Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Տեսանկարահանող սարքերը չլինեին, ոչ ոք չէր հավատա, որ ասմունքող, հայ մայր, համարյա սուրբ Լիանա Զուրաբյանն իրեն այդպես է պահել». կարծիքներ՝ ասմունքողի ու ոստիկանների միջադեպի մասին

չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2017 թ.

Ասմունքող Լիանա Զուրաբյանի և ՃՈ աշխատակիցների միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպը լայն արձագանք է ստացել համացանցում:
Հիշեցնենք՝ տեսուչի՝ տեխզննման կտրոնի թարմացման խնդրի հետ կապված արձանագրությունից հետո, Զուրաբյանը հայտարարել է. «Ես ասմունքող Լիանա Զուրաբյանն եմ, դա ձեզ ոչ մի բան չի ասո՞ւմ: Ազգի ասմունքն իմ ուսերին է, երկրի պոեզիան եմ լուսաբանում, էսքան գործ եմ անում, մի հատ էլ կտրոն պիտի ներկայացնե՞մ... Արա, դու իմ նեռվերը չուտես, ասեցի: Ձեր շեֆերին կզանգեմ, շատ վատ կլինի»:

Այս թեման մեկնաբանել են`

Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ

Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ

Սերժին մի՛ վերագրեք գերկարողություններ։
Ասմունքող Լիա Զուրաբյանի տեսանյութը տարածեցին ու դիտեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Պարզվում է, որ երեկ Լիանա Զուրաբյանը մամուլում մեղադրանք էր հնչեցրել ոստիկանության հասցեին, նրանք էլ ի պատասխան տեսանյութն էին տեղեկացրել։ Եթե նույնիսկ այդպես չլիներ, բավականին զվարճալի էր ու բոլորը սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով կիսվել դրանով։ Ու ի՞նչ... Սկսվեցին վերլուծությունները՝ Սերժը հերթական անգամ ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից, մեդիադաշտը հրդեհներն ու ՆԱՏՕ-ի զորավարժություններին չգնալը քողարկում է ասմունքողի տեսանյութով։ Ժողովուրդ ջան, պետք չի էս իշխանություններին տենց կարողություններ վերագրել, դրանով իրանց ուժեղացնում եք։ Նույնը վերաբերում է փեսա Միշիկին։ Իրանք էդքան չկան։ Տեսանյութը ձեզանից շատերն են տարածել, Սերժը չի եկել ու շեյրի կոճակը սեղմել ձեր «Ֆեյսբուք»-ում։ Կա՛մ տարածեք տեսանյութը ու լիաթոք ուրախացեք, կա՛մ տենց վերլուծություններ մի գրեք, մի վերագրեք դրանց սուպեր կարողություններ։ Կներեք համեմատութան համար, բայց դա լրիվ նույն երևույթն է, որ 10 հազար վերցնում են, հետո գնում տուն ասում են՝ սրանք էլի լցրեցին։

Աշոտ Ահարոնյան, ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Ամեն օր հազարավոր քաղաքացիներ շփվում են Ճանապարհային ոստիկանների հետ, որոնք, ինչպես գիտեք, կրում են տեսանկարահանող սարքեր, սակայն այդ տեսագրությունները հրապարակվում են և ուսումնասիրվում են միայն այն դեպքում, երբ քաղաքացու կողմից լինում է կոնկրետ բողոք կոնկրետ ծառայողի գործողություններից: Ձեր նշած քաղաքացին հրապարակային մեղադրել էր Ճանապարհային ոստիկանությանն իր հանդեպ անարդար լինելու համար: Սա հնչեցրել էր հրապարակային, լրատվական որոշ կայքեր զետեղել էին, և, բնականաբար, ոստիկանությունը պիտի ուսումնասիրեր, պարզեր՝ ինչ է կատարվել ու նաև, քանի որ հրապարակային էր մեղադրանքը, հասարակությանը շատ հետաքրքիր էր, թե ինչ է, ինչու, և այդ ինչուների պատասխանը գտնելու համար ընդամենը դրվել է տեսագրությունը: Ի՞նչ վրեժի մասին է խոսքը:

