Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Մայրենին քչացրել են, դա է սարսափեցնողը». կարծիքներ` ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակման մասին

երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.

Օրեր առաջ հրապարակվեց հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Վարչապետի հանձնարարությամբ` ԿԳ նախարարության մշակած հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության և դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրայնացումը: Այն բացասական արձագանք է ստացել հանրության շրջանում. ոմանք քննարկում են, որ նման հայեցակարգ մշակելու փոխարեն լավ կլիներ, որ ԿԳ նախարարն ապահովեր բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր ուսումնական նյութերի հայերեն տարբերակների առկայությունը: Շատերն էլ նկատում են, որ սա ոչ այլ ինչ է, քան ռուսաց լեզվի բռնի տարածում Հայաստանում:

Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Մկրտչյան, ԿԳ նախարար

Մեր քաղաքականության մեջ հստակ ձևով ռուսաց լեզուն համարվում է օտար լեզու: Մի քանի հաստատումներ ուզում եմ հստակ մենք անենք, որպեսզի կարողանանք խնդիրներին ճիշտ նայել: Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայոց լեզուն է անվերադարձ, և որևէ այլ պետական լեզու չի լինելու: Սա որպես աքսիոմա վերցնենք ու չվախենանք, որ հայերենի վրա կարող են մութ ամպեր կուտակվել: Եվ դա օրենքով է պաշտպանված: Հայագիտական բլոկը նույնպես ամբողջությամբ պաշտպանված է օրենքով: Այս բլոկը շատ ամուր հիմքի վրա է դրված:
Դեռևս երկու տարի առաջ, երբ մեր ևʹ բարձրագույն, ևʹ հանրակրթության մեջ նայեցինք օտար լեզուների որակը, պարզվեց, որ իսկապես այստեղ անելիք շատ կա: Եվ առաջացավ գաղափար՝ մշակել օտար լեզուների հայեցակարգ ու ժամանակացույց, նաև վերականգնել Հայաստանում օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցը, որտեղ երկիրը ներկայացնող առարկայացանկը՝ գրականություն, աշխարհագրություն, կդասավանդվի տվյալ լեզվով:

Էդվարդ Սարկիսյան, ՌԴ ԳԱԱ գիտաշխատող

Մենք այդքան ապուշ չենք չհասկանալու համար, որ ռուսաց լեզվի բռնի տարածումը Հայաստանում ռուսական կայսերապաշտության բռնի ներդրման ամենաուժեղ զենքերից է: Այդ զենքից պետք է ոչ թե պաշտպանվել, այլ նախահարձակ լինել՝ առավելագույնս զարգացնելով և արմատավորելով հայերենը:

Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Ասում են՝ գիտելիքահեն տնտեսությո՜ւն, IT ոլորտը զարգացնե՜լ ու լիքը նման նախադասություններ, բայց կրթության ֆինանսավորումն իջեցնում են շատ վտանգավոր աստիճանի ու մեզ համոզում, որ ռուսաց լեզուն օտար լեզու չի և նրան հատուկ կարգավիճակ տանք: Կներեք, հասկանում եք, թե ի՞նչ եք ասում: Չե՛ք հասկանում, որովհետև մենք ունենք մեկ հատ մայրենի՝ Հայոց լեզու, մնացած լեզուներն օտար են ու շատ կարևոր է, որ բոլոր օտար լեզուներն էլ որակով դասավանդվեն, դեռ մեծն Աբովյանն է ասել՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես:
Ի դեպ, օտար լեզվի դասավանդման որակն էլ ոչ մի հայեցակարգով չի լավանալու, ուզում եք 10 նման հայեցակարգ գրեք:
Եկեք մտեք մեր հասարակության մեջ ու վիճենք այս թեմայի շուրջ, պարոն վարչապետ ու ՀՅԴ ներկայացուցիչ ԿԳ նախարար:
Բավական է մեր ազգային ինքնության հաշվին հաճոյանաք ձեր մեծ եղբորը:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Դեռ քսան-երեսուն տարի առաջ վարժ ռուսերենը համարվում էր Հայաստանում մտավոր խավի, կրթության, վերին արտի ցորենի ու էլ ես իմ ինչի ցուցանիշ։ Այսօր հայերի մեջ ռուսերեն խոսելը, առավելևս երեխաների հետ՝ գավառականության, քաղքենիության և տգիտության պիտակ է։ Թեև իրականում առաջ էլ էր այդպես։

