Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Միասնական պետք է լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ մեզ գումար է պետք սփյուռքահայերից, այլ, երբ այդ մարդիկ հայտնվում են ծայրաստիճան ծանր պայմաններում». քննարկում

հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.

Հոկտեմբերի 18-ի առավոտյան կյանքից հեռացավ կասկածելի մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը:
Շատերը նրա մահվան համար մեղադրում են Ռուսաստանի ղեկավարությանն ու քննադատում Հայաստանի կողմից դրսևորած անտարբերությունը:

Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Սարդարյան, քաղաքական վերլուծաբան

Լևոն Սարդարյան, քաղաքական վերլուծաբան

Ես խորապես ցավում եմ, որ Լևոն Հայրապետյանը վաղաժամ մահացավ: Ես էլ եմ կարծում, որ Արցախն ու Հայաստանը մեծ կորուստ ունեցան: Բայց, միաժամանակ, նյարդայնանում եմ, երբ կարդում կամ լսում եմ, թե` Կրեմլը սպանեց մեր ազգային նվիրյալին: Ժողովուրդ ջան, ցավներդ տանեմ, Կրեմլը սպանեց (ես գործի մանրամասներին ծանոթ չեմ, Հայրապետյանն էլ ինձ որպես փաստաբան չի վարձել, դրա համար ձեր ասած տերմինն եմ օգտագործում) ոչ թե հայ ազգի նվիրյալ, այլ ՌԴ քաղաքացի Լևոն Հայրապետյանին: Հենց ապացուցեք, որ Հայրապետյանի` բանտում հայտնվելու պատճառը, իրականացված բարեգործական ծրագրերն էին, ՌԴ դեսպանատան կողմ առաջին նեխած ձու շպրտողը ես կլինեմ: Լավ, բայց ո՞նց անենք, որ հասկանանք, որ աշխարհը մեր պորտի շուրջ չի պտտվում ու էն, ինչը մեր համար հպարտանալիք ա, մյուսների համար կարող ա ճիշտ հակառակ էմոցիա արթնացնի: Դե, հիմա գնացեք ու, ասենք, Օռլիի օդանավակայանի զոհերի հարազատներին ասեք` Մոնթեն մեր ազգային հերոսն ա: Չէ, չեք կարող: Էդ մարդկանց համար Մոնթեն նախևառաջ ահաբեկիչ ա ու դրա համար դատապարտվել ա: Օրենքով: Նույնն էլ Հայրապետյանի դեպքում կարող ա լինի: Մենակ էն հանգամանքը, որ ինքը Արցախի համար խելքից դուրս բան ա արել, դեռ չի նշանակում, թե Ռուսաստան պետությունն իր հետ պիտի վարվեր ոչ էնպես, ինչպես իր մյուս քաղաքացիների, որոնք, մեր մեջ ասած, ռուսական բանտերում հազարներով են մահանում, բայց մենք էդ մասին չգիտենք, որովհետև էն մնացածը «մերը» չեն: Ռուսաստանն էն ա, ինչ կա ու, ցավոք, մենք էդ երկիրը փոխելու ոչ մի հնարավորություն չունենք:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Լևոն Հայրապետյանը պատժամիջոցների տակ հայտնված ու ավելի ագրեսիվ դարձած Ռուսաստանի կոռումպացված ու կրիմինալ վերխուշկայի գզվռտոցի, իշխանության ներսում ազդեցությունների ու սեփականության վերաբաշխման, ինչպես նաև Հայաստանի էլիտայի թուլակամության, անողնաշարության զոհը դարձավ: Մի մարդու էլ չկարողացան պաշտպանել: Այն էլ՝ մարդու, ով շենացրել է Արցախը, իր ծննդավայրը: Լույս իջնի հոգուդ ու հանգստություն շիրիմիդ, կարգին հայ: Ով քեզ այդքան տանջեց, թող հոգին դժոխքում էլ տանջվի ու տառապի:

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Ափսոս էր Լևոն Հայրապետյանը. տիրություն արեց շատ շատերի, բայց մահացավ՝ անտեր։
Հիմա կասեք Պուծինը սպանեց, ես կասեմ՝ այո, բայց մեր անտարբերության արդյունքում:

Հայկարամ Նահապետյան, լրագրող

Հայկարամ Նահապետյան, լրագրող

Տարիներ առաջ հեռուստատեսությամբ խոսում էր Լևոն Հայրապետյանը: Ասաց՝ «ես երազում եմ աղքատ մահանալ»: Ասաց, որ բոլոր փողերն ուզում էր նվիրել բարեսիրական ծրագրերին ու հեռանալ առանց կոպեկի...
Գնաց Լևոն Հայրապետյանը, իսկ իր խոսքն ու գործը մնացին որպես մեծագույն մարդուն ու հային բնութագրող օրինակներ....