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Դեռևս դպրոցական տարիներից սկսած բացառիկ հակակրանքով եմ վերաբերվել ինչպես ասմունքին, այնպես էլ՝ ասմունքողներին: Ասմունքն արվեստ չէ, այլ՝ արվեստի պաթետիկ խաբկանք: Դժվար թե հնարավոր լինի պոետին այնպես ստորացնել, ինչպես դա անում են ասմունքի միջոցով, երբ հրապարակայնորեն պղծում ու բռնաբարում են նրա գրվածքները:
Իսկ դպրոցական հանդեսների ժամանակ ասմունքող երեխաները պարզապես մեղք են, խեղճ երեխաներին տանջում ու չարչարանում են այդ անտանելի ու նողկալի ասմունքներով: Որքա՞ն կարելի է մայրիկների ու հայրենիքների թեմայով բանաստեղծություն անգիր սովորել, հա՛, մենք մայրիներին շատ ենք սիրում, բայց չի կարելի այդ թեմայով զզվացնել, սենց բանի մերը:
Ասմունքելու երկու տարբերակ կա: Կա՛մ պետք է բանաստեղծությունը կարդա հենց պոետը՝ իր զգացողություններով ու շեշտադրումներով, կա՛մ էլ դու՝ հայոց լեռների կուսական կիրճերում, գլուխդ ինչ-որ մեկի կրծքավանդակին դրած, պետք է Բրոդկսուց հատվածներ կարդաս, որ այդ ինչ-ոչ մեկից բացի ուրիշ մեկը չլսի:

Աշոտ Միրզոյան, գրող

Ժողովուրդ, իմ համեստ կարծիքով, ասմունքող Զուրաբյանի միջադեպն այդքան քննարկելը բարոյական չէ։ Զորավոր մտերիմ, երևի, չի ունեցել, որ զանգի, իրենով է դոշ տվել։ Փառք Աստծո, դժբախտ պատահար չկա, տուժող չկա։ Բա նրանց ինչ ասենք, որ մարդկանց գլուխ են ուտում, դեռ խնդմնդալով էլ տակից դուրս են գալիս։ Լիանան արվեստի աշխարհի մարդ է։ Առավել բարոյական չէ արվեստի աշխարհի մարդու հետևից ընկնելը։ Հա, փաստորեն Ճանապարհային ոստիկանությունում բացի Միմինոյի Ֆրունզիկից ուրիշ մարդու չեն ճանաչում։ ՃՈ-ն լուրջ խնդիրներ ունի։

Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի, հաղորդավարուհի

Կարծիք հայտնելը համարում ենք «դատել»։
Խոսքի անարխիայի պատճառով վերանում է ազատությունն առհասարակ։ Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց, գիտակ, կիրթ ու ադեկվատ մարդիկ։
Աջ ու ձախ գոռում են պարապությունից ու «լայքերից» գլխապտույտ ունեցողները)) (ոմանց համար 5 հոգու ուշադրությունն արդե՛ն աստղային հիվանդություն է առաջացնում իր անփառունակ կյանքում)
իսկական կյանքի պակաս կա, լուրջ։
Լիրբ լինելը սկսել է համարվել «համարձակություն», «ուժ» կամ «ազատություն» ունեցող, բայց իսկական ուժ ունեցողը չի գոռում դրա մասին աջ ու ձախ ու չի լրբանում, մանավանդ՝ կինը։
Իհարկե, նեգատիվի անհավանական խտացում կա Երկրում, պատճառը՝ սիրո պակասն ու սեփական կյանքի, զբաղվածության չլինելը, երևի արտագաղթն էլ մեծապես ՆԱԵՎ դրա պատճառով է (սոցիալական խնդիր չունեցողներն են արդեն մեծ հուսահատություն ապրում, գումարի հարց չէ)
Դադարել ենք տողատակը տեսնել ու հասկանալ ենթատեքստը։
Ֆուտբոլի հավաքականի նկատմամբ (և ոչ միայն) մեր ագրեսիայի մասին գրել էի դեռ 4-5 տարի առաջ. ինձ թաղեցին այդ օրը, փոխարենը ձեռք բերեցի հատուկենտ խելացի ընկերներ, որոնցից սովորում եմ մինչ օրս։
Ամեն անգրագետ ու անկարող իրավունք ունի այսօր քննադատելու կամ ուղղակի հայհոյելու ԿԱՐՈՂ ու Գործող մեկին միայն նրա համար, որ նա անկարող չէ։ Արդեն վատ է։ Օբյեկտիվ չի կարող լինել մողեսը թռչող բազեի նկատմամբ։
Սուտ բարձրագույնավարտների շքերթ է, փոխարենը ԱՐՀԵՍՏԸ խթանենք ու հպարտությամբ լինենք որակով արհեստավոր, քան անհասկանալի, ծակ պրոֆեսոր։
Մարդկանց բաժանում ենք 2 կատեգորիայի՝ գեշ ու սիրուն կամ լավ ու վատ (լղոզված, անհասկանալի չափորոշիչ)։ Օրենք չենք հարգում կամ պահում. ուրեմն՝ դիմացինը վատն է, որովհետև չօգնեց անօրինական գործընթացում...
Տառակերության պատճառով բացառիկ արագությամբ հետընթաց ենք ապրում։
Քանի դեռ տարրական կենցաղային, քաղաքային կամ գյուղական, ճանապարհային կամ օդային պայմանների հարցերը չեն լուծվել, էս բոլոր հարցերը որդերի պես ուտելու են մեզ ներսից, քայքայումն էլ վարակիչ է։