Գևորգ Գորգիսյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Գևորգ Գորգիսյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Եթե չեմ սխալվում, ՀՀում պետական լեզուն հայերենն է, ու կրթության գիտության նախարարը փոխանակ ապահովի բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր ուսումնական նյութերի հայերեն տարբերակների առկայությունն, ասում է՝ ռուսերենի իմացությունը կլինի մրցակցային առավելություն բարձրագույն ուսում ստանալիս։

Աստղիկ Պետրոսյան, օգտատեր

Արդեն շաբաթական մի դասաժամ ավելացել է 4-րդ-ների մոտ: Մեր երկիրն օտարամոլությամբ է տառապում: Մայրենին քչացրել են, դա է սարսափեցնողը:

Թորոս Ալեքսանյան, օգտատեր

Մի քանի ամիս առաջ գրել էի, որ Հայաստանում օրենք չեն ընդունի ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին, սակայն կսկսեն գործել այնպես, կարծես թէ այդ օրեքը կա: Ասածիս ապացույցն իրեն երկար սպասել չտվեց, Կարեն ԳազՊռոմիչը դպրոցներում որոշ առարկաներ ռուսերենով դասավանդելու հրահանգն օրերս իջեցրեց: Այդպիսի բան կարելի կլիներ բացառապես միայն այն դեպքում, երբ որ ռուսերենը Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ ունենար. սակայն սա Հայաստանն է ու այստեղ իշխանավորներին ամեն ինչ կարելի է, իսկ դա այդպես է, քանի որ Հայաստանում չկա արդարադատություն, այսինքն անկախ դատարաններ: Եթե դա լիներ, ապա ԳազՊռոմիչը երբեք այդպիսի հրահանգ չէր իջեցնի, քանզի շատ լավ գիտի, որ դրանով ինքը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու Լեզվի մասին օրենքը: Ցանկացած նորմալ երկրում, որտեղ որ անկախ դատարաններ գոյություն ունեն, այդօրինակ քայլի համար վարչապետն անպայման կկանգներ դատարանի առջև:

Գալուստ Սահակյան, ԱԺ պատգամավոր

Գալուստ Սահակյան, ԱԺ պատգամավոր
Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել։
Դա հայոց բթամտությունն է… մենք էդքան հող էլ չուևէ հայ եթե ասում է՝ Հայաստանում այլ լեզու լինի, չգիտեմ՝ ինչ ասեմ, վատ բառեր չեմ ուզում ասել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, առավել ևս մենք աշխատում ենք՝ գրաբարի, արևմտահայերենի վրա, որ կարողանանք միավորենք։ Հայաստանում երկրորդ լեզու հնարավոր չէ: Նախ և առաջ երկրորդ լեզվի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ որ այդ ազգի ներկայացուցիչների մեծ մասը քո երկրում է ապրում, մեր երկրում ռուսներ չկան: Էդ հարցը ինձ մի տվեք, մի ժամանակ բավականին լուրջ այդ մասին խոսակցություն եղավ, դուք դեռ նոր-նոր սովորում էիք, երբ Պուտինը եկավ էստեղ ես ու Շավարշ Քոչարյան ներկայացրեցինք հայերենը և նա ընդունեց մեր ասածները: Ընդունեց, որ մենք ճիշտ ենք, որ Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել:
37329 | 0