Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Հերթական ազգադավ օրինագիծը. փողը տվել, առել են». կարծիքներ՝ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» նախագծի մասին

հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրենքի նախագծի շուրջ քննարկումները ծայրահեղ հակասական են: Շատերը նշում են, որ նախագիծը կօգնի նվազեցնել ընտանեկան բռնությունների թիվը: Ոմանք էլ կարծում են, որ այս օրինագիծը կխեղաթյուրի հայ ավանդապաշտ ընտանիքի մասին պատկերացումները:
Այս թեման մեկնաբանել են`

Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախարար

Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախարար
Նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու կամ այդ իրավունքը սահմանափակելու, կամ երեխաներին որդեգրելու որևէ կարգավորում: Ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունն անհանգստացնող է, իսկ այս նախագիծը հանրային քննարկման է դրվելու:

Գագիկ Գինոսյան, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար

Գագիկ Գինոսյան, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար
Առանձին օրենք է գրվում, որ թե ինչ է նախատեսվում տանը ծեծի դեպք արձանագրելու դեպքում: Ինչո՞ւ են գրված օրենքի վրա հավելումներ անում, ունենք չէ՞ սահմանված օրենք, թե ծեծի դեպքում ինչ պատիժներ են նախատեսվում: Քիչ չի մտել են քո եկեղեցին, կեղտոտ ձեռքերով պղծել, հիմա էլ ուզում են խորան բարձրանան և քարոզն իրենք անեն:

Հայկ Նահապետյան, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող

Հայկ Նահապետյան, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող
Այս օրենքի նախագիծը հասարակական պահանջ և անհրաժեշտություն չունի: 2014 թվականին զավակ-ծնող հարաբերություններում բռնությունները եղել են 1,3 %, 2015-16 թթ-ին` 1,4 % և տուժել են անչափահասներ` 0,3-0,5 %-ով: Կանանց նկատմամբ բռնությունն, այս տարիների ընթացքում, եղել է` 8,3 %, 9,5 % և 9 %: Հիմա, եթե այս տոկոսներն արդարադատության նախարարության համար բավարար են նման օրենք մշակելու համար, դա իրենց գործն է: Այն բռնությունների թիվը, որ կա, ներառյալ ինքնասպանությունները, դրանց դեմ վաղուց պետք է պայքարեին, բայց ոչ թե այս օրենքով: Եթե որևէ մի ոլորտ է կարգավորվում, որպես նվազագույն շեմ 20 %-ն է հաշվի առնվում, սա ընդունված պրակտիկա է: Ես, պարզապես, չգիտեմ ինչ ասեմ, երբ նախարարությունը գտնում է, որ 10 % բռնությունն իսկապես մտահոգիչ է:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Դավիթ Հարությունյանին ու իր կանտորային լավ եմ ճանաչում: Եթե ինձ հարցնես, ես կասեմ էտ մարդուն հեռու պահեք ցանկացած օրենքից, որովհետև նա է տապալել Հայաստանում դատաիրավական ռեֆորմը, որի պատճառով անկախ դատարան չունենք: Հիմա եթե անգամ այս օրենքը տեղով ոսկի լինի, նա նորից փչացնելու է: Դրանում կասկած չունեմ:

Հովհաննես, օգտատեր

Հազար ամոթ արդարության նախարարին և Հայաստանի ՄԻՊ-ին:
Հերթական ազգադավ օրինագիծը, փողը տվել. առել են: Ինչպես խոշորացումն, այնպես էլ սա:

Մանուկ Մխիթարյան, օգտատեր

Քանի որ սա հանրային քննարկում է, ես ինձ թույլ կտամ իմ կարծիքն արտահայտել այս նախագծի առիթով: Այս նախագիծը ես համարում եմ ազգադավ և առաջարկված գումարի դիմաց ծառայություն՝ ինչ-ինչ հեռահար ազգադավ նպատակներ իրականացնելու միտումով: Ինչու այսքան մեծ աղմուկով նախագիծ չի քննարկվում ընտանիքը կերակրողին աշխատատեղով ապահովելու և արտագաղթը կանխելու վերաբերյալ: Այս կողմն ապահովելուց հետո նոր իրավունք ունեք ընտանիքի մասին «հոգալու»: Այսպիսի օրենքը չի կարող ընտանիք պահպանել, այն իր բնույթով քանդող է: Ընտանիքի մասին մտածող երկիրը պիտի իր քարոզչական մեքենան «հեռուստացույցը, համացանցը, կրթական համակարգը և բոլոր այլ միջոցները» ուղղի բարոյականություն, ընտանիք և սեր դիմացինի հանդեպ, որ մեր երկրում արվում է ճիշտ հակառակը: Վերը նշված օրենքի նախագիծը հակառակ էֆեկտ է ունենալու, ինչը ես ամեն օր տեսնում եմ ԱՄՆ-ում։