Արթուր Եղիազարյան, զինվորական ավագ դասախոս

Արթուր Եղիազարյան, զինվորական ավագ դասախոս
Իսկ իրականում այս ամենից շահեց Լիանա Զուրաբյանը։ Ինչ քննարկվեց, ինչ առաջարկվեց, ինչ ծաղրվեց՝ կմնա անցյալում, բայց նրան ճանաչեցին շատ շատերը։ Իսկ իր կրծքակաթնակեր - մինչ լուսաբաց անդադար տրվելացանկասեր տարփալի ասմունքը, վստահ եմ, որ նոր հաստավզափորախառը խորովածաքյաբաբածամ կլիենտուրա հավաքեց (որոնց պակասը չկա), որոնք անկարող գեղեցիկ սիրո արվեստում՝ խոզի բութ ու անկուշտ հայացքով, հերթափոխ լափասեղանների շուրջ, կբավարարեն իրենց երևակայական, բայց անասնական սեքսակարոտ բնազդները։

Հարություն Մկրտչյան, օգտատեր

Հարություն Մկրտչյան, օգտատեր

Տեսանկարահանող սարքերի կարևորությունը զգացիք չէ:
Պատկերացրեք չլինեին այդ սարքերը: Ոչ ոք չէր հավատա, որ ասմունքող, հայ մայր, համարյա սուրբ Լիանա Զուրաբյանը իրեն այդպես է պահել:
Ավելին, հիմա բոլոր նրանք ովքեր բոցեր են անում ասմունքողի վրա, բառի բուն իմաստով թաղելու էին ՃՈ-ին և կանգնելու էին համարյա սուրբ Լիանա Զուրաբյանի կողքին...
Իսկ տեսախցիկները, ցավոք լավ բան են, դրանք ներկայացնում են իրականությունը:
Իրականությունն այն է, որ այս անգամ ՃՈ-ն մեղավոր չէր, իսկ համարյա սուրբ Լիանա Զուրաբյանը... չէ, նրա մասին կարծիք չեմ հայտնի, նա կին է, ես՝ տղամարդ, տգեղ կլինի, որ ես վատ բան ասեմ:

Աշոտ Ասատրյան, ակտիվիստ

Աշոտ Ասատրյան, ակտիվիստ
Հա, բայց ասմունքողի նման պահվածքից ինչի՞ եք զարմանում: Ով ինչ անում է՝ միանգամից փառքին ենք գամում ու նստեցնում ենք գլխներիս, իրենց էլ թվում է, թե արդեն ոտքերներն ամպոտ են ու կարեղ են թքել պետության վրա: Մարդիկ արդեն նույն երկնքի տակ ապրելը համարում են մյուսների հանդեպ բարեգործություն, որ պատիվ են ընձեռել մեզ իրենց հետ նույն օդը շնչենք: Մեկը մեկից ունիկալ երևույթներ են, մեկը մեկից աստղայինը տարած, բայց ոչ մեկ իրենից բան չի ներկայացնում:
50625 | 1