Մհեր Արշակյան, լրագրող

Մհեր Արշակյան, լրագրող

Լևոն Հայրապետյանի և Հաց բերողի մահը մեզ՝ ազատության մեջ գտնվողներիս է զրկում դիմադրողականությունից, երկուսն էլ դեռևս դատապարտված չէին, և երեխայություն է ասել, թե Արթուրը մահացավ ազատության մեջ: Ազատության մեջ մեռնելու համար մարդուն պետք է վերադարձնել ապրելու գործիքները՝ անմեղությունը կամ խնամքը: Երկուսի դեպքում էլ այս ամենը չարվեց:
Երկուսն էլ զրկված էին ապրելու գործիքներից: Իսկ ի՞նչ է ապրելու գործիքը: Դա սեփական մահվան վրա ունեցած իշխանությունն է, որի հետ պետությունը գործ չունի: Այլապես գոնե կունենար մահապատժի մասին հոդված: Պետությունը պետք է հեռու մնա հանցագործության մեջ մեղադրվողի հետևողական մահից: Այլապես նա պարտավոր է իր քրեակատարողական հիմնարկներում ունենալ ինքնասպանության խցիկներ՝ այնքան հանցագործներ կան, որոնք այդպես էլ չեն հաղթահարում սեփական հանցանքի ծանրությունը:

«Երկիր ծիրանի» կուսակցություն

«Երկիր ծիրանի» կուսակցություն

«Էրզրումի բանտ, Լուբյանկա, Բուտիրկա, Մորդովայի բանտ և այլ ազատազրկման վայրեր ու աքսորավայրեր, որքան հանիրավի ճակատագրեր են նրանք խեղել և խլել:
Ցավով պետք է նշենք` այսօր նույնպես այս վայրերը գործում են իրենց դաժանությամբ և մենք` հայերս, կրկին չենք արձագանքում:
Չենք արձագանքում, քանի որ չունենք ազգային իշխանություն, չունենք ազգային պետություն, որն ի զորու է պաշտպանել հայ քաղաքացու ոտնահարված իրավունքները պետականության ուժով` հայակական ազգային քաղաքականության և իրավունքի գերակայության իրացման սկզբունքով:
Կրկին պարտություն, կրկին չվերականգնված հայկական քաղաքական անկախություն:
Արդյոք շարունակելու ենք լռել և հաշտվել հայկական պետականության բացակայությամբ` 21 դարի հայի ողբերգությամբ, թե հնչեցնելու ենք մեր ձայնը Հայոց լեռներեն:
Պարտավոր ենք հնչեցնել մեր ձայնը, հայոց ձայնը` հայոց լեռներեն, մեր ազգային պետականության անունից՝ վերջ տալու անպաշտպան հայու տեսակի վերացմանն ուղղված անմարդկային քաղաքականությանը:
Այսօր ևս մեկ զոհ տվեցինք՝ ի դեմս Լևոն Հայրապետյանի, ով դաժան վերաբերմունքի ենթարկվելով, անպաշտպան մնաց հայոց պետականության կողմից և իր մահկանացուն կնքեց օտարության և անազատության մեջ:
Մեծ ցավով ու վշտով կիսում ենք Լևոն Հայարապետյանի հարազատներին, մտերիմներին և ողջ հայ ժողովրդին՝ վրա հասած անարդարացի կորուստը»:

Կարեն Թումանյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ

Կարեն Թումանյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ

Ինչո՞ւ թողեցինք, որ հայ մեծ բարերարը ՌԴ-ի բանտում մահանա. Հայաստանն անզո՞ր է:
Աննկարագրելի ցավ ապրեցի, երբ տեղեկացա, որ մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Ամենասարսափելին այն է, որ հայ մեծ բարերարը մահացել է ոչ սովորական պայմաններում, այլ Մորդովայի բանտում, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Այն, որ նրան բանտ գցելու հետևում կանգնած է Ադրբեջանն, այլևս կասկած չի հարուցում: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել այսօր, երբ իսկական բարերարը ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանվորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում/ այլևս չկա…
Թերևս այսպիսի…
• Մենք այդպես էլ չսովորեցինք, որ միասնական պետք է լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ մեզ գումար է պետք սփյուռքահայերից, այլ նաև, երբ այդ մարդիկ հայտնվում են ծայրաստիճան ծանր պայմաններում և հայրենիքի սատարման կարիքն ունեն:
• Փաստորեն մեր պետության ձայնը միջազգային ասպարեզում, կամ լսելի չէ, կամ այդ ձայնը ինչպես հարկն է չի հնչել, ո՞վ կարող է բացատրել, թե այդ ինչպես է ստացվում, որ մեզ հաջողվում է ՌԴ-ում պատիժը կրող երկու վարորդներին բերել Հայաստան, որպեսզի նրանք այստեղ կրեն պատիժը, չնայած նրանց պատժի սահմանը ավելի մեծ էր, քան Լևոն Հայրապետյանինը, իսկ ընդամենը 4 տարի ազատազրկման ենթարկված Հայրապետյանին չենք կարողանում բերել Հայաստան:
• Մեր լոբբինգը չափազանց թույլ է ամբողջ աշխարհում:
Եվ ամենացավալին՝ մենք կարողանում ենք համակերպվել այն մտքի հետ, որ անզոր ենք:

Հասմիկ Պապյան, երգչուհի

Հասմիկ Պապյան, երգչուհի

Գործդ անմահ, հիշատակդ պայծառ թող լինի՝ ամենի հետ մեկտեղ նաև բարձր արվեստը սիրող, հասկացող և գնահատող Մեծ Հայ!
Հանգչիր խաղաղությամբ և ներիր մեզ, սիրելի Լևոն..

Արտյոմ Երկանյան, հեռուստահաղորդավար

Արտյոմ Երկանյան, հեռուստահաղորդավար

Առավոտից մտածում եմ, թե ինչպես կարող ենք մեր խորին հարգանքն ու երախտիքը հայտնել մեծ հայրենասեր Լևոն Հայրապետյանին: Եվ հիշեցի վերջերս վախճանված կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի որդիների հրաշալի գաղափարի մասին: Նրանք առաջարկեցին բոլորին, որոնք կցանկանան ծաղիկներ կամ ծաղկեպսակ բերել ժողովրդական արտիստի թաղմանը, դրա փոխարեն գումար փոխանցեն ՀՀ պաշտպանության նախարարության հաշվին՝ բանակի համար զենք ձեռք բերելու համար: Արդյունքում հավաքվեց ավելի քան 4 մլն 300 հազար դրամ՝ 9 հազար դոլար: Գևորգյանցների ընտանիքը ևս իր կողմից զգալի գումար փոխանցեց այդ հաշվին: Սա հանգուցյալի հիշատակը հարգելու լավագույն միջոցն էր, քանի որ նա իր կյանքի ընթացքում շատ բան էր արել ազգային բանակի ձևավորման համար: Լևոն Հայրապետյանն ազգային բանակի ձևավորման համար շատ ավելին է արել: Տասնյակ հազարավոր երախտապարտ մարդիկ կցանկանան իրենց ցավակցությունն ու վշտակցությունը հայտնել նրա հարազատներին: Միգուցե արժի, որ Հայրապետյանների ընտանիքը ևս հանդես գա կոչով՝ ովքեր ցանկանում են իրենց վերաբերմունքն արտահայտել հանգուցյալի հանդեպ, թող գումար փոխանցեն Արցախի պաշտպանության նախարարության որևէ հաշվեհամարի: Արդյունքում, հավաքված միջոցները կլինեն մեր երախտագիտության լավագույն հաստատումը: Խնդրում եմ ասեք, թե ով կարող է այս միտքը փոխանցել Լևոն Հայրապետյանի եղբորը՝ Վլադիմիր Հայրապետյանին: Եվ եթե կարծում եք, որ այս գաղափարը արժանի է քննարկման, ապա այս ուղերձը տեղադրեք ձեր էջում:

30279 | 0