետր տարածք ենք կորցրել, ապա հեչից մի 800 հեկտար կորցրել ենք, եթե ասում է՝ ես և Ալիևը «շահագրգռված ենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր», ապա հաստատ լրիվ հակառակն է տեղի ունենալու: |