«Հայկական ժամանակ», օրաթերթ

«Հայկական ժամանակ», օրաթերթ

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել Հայաստանում:
Օրենքի ընդունման ջատագովները կառավարության ներկայացուցիչներն են, ովքեր իրենք էլ խոստովանում են, որ նման օրենքի անհրաժեշտություն առաջացել է Միջազգային կառույցների առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Օրենքին կողմ է արտահայտվում նաև հանրության առաջադեմ խավը, ինչպես նաև արևմտյան կառույցների հետ աշխատող և Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց արևմտյան ազդեցության գոտի տեղափոխելու կողմնակիցները: Օրենքին անթաքույց դեմ են ընտանիքը անձեռնմխելի ամրոց համարող ազգայնականները, ռուսական ազդեցության տակ համարվող խմբերը, որոնք եվրոպական արժեքները նույնականացնում են միասեռ ամուսնությունների, թմրանյութերի և այլ երևույթների հետ:
Միջին վիճակագրական հայ ընտանիքում երեխայի նկատմամբ այս բոլոր «պատժամիջոցները» դաստիարակչական նկատառումներով են կիրառվում, միայն նրա լավի համար, որովհետև հայերը, ասում են, երեխաներին պաշտում են և երբեք նրանց չեն վնասի: Կամ կնոջ նկատմամբ բռնությունը համարվում է սիրո արտահայտչամիջոց, որովհետև հայ տղամարդու համար կինը նույնպես սրբություն է, և նա երբեք իր կնոջը չի վնասի, և եթե նույնիսկ նրան ծեծում կամ այլ բռնությունների է ենթարկում, ապա դա պետության գործը չէ, կինն էլ իրավունք ունի իր ամուսնու դեմ ցուցմունք չտալ, հատկապես որ մեծ տարածում ունի նաև այն համոզմունքը, որ կանանց դուր է գալիս իրենց հանդեպ բռնությունների այդ դրսևորումը:
Եթե հանրությունը մեծ սթրեսի մեջ չընկներ սույն օրենքի կապակցությամբ, կողմնակիցների և հակառակորդների բանակները չէին ձևավորվի ելնելով աշխարհաքաղաքական բևեռների նախընտրություններից: Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի ջատագովները կլինեին կանայք՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, մասնագիտությունից, տարիքից և կրթությունից, իսկ օրենքի ընդունման դեմ արտահայտվողները կլինեին տղամարդիկ՝ կրկին անկախ տարիքից, սոցիալական դիրքից, մասնագիտությունից, աշխատանքից և կրթությունից: Եվ այդ ժամանակ շատ ավելի անկեղծ քննարկում կծավալվեր, թե պե՞տք է արդյոք Հայաստանում այդպիսի օրենք ընդունել, թե՞ ոչ, կամ ո՞րն է հոգեբանական բռնությունը, որը՝ սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, կամ՝ ի վերջո կանայք հաճույք ստանո՞ւմ են նվաստանալիս և ծեծվելիս, թե՞ ոչ: Հարցի էությունը բացահայտելու համար շատ օգտակար կլիներ նաև լսել երեխաների կարծիքը իրենց ընտանիքներում՝ իրենց կամ իրենց մայրերի և տատիկների նկատմամբ կիրառվող բռնության մասին:
Սա կլիներ այն քննարկումը, որ պետք է Հայաստանում: Բայց նման քննարկում, իհարկե, չի ծավալվի, որովհետև «ընտանիքը անառիկ ամրոց է» հավատամքից ելնելով, հայ կանայք բռնություններից հոգեկան և ֆիզիկական խեղումներ ստանալու պարագայում անգամ չեն բարձրաձայնում դրա մասին: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա երեխաները մեր իրականության մեջ չեն ընկալվում որպես անհատներ, ովքեր կարող են իրենց ասելիքն ունենալ նման կարևոր հարցերի վերաբերյալ: Երեխաները ծնողների սեփականությունն են, և ծնողն է որոշում՝ իր երեխայի համար ծե՞ծն է լավ մեթոդ, նվաստացո՞ւմը, անկյուն կանգնեցնե՞լը, թե՞ սենյակում փակելը:
Եթե նման անկեղծ քննարկում ծավալվեր, կարող էինք 8-ամյա աղջնակին հարցնել, որ երբ հայրը նրան գարեջուր չգնելու համար դաժան ծեծի էր ենթարկել, դա նա ընկալել էր որպես իր նկատմամբ մեծ սիրո և պաշտամունքի դրսևորո՞ւմ, թե՞ սովորական հանցագործություն, որը հետք է թողնելու իր ամբողջ կյանքի վրա: Ի դեպ, սա այն վիճակագրական դեպքերից է, որ հասել է մինչև դատարան և երեխաներին պաշտող հասարակության դատարանը հորը պատժել էր 10 հազար դրամ տուգանք նշանակելով:
Կամ երիտասարդ օրիորդին, որի ընտրած երիտասարդն իր պաշտոնավոր հոր սրտով չէր, ինչի արդյունքում օրիորդը ամիսներ շարունակ զրկված էր տանից դուրս գալու իրավունքից, կարող էինք հարցնել՝ դա սոցիալական ծայրահեղ մեկուսացո՞ւմ էր նրա համար, թե՞ ոչ:
Շատ կանայք ի վերջո կբացեին գաղտնիքը, թե արդյո՞ք ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո նրանց նկատմամբ ավելի մեծ տենչանք են զգում, թե՞ ոչ: Համարո՞ւմ են արդյոք, որ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, թե՞ ամեն դեպքում գտնում են, որ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի և կնախընտրեին, որ իրենց տղամարդիկ իրենց իսկապես սիրեին, ոչ թե ծեծեին և նվաստացնեին»:

28932 | 0